Լրահոս
Օրվա լրահոսը

1000 ստորագրություն՝ 5 ժամում

Ապրիլ 13,1999 00:00
Agvan Vardanyan

Սովորաբար բոլորից տարբեր բնավորություն է դրսեւորում լրագրող Աղվան Վարդանյանը։ Իբրեւ պատգամավորության թեկնածու, նա էլի տարբեր էր բոլորից։ Եթե մյուսները մի քանի օր շարունակ հավաքում են իրենց անհրաժեշտ 500 ստորագրությունը ու այդպես էլ չեն հավաքում, ապա այդ հարցը Աղվան Վարդանյանը լուծեց հաշված ժամերի ընթացքում։

Նրա թիմը գործունեություն սկսեց ծավալել շաբաթ օրը՝ հավաքվելով կեսօրին մոտ։ Բաժանելով ընտրատարածքն ըստ տեղամասերի եւ ըստ շենքերի, երկուական ներկայացուցիչներով, ստորագրությունների պաշտոնաթերթիկները ձեռքներին, նրա թիմակիցները սկսեցին տնետուն անցնել։ Մենք եւս ընկերացանք այդ խմբերից մեկին։ Կարելի է ասել, որ, այո, դեպուտատության թեկնածու Աղվան Վարդանյանից ժողովուրդը որոշակի սպասելիքներ ունի։ Մեկ-երկու տեղ եղավ նույնիսկ, որ ասացին՝ մենք արդեն ընտրել ենք Աղվանին։ Կուսակցական ցուցակների համակրության իմաստով, իհարկե, շահեկան դիրքում Կարեն Դեմիրճյանն է, եւ այս առումով էլ կարելի է առանձնացնել մի շիկահեր կնոջ ասածը՝ թե ես ընտրելու եմ Դեմիրճյանին եւ Աղվանին։ Ինչպես տեսնում եք, վերջինիս գործերն ամենեւին էլ վատ չեն, նույնիսկ ընդհակառակը՝ բավականին լավ են։

Եվ դա պատահական չէ։ Մարդիկ ճանաչում են Աղվան Վարդանյանին։ Հիշում են նրան, մանավանդ, իբրեւ «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր, որը հայ նորօրյա պատմության մեջ աննախադեպ տպաքանակ գրանցեց՝ հատելով 55 հազարի սահմանագիծը։ Թվում է, թե մամուլը ամենեւին էլ ազդեցություն չունի հասարակական կյանքի վրա, սակայն պարզվում է՝ այդպես չէ։

Աղվան Վարդանյանին հիշում են նաեւ իբրեւ «Երեւան» տեղեկատվական կենտրոնի գլխավոր տնօրեն, մանավանդ՝ 1996-ի նախագահական ընտրությունների շրջանակում։ Երբ՝ ամբողջ մամուլը, չնչին բացառություններով, գրեթե ջուր էր առել բերանը, եւ միայն «Երեւան» տեղեկատվական կենտրոնն էր, որ աշխատում էր, չնայած դրսում համարյա պարետային ժամ էր։

Աղվան Վարդանյանին հիշում են նաեւ 1998-ի նախագահական ընտրություններից։ Այս առումով եւ դրական խոսք է ասվում, եւ, սրա կողքին էլ, կան բազմաթիվ հարցադրումներ։

Մի խոսքով, 4-5 ժամ հետո վերադառնալով թիվ 126 դպրոց, որտեղից իր գործունեությունն էր իրականացնում Աղվան Վարդանյանի նախընտրական թիմը, արձանագրեցինք, որ գրեթե բոլորն էլ վերադարձել են առատ հունձքով։ Նրանք բերել էին ընդհանուր թվով շուրջ հազար ստորագրություն։ Եվ այդ ամենը ընդամենը մի քանի ժամում։ Իսկ Աղվան Վարդանյանը համակիրներ շատ ունի։ Միանգամից հիսուն մարդ էր ներգրավվել նրա ստորագրահավաքի գործին։ Այդ թվում եւ՝ դաշնակցականներ։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930