Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ՇՏԱԲԸ ԳՈՐԾՈՒՄ Է

Ապրիլ 13,1999 00:00
Armen khachatryan

Նախընթաց օրերին մի քանի նիստ է գումարել Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ստեղծած «Միասնություն» դաշինքը եւ կազմավորել նախընտրական շտաբ։ Այն ղեկավարվելու է հավասարությամբ՝ Ժողովրդական եւ Հանրապետական կուսակցությունների համարժեք ներկայությամբ։ Կենտրոնական շտաբն, ասենք, բաղկացած է 16 անդամից, որում ընդգրկված են ութական հանրապետական եւ ժողովրդական։

Շտաբի աշխատանքներն էլ կազմակերպվելու են համանախագահությամբ՝ ՀԺԿ-ից վարչության քարտուղար Արմեն Խաչատրյանի եւ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի միջոցով։ Վերջինս համակարգելու է կազմակերպչական, իսկ ՀԺԿ ներկայացուցիչը՝ գաղափարախոսական, քարոզչական, վերլուծական աշխատանքները։

– Իսկ ինչո՞ւ եք հավասար ներկայության տարբերակն ընտրել, ի՞նչ է, միմյանց չե՞ք վստահում,- այս հարցադրումով էլ սկսեցինք զրույցը «Միասնություն» դաշինքի նախընտրական շտաբի համանախագահ Արմեն Խաչատրյանի հետ. «Եթե մենք իրար չվստահենք, առաջին հերթին ինքներս մեզ կվնասենք։ Ժողովրդի մեջ տարակուսանք էլ կա, թե «Միասնություն» դաշինքից ՀԺԿ-ի եւ Կարեն Դեմիրճյանի վարկը կտուժի։ Ես մերժում եմ այդ տեսակետը»։ Մեր հաջորդ հարցը Արմեն Խաչատրյանին՝ հետեւյալն էր. ի՞նչ դիրքորոշում ունի ՀԺԿ-ն, երբ ուժայիններն են զբաղվում քաղաքականությամբ. «Ընդհանրապես, ուժային նախարարները, նախարարությունները չպիտի զբաղվեն քաղաքականությամբ։ Սա նաեւ պետք է արգելվի։ Բայց նաեւ՝ մեր երկիրն առայժմ գտնվում է այնպիսի ծանր վիճակում, որ յուրաքանչյուր քաղաքացի մտահոգ է նրա ապագայով։ Այս իմաստով, չընդունելով հանդերձ, հասկանում եմ, թե ինչու են ուժային նախարարները զբաղվում քաղաքականությամբ»։ Արմեն Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ հաստատապես կգա այն օրը, երբ յուրաքանչյուրը կզբաղվի բացառապես իր գործով։

– Հանրապետական-երկրապահական շրջանակները վատ քողարկված չկամությամբ են խոսում այն իրողության մասին, որ ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը նույնպես հովանավորում է քաղաքական մեկ միավորի։ Արդյո՞ք ՀԺԿ-ն համակարծիք է իր դաշնակիցների հետ։

– Եթե դա հավաստվել է, իսկ ես այդ հարցից այնքան էլ քաջատեղյակ չեմ, ինքս նույնպես բացասաբար եմ գնահատում այդ երեւույթը եւ կարծում եմ, որ Սամվել Բաբայանն ավելի լուրջ մտահոգություններ ունի իր պոստում, քան Հայաստանի պառլամենտում պատգամավորներ ունենալն ու նրանց հովանավորելն է։

– Այդ դեպքում, հասկանալի չի դառնում, ինչո՞ւ մյուս ուժայիններին քաղաքականության մեջ ակտիվ դերակատարություն ունենալ կարելի է, իսկ Սամվել Բաբայանին՝ ոչ. «Այստեղ խնդիրը մի քիչ ավելի բարդ է։ Կարծում եմ, որ այսօր պետք է հասկանալ մեր դաշինքի քաղաքական, ռազմավարական մեծ նշանակությունը։ Այն միտված է Հայաստանի ստրատեգիական խնդիրների լուծմանը»։

– Մի հարց էլ տամ, պարոն Խաչատրյան։ Անցյալ տարվա նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի կողմնակիցների վրա ճնշումներ գործադրողները հատկապես հանրապետականներն են եղել, այդ ինչպե՞ս պատահեց, որ հիմա միասնական դաշինք է կազմվել։

Պատասխանն այսպիսին էր՝ ե՛ւ ՀԺԿ-ն, ե՛ւ ՀՀԿ-ն նպատակադրված են երկրում ժողովրդավարություն հաստատելուն, երկուսն էլ նախանձախնդիր են իրավական պետության ստեղծման եւ օրենքի գերակայության հարցում, երկու ուժն էլ կողմ են շուկայական հարաբերություններին, սեփականության բազմակացութաձեւությանը՝ միաժամանակ պաշտպանելով պետական վերահսկողության ավելի ընդլայնման գաղափարը, երկուսն էլ խիստ կարեւորում են պետության անվտանգության խնդիրը, Հայաստանի քաղաքական դերի բարձրացման անհրաժեշտությունը եւ այդ հիմքի վրա Արցախի հարցի արդարացի լուծումը. «Այս բոլոր իրողությունների հիմքի վրա էլ խաչմերուկվեցին մեր կուսակցությունների ճանապարհները, եւ մենք կարողացանք վեր գտնվել մեր զգացմունքներից, կարողացանք պետական մտայնություն դրսեւորել, ենթադասել մեր զգացմունքները պետականության շահերին եւ երկուսով առավել զորացած հանդես կգանք ընտրարշավում։ ՀԺԿ-ն ու նրա նախագահ Կարեն Դեմիրճյանը երբեք չեն շեղվել իրենց քաղաքական գծից, չեն հրաժարվել իրենց նկարագրից։ Եթե հարկ լինի քննադատել, մենք կքննադատենք ընդհուպ մինչեւ նախագահին»։

Արմեն Խաչատրյանը ժողովրդական եւ հանրապետական կուսակցությունների դաշինքը կարեւորում է այլ հիմքերով եւս. «Այժմ ժողովրդի գոնե մի մասի միասնությունն ապահովված է, կայունությունը երկրում՝ ապահովված է ու կա ազատ եւ արդար ընտրությունների երաշխիք»։

Այս ամենը, մեր զրուցակցի մատուցմամբ, հնարավորություն կտա հաղթահարել ժողովրդի եւ իշխանության միջեւ գոյություն ունեցող վիհը։

Մեր զրույցի վերջաբանում Արմեն Խաչատրյանի հետ անդրադարձանք առաջիկա ընտրությունների՝ արդար եւ ազատ անցկացվելու խնդրին։ Ինչպե՞ս կվերաբերի ՀԺԿ-ն ընտրությունները կեղծելու փորձին։

– Կարեն Դեմիրճյանի ամենախիստ պահանջներից մեկն էլ ի սկզբանե այն է եղել, որ այս ընտրությունները պետք է անցկացվեն ազատ եւ արդար։ Հիմա մենք ստեղծում ենք այն կառույցը, որը պետք է պրոպագանդի ազատ եւ արդար ընտրությունների կարեւորությունը եւ խստագույնս պայքարի կեղծիքների դեմ։ Այլեւս նահանջի տեղ չունենք։ Այս հոգեկան ճգնաժամից պետք է դուրս գանք։ Այլապես ընտրությունների քվեն թիկունքին չունեցող պաշտոնյան իրապես ամուր հողի վրա կանգնած չի լինում, ուստի նա քաղաքական շատ կարճ ժամանակահատված կարող է տնօրինել եւ այն էլ՝ անվստահության մթնոլորտում։ Բոլոր ատյաններում էլ պաշտոնյաները պետք է լինեն լեգիտիմ։ Այդ պատճառով ենք նաեւ մենք համախմբվել՝ ազատ, արդար, ճշմարիտ ընտրությունների ճամապարհով լեգիտիմացնելու խորհրդարանը, ազնվորեն ընտրելու յուրաքանչյուր պատգամավորի։

– Կարելի է ձեր ասածներից հասկանալ, որ «Միասնություն» դաշինքն ուղղված է Ռոբերտ Քոչարյանի դեմ։

– Մեր դաշինքը ուղղված չէ որեւէ մեկի դեմ։ Այն հիմնված է «հանուն» սկզբունքի վրա։ Մեր ջանքերը նպատակաուղղվելու են պետականության կայացմանը, պրեզիդենտական կամ պառլամենտական ինստիտուտի կայացմանը եւ ոչ թե որեւէ անձի պաշտպանությանը։

Մերժում եմ նաեւ այն գաղափարը, որ ընտրվելիք պառլամենտը պրեզիդենտինը, վարչապետինը կամ որեւէ մեկինը պիտի լինի։ Ընդհակառակը՝ այն պետք է լինի ինքնուրույն, քաղաքական հակակշիռ՝ կազմավորված այն մարդկանցից, որոնք իրապես խելացի օրենքներ կմշակեն։ Պառլամենտը պիտի լինի անկախ, իշխանական հզոր թեւ, որը գրագետ որոշումներ եւ հստակ մեխանիզմներ արարելով՝ կստեղծի այն համակարգը, որը երկիրը կդարձնի իրավական, եւ օրենքը կգործի հօգուտ մարդու։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930