Լրահոս
Օրվա լրահոսը

Նա եկավ որպես խորհրդական

Ապրիլ 13,1999 00:00
Aram Sargsyan

Քարոզարշավին մնացել են հաշված օրեր

Ապագա բժիշկներին քաղաքականությունն այնքան է հետաքրքրում, որքան կույր աղիքի վիրահատության տեխնիկան՝ քաղաքական գործիչներին։ Բժշկական համալսարանում երեկ ուսանողներին հանդիպեց ՀՀ նախագահի խորհրդական (արտաքին հարաբերությունների գծով), Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը։ Առաջին տպավորությունն այն էր, որ ուսանողներին դահլիճ էին բերել «զոռով», քանի որ ժամը 15-ին (հանդիպման նախօրոք նշանակված ժամին) դահլիճը լրիվ դատարկ էր։ 15-20 րոպեի ընթացքում խումբ-խումբ ուսանողներ էին ներս բերվում։ Նրանք փորձում էին մյուս դռնից դուրս գալ, բայց բան դուրս չէր գալիս՝ երկու դռներն էլ աչալրջորեն պահպանվում էին։ Ի փառս բժշկական համալսարանի ղեկավարության, հարկ է արձանագրել, որ դահլիճի լիքությունը ապահովվեց 95%-ով։

Հանդիպումը, հասկանալի է, հեռավոր կապ անգամ չուներ նախընտրական քարոզարշավի հետ։ Օրենք կա, կարգ ու կանոն կա վերջապես, քարոզարշավը կսկսվի ապրիլի 25-ից, իսկ մինչ այդ՝ պատգամավորացուները այլեւայլ ձեւեր են գտնում որեւէ լսարանի առաջ իրենց ցուցադրելու։ ՀՀ նախագահի խորհրդականի համար այդ բանն ավելի հեշտ էր անել։ Համալսարանի ռեկտոր Վ. Հակոբյանը հյուրին ներկայացրեց եւ չմոռացավ ասել, թե ինքը ինչ հեռավորության վրա է քաղաքականությունից՝ հեռո՜ւ։ Բայց իրենց դահլիճը խորհրդարանի դահլիճի նմանեցնելով, ուրախացավ, որ «չորրորդ խոսափող չկա»։ Ամենայն հավանականությամբ Արշակ Սադոյանն այս համալսարանում չի հյուրընկալվի։

Իսկ նախագահի խորհրդական Արամ Սարգսյանը «դավին անտեղյակ, ցավին՝ անտարբեր» բարեւեց պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողությանը եւ անցավ բուն նյութին՝ արտաքին քաղաքականությանը։ Չմոռացավ հիշել նախորդ նախագահի հայտարարությունը՝ «պատերազմի կուսակցության» գալստյան մասին եւ ասաց մոտավորապես՝ տեսա՞ք ոչ մի պատերազմող կուսակցություն էլ չի եկել, իսկ «այս մեկ տարվա ընթացքում Հայաստանը, եթե նկատում եք, հանդես է գալիս որպես նախաձեռնող կողմ, իր իմիջը փոխվել է»։ Խորհրդականը մի քիչ էլ խոսեց «Տրասեկա» ծրագրի մասին։ Ասվեց, որ Հայաստանի առաջարկություններն, այս ծրագրի հետ կապված, հաշվի են առնվում։

Ըստ պրն Սարգսյանի. «Աշխարհը հասկացավ, որ Հայաստանն ունի իր ռազմական շահերը եւ ինքը (աշխարհը- Մ. Ե.) չի կարող պարտադրել իր շահերը»։ Հասկանալի է, որ Կոսովոյի հարցը ծանր ու թեթեւ արվող կարեւոր թեման էր։ ՀՀ նախագահը պետք է մասնակցի ՆԱՏՕ-ի 50-ամյակի միջոցառմանը։ Ինչո՞ւ չմասնակցի։ Ճիշտ է, «ՆԱՏՕ-ն խախտեց ե՛ւ իր, ե՛ւ ՄԱԿ-ի կանոնադրությունը», բայց Հայաստանը չի կարող մեկուսացված լինել, այն շատ լավ է պատկերացնում իր տեղն ու դերը եւ չի կարող հեռու մնալ «այդպիսի մեծ ֆորումից». «Այսօրվա իրավիճակում նախագահի այցը Վաշինգթոն թելադրվում է, գուցե մեկ շաբաթ հետո փոխվի։ (…) Եթե չգնանք, մեզ ենք վնասելու, ուրեմն միշտ պետք է հաշվի առնել առաջին հերթին պետության անվտանգության խնդիրները։ (…) Մասնակցելը չի նշանակում, որ մենք հավանություն ենք տալիս ՆԱՏՕ-ի քաղաքականությանը, ընդհակառակը, մենք դատապարտում ենք այդպիսի գործողությունները եւ կոչ ենք անում միայն բանակցություններով գալ համաձայնության»։

Արամ Սարգսյանի կարծիքով, «Ղարաբաղի հետ կապված իրավիճակն այլ է», եւ Ղարաբաղում այդպիսի քայլ չի կարող արվել։ Եվ այլ պատճառների շարքում ասվեց, որ Կովկասում են կենտրոնացվել բազմաթիվ գերտերությունների շահերը, եւ այստեղ աշխարհը պետք է որ ավելի զգույշ լինի։ Պրն խորհրդականի այլ մտքերի չենք անդրադառնա, քանի որ վերջերս՝ որպես Դեմկուսի ղեկավար հրավիրած ասուլիսում դրանք բերնեբերան շոշափվել են։ Ոչինչ նոր բան չասվեց։ Հանդիպման ընթացքում կամաց-կամաց ծլկող ուսանողների անունները ռեկտորը խնդրեց հետո իրեն ներկայացնել։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930