Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱԶՈԽԻԶՄԻ ԳՐԿՈՒՄ

Ապրիլ 13,1999 00:00
erjanik abgaryan

1998-ին տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում իշխանությունը կաշառակեր եւ ապազգային հհշականներից անցավ անկաշառ սիմականներին եւ ազգային դաշնակցականներին։

Մեր ժողովրդի վիճակը օր-օրի սկսեց լավանալ։ Հայաստանում 100 միլիոն դոլարի ծրագիր սկսեց իրականացնել ամերիկահայ Հովնանյանը, նույնքան գումարի վարկային ծրագիր սկսեց Քըրք Քըրքորյանը, Հայաստանում հայտնաբերվեցին նավթի եւ գազի հանքեր (դրանց մասին գիտեին նաեւ նախկինում, սակայն նախկին իշխանությունները թաքցնում էին), «Ջեներալ մոթորզ» կորպորացիան Հայաստանի «Երազ» գործարանում սկսեց «Շեւրոլետների» արտադրություն, եւ նույն գործարանի մի այլ անկյունում մեքենաներ էր արտադրում նաեւ «Մոսկվիչ» ֆիրման։ Բազմաթիվ այլ ընկերություններ եւս հազարավոր աշխատատեղեր էին ստեղծում Հայաստանում՝ մրցակցության մեջ մտնելով միմյանց հետ։ Դադարել է արտագաղթը։ Դրա փոխարեն, տնտեսության կլանայնության պատճառով Հայաստանը լքած եւ օտար երկրներ շենացնող հազարավոր հայ գործարարներ իրենց կապիտալներն են տեղափոխում Հայաստան՝ զարկ տալով հայրենական արդյունաբերության զարգացմանը։ Մեկ տարվա համար կարծես թե քիչ չէ, թեեւ կարելի էր անել ավելին, եթե չլինեին նախկին իշխանությունների մնացորդ հանցագործ տարրերը։ Նոր իշխանությունների գաղափարախոսական հենարան ՀՅԴ-ն արդեն հասել է Վանո Սիրադեղյանի եւ Աշոտ Բլեյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելուն։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը նշեց հաջորդ թիրախներին։

Այդ հաջորդներից մեկը Երջանիկ Աբգարյանն է, որին մենք որոշեցինք ձերբակալվելուց առաջ վերջին խոսքի հնարավորություն տալ՝ խնդրելով գնահատել անցած մեկ տարին։

– Վանո Սիրադեղյանի, Աշոտ Բլեյանի դեմ հարուցված քրեական գործերը, ձեր եւ ՀՀՇ մյուս անդամների դեմ արվող հայտարարությունները, քաղաքական միջավայրը քրեական տարրերից մաքրելու միտո՞ւմ է, թե՞ քաղաքական ճնշումների փորձ։

– Որեւէ ճնշում չեմ զգացել։ Չգիտեմ Վանո Սիրադեղյանն ինչպիսի խնդիրներ ուներ օրինապահ մարմինների հետ, սակայն Աշոտ Բլեյանի ազնվությանը չեմ կասկածում։ Իսկ շարունակություններ ստեղծելով, իշխանամետ ուժերը ցույց են տալիս, որ դա քաղաքական հիմք ունի։ Դա քաղաքականություն է Շարժման գաղափարախոսության եւ դրա կրողներին գործնականում շարքից հանելու, եւ Հայ դատի գաղափարախոսության վերջնական հաղթանակի համար։ Փոխարենը հեղինակազրկելու, բանսարկություններով զբաղվելու, Վ. Հովհաննիսյանը ճիշտ կաներ այդ նյութերը հանձներ դատախազությանը։

– Իսկ ի՞նչ է, սխա՞լ է Հայ դատը պաշտպանելը։

– Բացարձակապես սխալ եմ համարում։ Որպես քաղաքացի, մենք կարող ենք խոսել դրա մասին, իսկ իբրեւ պետություն, պաշտպանելով այդ գաղափարախոսությունը, վտանգում ենք մեր ազգային անվտանգությունը, այս ժողովրդի ապագան։ Մենք հակասությունների մեջ ենք մտնում մեր բոլոր հարեւանների հետ։

– Ցանկացած իշխանություն հոգում է իր իրավահաջորդի մասին։ Մի՞թե առաջին մեղավորները դուք չեք, որ ձեր իրավահաջորդները կարող են վտանգել մեր ազգային անվտանգությունը կամ ժողովրդի ապագան։

– Ո՛չ, ես հհշական իշխանության ձեռքբերումն եմ համարում, որ Վահան Հովհաննիսյանն այսօր հնարավորություն ունի արտահայտվելու։ Ցավոք, մեզ չհաջողվեց ստեղծել այնպիսի նոր ուժ, որը իշխանության գալով, քաղաքականության մեջ արմատական փոփոխություն չմտցներ։ Վտանգավոր բան է ստացվել, իհարկե, եւ ժողովուրդը կրկին գլորվեց 200 տարի հնացած գաղափարախոսության գիրկը։ Տանջվածության, չարչարվածության, մազոխիզմի գաղափարախոսության, որը բողոք է, սակայն ընդունակ չէ որեւէ պրակտիկ բանի։ Դաշնակցությունը չի կարող ցույց տալ որեւէ հաղթանակ, այդպիսի դեպք չկա պատմության մեջ։ Մեզ մազոխիզմի հատկությունները շատ յուրահատուկ են։ Մեր հակառակորդներն էլ են դա ասում, բայց դրա մեջ ճշմարտություն կա։ Մենք շատ ենք սիրում ճնշված, ծեծված, լլկված լինել, բայց դա կյանքի ճանապարհ չէ։

– Ի՞նչն էր պատճառը, որ Վահան Հովհաննիսյանը հաջորդը տեսնում է Ձեզ։

– Արդեն նշել եմ, որ ես ՀՀՇ ակտիվ անդամներից եմ եղել, եւ պայքարել եմ ՀՀՇ գաղափարախոսության համար։ Առաջին խնդիրը ՀՀՇ-ն վարկաբեկելն ու ոչնչացնելն է, երկրորդը՝ մանր անձնական վրիժառության հարց է լուծվում։ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ նրա վրեժխնդրական նկրտումները լուծելու համար նա փորձում է վարկաբեկել նրա շրջապատը։ Այժմ հեշտ է խոսել մարդկանց մասին, որոնք ղեկավարել են տնտեսական կառույցներ։ Ինչո՞ւ չեն խոսում, այդ նույն ժամանակ, տնտեսական այլ համակարգի ղեկավարների մասին, որոնք ՀՀՇ անդամ չեն եղել։

– Նկատի ունեք Արտաշես Թումանյանի՞ն, որը ՀՅԴ համամասնական ցուցակում տասներորդն է։

– Նաեւ…

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930