Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԺ»-Ն «ԽՈՍՐՈՎԻ ԺԱՄԸ» ՉԷ

Ապրիլ 13,1999 00:00
Yuri Baxshyan

ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը հերքեց այն հայտարարությունները, թե «Խորհրդարանական ժամ» հաղորդման վրա գրաքննություն է հաստատվել. «Ընդունված պայմանավորվածությունների շրջանակներում յուրաքանչյուրն ազատ է արտահայտելու իր տեսակետը»։ «Առավոտին» հիշեցրեց, որ այդ հաղորդմանն առնչվող հարցերն ի սկզբանե կանոնակարգված են եղել եւ սահմանված, որ «ԽԺ»-ի թեման որոշվում է ԱԺ նախագահի հրավիրած խորհրդակցության ընթացքում, որին պիտի մասնակցեն խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչները։

ՀԱՐՑԻՑ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՐԵՆ ԽՈՒՅՍ ՏՎԵՑ

levon mkrtchyan

«Առավոտը» փորձեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի տեսակետը պարզել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի այս հայտարարության վերաբերյալ. «Ես ընդհանրապես չեմ խրախուսում մեր կառավարությունը՝ ոտից գլուխ»։ Քանզի որեւէ բացառություն չէր արվել, ուստիեւ այս գնահատականը վերաբերում է նաեւ դաշնակցական նախարարների գործունեությանը։ Մեր այս դիտողությանն ի պատասխան պրն Մկրտչյանն ասաց. «Տեքստին ծանոթ չեմ, թե ինչ է ասվել։ Բայց ես միշտ քննադատությանը դրական եմ վերաբերվում, եթե այն հիմքեր ունի»։

ԿՔՎԵԱՐԿԻ ՈՒ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ

samson kazaryan

«Առավոտի» հարցին, թե քանի որ շարունակում է ԱԺ նիստերին հաճախել, ուստի փոխե՞լ է պատգամավորական լիազորություններից հրաժարվելու մտադրությունը՝ Սամսոն Ղազարյանը պատասխանեց. «Առանձնապես չեմ մտքափոխվել, բայց էլեկտրաէներգիայի սակագների սառեցման օրինագծի առնչությամբ գործընկերներս խնդրել են առայժմ ձեռնպահ մնալ մտադրությանս իրականացումից»։ ԴԵՊԻ ԿԸՀ «Օրինաց երկիր» կուսակցությունը երեկ «նշեց» ստորագրահավաքի «հաղթական» ավարտը։ Ինչպես տեղեկացրեց նախընտրական շտաբի նախագահի տեղակալ Թամարա Պողոսյանը՝ կուսակցության հավաքած 130 հազար ստորագրություններն այսօր կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հիշեցնենք, որ «Օրինաց երկիրը» ԿԸՀ-ից ստացել է 700 պաշտոնաթերթիկ։

ԱՆՀՆԱՐԻՆՆ ԱԿՆՀԱՅՏ

Vano Siradexyan

Իրազեկ անձանց վկայությունների համաձայն՝ Վանո Սիրադեղյանը վերադառնալու է ապրիլի 27-ին։

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Tatul Manaseryan

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը, փոխներկայացուցիչ Արմեն Ռոստոմյանը եւ ԳՄ-ի տնտեսական հանձնախմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը երեկ հանդիպել են Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության անդամներին՝ միության նախագահ Արամ Վարդանյանի գլխավորությամբ։ Այս մասին ավետող ՀՅԴ-ի հաղորդագրությունը, «երկրի տնտեսությանն առնչվող առանցքային խնդիրների» քննարկումներից զատ, մի առավել լուրջ ավետիս էլ է պարունակում, ըստ որի Արդյունաբերողների եւ գործարարների միությունն ԱԺ-ի առաջիկա ընտրություններում պաշտպանելու է Թաթուլ Մանասերյանին։ Հավանաբար գործարարներին ու արդյունաբերողներին հուզել է Վահան Հովհաննիսյանի խոստում-հավաստիացումը, թե ՀՅԴ-ն լրջորեն է մոտենում տնտեսական հարցերին, եւ դրանք կհետապնդեն նորընտիր ԱԺ-ում։ Փաստորեն, ՀՅԴ-ն հե՛չ չի կասկածում իր հաջող մուտքին ԱԺ։ Գործարարներն էլ կորցնելու բան չունեն, մանավանդ որ աջակցությունը բացառապես բարոյական է։ Բայց եւ ՀՅԴ-ն, եւ գործարարների պաշտպանյալ Թաթուլ Մանասերյանը ֆինանսական աջակցության կարիք առանձնապես երեւի չունեն։ Ասում են, որ հենց պարոն Մանասերյանն է Հայաստանում Դեմիս Ռուսոսի համերգների կազմակերպիչը։ Անտեղյակներին լուսավորենք, որ պրոֆեսորը միայն քսաներկուերորդն է ՀՅԴ-ի համամասնական ցուցակում, բայց մեծամասնական կարգով, այնուամենայնիվ, չի առաջադրվել։

ՄԵՐ ԽԵԼՔԸ ՄԵԶ ՀԵՏ Է

sxal

Մեր թերթի նախորդ համարում «ԱԻՄ+» դաշինքի ԿԸՀ ներկայացրած պաշտոնաթերթիկների թիվը սխալ է տպագրվել, պետք է լիներ՝ 38099։ Դրան հաջորդած նախադասությունում «Պաշտոնաթերթիկները վերադարձնելու ցանկություն է հայտնել նաեւ «Օրինաց երկիրը», մեր ընթերցողներից հատկապես լրագրողները չեն նկատել «նաեւ» բառը։ Կամ չեն ուզեցել նկատել եւ հասկացել են այնպես, թե «Օրինաց երկիրը» չի բաշարել ստորագրություններ հավաքել եւ հիմա վերադարձնում է դատարկ պաշտոնաթերթիկները։ Պետք չէ ցանկալին իրականի տեղ ընդունել։

ZOO-ՌԱԴԻՈ

zoo

Ազգային ռադիոյի բակի ավազանում երեկվանից բնակվում են 6 բադ եւ ձկներ։ Բադերը (ամենեւին ոչ գրիլի նպատակով) գնել է ռադիոընկերության ղեկավարությունը։ Ռադիոյի ֆաունան շուտով ավելի բազմաբղետ կդառնա. բադերին կընկերակցեն նաեւ կարապները։ Ըստ ռադիոյի ղեկավարների՝ այդ մթնոլորտը կօգնի նաեւ աշխատակիցների երեւակայության թռիչքներին։ Կոկորդիլոսներ եւ գետաձիեր գոնե մինչեւ մայիսի 30-ը Ազգային ռադիոյի տարածքում չեն հայտնվի։

ԳՐԵԹԵ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ

khachatur Suqiasyan

«Սիլ» ընկերության նախագահ Խաչատուր Սուքիասյանի նախընտրական շտաբը մտադիր է նոր որակի ընտրարշավ անցկացնել։ Բացի այն, որ պատգամավորության այս թեկնածուն դիմել է իմիջմեյքըրների՝ «Իմիջ սերվիսի» օգնությանը, նաեւ գովազդային թերթիկներն են մտադիր ոչ պատերի եւ սյուների, այլ հատուկ վահանակների վրա տեղադրել։ Գործելու են նաեւ քարոզչության մոնիտորինգի, համակարգչային եւ այլ խմբեր։

ՊԱՌԱՎԱՔԱՐ-2

Aramazd Zaqaryan

«Միասնություն» դաշինքի ցուցակից, որում ինքը 24-րդն է, սեփական դիմումի համաձայն, դուրս է գալու երկրապահ Արամազդ Զաքարյանը, որը մեծամասնական ընտրակարգով քվեարկվելու է Տավուշի մարզում։ Մարտի 13-ին Արամազդ Զաքարյանը մամլո ասուլիս կանի եւ կբացատրի հրաժարման պատճառը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930