«Ռոյթըր» գործակալության հաղորդման համաձայն՝ Գառնիկ Նանագուլյանն ընդգրկվել է «Ինտերգոլդի» տնօրենների խորհրդում։ Հիշեցնենք, որ արդյունաբերության, առեւտրի եւ զբոսաշրջիկության նախարարի պաշտոնից Գառնիկ Նանագուլյանն անցած տարի հրաժարական էր տվել՝ մասնավորապես պատճառաբանելով առողջական խնդիրները։
ԷՍ Ի՜ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ ԱԽՊԵՐՆԵՐՈՎ
«Ազատություն» կուսակցության ցուցակը գլխավորում է, բնականաբար, Հրանտ Բագրատյանը, որը ներկայացված է նաեւ որպես 1995 թ. տարվա մարդ, 1999 հազարամյակի մարդ եւ այլն («Մենք+», 9-ը ապրիլի)։ Ի դեպ, ցուցակում չորրորդը Արսեն Բագրատյանն է, որի նվաճումները եղբոր համեմատ շատ համեստ են՝ ընդամենը Երեւանի անշարժ գույքի կադաստր «Կենտրոն» ՊՓԲԸ-ի (ընդունված անվանումով՝ Ինվենտբյուրոյի) գործադիր տնօրեն։ Ցուցակում ընդգրկված են նաեւ նրա տեղակալն ու գլխավոր մասնագետը։
Կարդացեք նաև
«ՂԱԼԱԹ ԵՆՔ ԱՐԵԼ» ՇԱՐՔԻՑ
ԱԺ-ում վարչապետի՝ «Երկրապահին» գովաբանող եւ ՀՀՇ-ին վատաբանող երեկվա ելույթից հետո Հովհաննես Իգիթյանը հայտարարեց. «Ես հիշում եմ պրն Դարբինյանի ավելի լավ ելույթներ, որտեղ ինքը գովաբանում էր ՀՀՇ-ին։ Եվ ես ասեմ, ՀՀՇ-ի ամենամեծ սխալներից մեկը դա էր, որ նրան Մոսկվայում գտավ եւ բերեց այստեղ նրան պաշտոնի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար նշանակեց»։ Լսվեցին ծափահարություններ։
ԻՄԱՑԵՔ, ԲԱ՛
Հայ պառլամենտարիզմի պատմության մեջ առաջինն ամենաբարձր պարգեւին է արժանացել կոմունիստ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանը։ Ապրիլի 3-ին նրան շնորհվել է ԱՊՀ երկրների բարձրագույն պարգեւը՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի պատվոգիրը եւ արծաթե մեդալ, որը շնորհել է անձամբ Եգոր Ստրոեւը։ Նույն օրը, Հակոբյանի պարգեւատրման պատվին, ԱՊՀ է ընդունվել նաեւ Ուկրաինան։