Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ

Ապրիլ 10,1999 00:00
Azgayin

Մի ուրվական է շրջում Հայաստանում, ազգային գաղափարախոսության ուրվականը

Հայաստանում ազգային գաղափարախոսության շուրջ ծավալված առաջին բուռն բանավեճը տեղի է ունեցել 1991թ-ին, երբ փորձ արվեց ԳԽ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ վարչապետ Վազգեն Մանուկյանի մրցակցությունը տեղափոխել գաղափարախոսական դաշտ: Ազգային գաղափարախոսության մասին եղած առաջին բանավեճը պայմանավորված էր իշխանության համար ծավալված պայքարով:

Փորձագիտական տեղեկանք.

«Իմացության սոցիոլոգիայի» հիմնադիրներից մեկը՝ գերմանացի խոշորագույն փիլիսոփա եւ սոցիոլոգ Կառլ Մանհայմը, այսպես է ձեւակերպում գաղափարախոսության պահանջը. «Երբ տիրող խավը որդեգրած գաղափարների մտային հեռանկարները համարում է միակ ճշմարիտը եւ փորձում է դրանք հիմնավորել տեսականորեն, ապա՝ առկա է մի «հոգեւոր գոյացություն», որը կոչվում է գաղափարախոսություն: Ցանկացած գաղափարախոսություն հանդիսանում է տիրող կարգերի հիմնավորումը եւ առաջադրում է առկա ստատուս-քվոյի պահպանմանը միտված տեսակետներ: Գաղափարախոսություններին ընդդիմանում են «ուտոպիաները», որոնք, որպես կանոն, տեսականացված, զգացմունքների վրա հիմնված «հոգեւոր գոյացություններ» են: Դրանք ստեղծվում են ընդդիմադիր, շահագործվող, սոցիալական ռեւանշի ձգտող խավերի կողմից եւ, այդ պատճառով, նույնքան սուբյեկտիվորեն միակողմանի են, որքան գաղափարախոսությունները: Իրականում, ուտոպիաները քիչ բանով են տարբերվում գաղափարախոսություններից, քանի որ նույնպես ձգտում են ներկայացնել մասնիկը՝ որպես ամբողջ եւ իրենց միակողմանի ճշմարտությունը՝ որպես բացարձակ: Իշխանության փոփոխմանը զուգընթաց, ուտոպիաները վերածվում են գաղափարախոսությունների»: Կարելի է պնդել նաեւ հակառակը:

Ժամանակակից իմաստով, «գաղափարախոսություն» տերմինը իր ծագման համար պարտական է Նապոլեոն Բոնապարտին, որն իր ամբողջատիրական նկրտումների դեմ պայքարող մի խումբ փիլիսոփաներին արհամարհամքով անվանել է «իդեոլոգներ», այսինքն՝ դատարկաբաններ: Այս ժամանակից ի վեր, Եվրոպայում «գաղափարախոսություն» բառը ձեռք էր բերել բացասական երանգ: Պատմության հաջորդ փուլում «գաղափարախոսություն»-ը նույնացվում է սոցիալիստական եւ ազգայնական ուղղություններին բնորոշ տեսությունների հետ:

Արեւմուտքում համարում են, որ, գոնե զարգացած տնտեսություն ունեցող երկրներում, «գաղափարախոսությունների դարաշրջանը» ավարտված է, իսկ մնացյալ երկրներում դրանք սպասարկում են խմբային եւ կլանային շահերը:

Թե կոմունիստական, թե ազգայնական, թե կրոնական եւ ֆունդամենտալիստական գաղափարախոսություններին Արեւմուտքը թշնամաբար է վերաբերվում: Ժամանակակից զարգացած հասարակությունները միարժեքորեն «ոչ» են ասում գաղափարախոսություններին, սակայն զարգացող եւ նոր կազմավորվող հասարակությոունների «հարցը» ավելի բարդ է: Կան տեսակետներ, որ միայն «ուժեղ ձեռքի» միջոցով է հնարավոր կազմավորել կայուն շուկայական հարաբերություններ: Ուժեղ ձեռքի պահանջ է զգացվում, շատերի կարծիքով, ետկոմունիստական եւ իսլամ դավանող երկրներում:

Լեւոն Տեր-Պետրոսյան. ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է

Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական եւ աշխարհայացքային մեկնությունները լայն հասարակության համար այդպես էլ մնացին անհասկանալի: Տեր-Պետրոսյանի մտային կառույցներն ու հարցադրումներն, ըստ էության, ոչ մի նոր բան չէին ասում, այլ ուղղակի կրկնում էին արեւմտյան հայտնի տեսությունները, որոնք սակայն նորություն էին Հայաստանում: Դրանք կարող էին հայ քաղաքական մտքի աշխուժություն առաջացնել, ինչը, ցավոք, տեղի չունեցավ: Տեր-Պետրոսյանի մտային կառույցները նախատեսված էին արեւմտյան ունկնդիրների համար: Երկրի ներսում, ըստ նրա, համապատասխան քաղաքական միտքը, ում հետ հնարավոր կլիներ բանախոսել, բացակայում էր: Ինչպես «հավատավոր լիբերալ» եւ ամբողջ Խորհրդային Միությունում ծավալված ազատական շարժման կարկառուն ներկայացուցիչ՝ Տեր-Պետրոսյանը, բնականաբար, մերժում էր գաղափարախոսությունները, իսկ ավելի կոնկրետ՝ «ազգային գաղափարախոսությունը» եւ «ազգային համերաշխությունը», Հայաստանում կրոնական եւ կոմունիստական գաղափարախոսությունների, ըստ էության, բացակայության պատճառով: Տեր-Պետրոսյանը ցանկանում էր «միջազգային հանրությանը» համոզել, որ Հայաստանում պետք է հաստատվի ուժեղ լիբերալ ռեժիմ, որը պետք է պայքարեր ազգայնական եւ կոմունիստական ուժերի դեմ: Ըստ նրա, Հայաստանը դասական «մերձավորարեւելյան» երկիր է, որին խորթ են ժամանակակից քաղաքակրթության արժեքները:

Ի դժբախտություն Տեր-Պետրոսյանի, նրա գլխավոր մրցակիցները չդարձան ոչ կոմունիստները, եւ ոչ էլ դաշնակցականները, այլ մեկ ուրիշ «լիբերալ»՝ Վազգեն Մանուկյանը: Իր իշխանության վերջին ամիսներին «Նեզավիսիմայա գազետայում» տպագրվա,ծ երեւանյան ծագում ունեցող, «Գոյություն ունի՞ արդյոք ֆաշիզմի վտանգը» հոդվածում գլխավոր «ֆաշիստները» ոչ թե Մանուկյանն ու դաշնակցականներն են, այլ Հայաստանի եւ Ղարաբաղի զինվորականությունը: Դա նրա վարչակազմի վերջին գաղափարական համազարկն էր: Տեր-Պետրոսյանի «լիբերալ դիկտատուրայի» տեսությունը փորձ էր արվում հարմարեցնել նաեւ արտաքին քաղաքականության պահանջներին: Ըստ էության, «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխման ծրագիր էր, որտեղ Հայաստանը «փուլ առ փուլ» պետք է ինտեգրվեր Արեւմուտքին: Միջազգային խաղաղապահ զորքերի եւ ֆինանսական ներդրումների խոստումների շնորհիվ, Հայաստանը, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միասին, պետք է որդեգրեր արեւմտյան կողմնորոշում: Վերջին իրադարձությունները Բալկաններում ցույց են տալիս, որ Արեւմուտքի աշխարհաքաղաքական նոր կոնցեպցիաները չեն կարող շրջանցել մեր տարածաշրջանը: Տեր-Պետրոսյանի հասարակական քաղաքականության (public politics) ամենամեծ սխալը կարելի է ձեւակերպել նույն Մանհայմի խոսքերով. «Տիրող խավի կողմից զանգվածների հոգեւոր առաջընթացի խոչընդոտումն իմաստավորված է այնքան ժամանակ, քանի դեռ զանգվածների բթամտությունը նրան ետ կպահի քաղաքական գործունեությունից:

Իշխանությունը վերցնելուց հետո, դիկտատորները հակված են չեզոքացնելու զանգվածների քաղաքական ակտիվությունը, որի շնորհիվ նրանք բարձրացել են իշխանության գլուխ: Դա նրանց ժամանակավորապես կարող է հաջողվել, սակայն, որոշ ժամանակ անց, երբ զանգվածները, այս կամ այն ձեւով, նորից մուտք են գործում քաղաքականություն, նրանց թերի հոգեւոր զարգացումը եւ, առաջին հերթին, քաղաքական կրթվածության ցածր մակարդակը վերածվում են պետական նշանակություն ունեցող խնդրի, որի հետեւանքները դառնում են ճակատագրական առաջին հերթին հենց ընտրախավի համար»: Տեր-Պետրոսյանի ինքնավստահությունը, արհամարհանքը հասարակական կարծիքի եւ հասարակական զարգացումների նկատմամբ, ձեռնածությունների միջոցով քաղաքականություն իրականացնելու փորձերը նրան մղեցին քաղաքական զարգացումների լուսանցքից դուրս: Հանուն ճշմարտության պետք է նշենք, որ Տեր-Պետրոսյանը Հայաստանի այն միակ գործիչն էր, որի կողմից իրականացվող քաղաքականությունը ինչ-որ առումով կանխատեսելի էր: Նա փորձ էր անում ներկայանալ որպես որոշակի աշխարհայացքի կրող եւ մնալ ժամանակակից քաղաքակրթության զարգացումների ենթատեքստի մեջ:

Ազգային գաղափարախոսության զինվորականության պահանջը

Հայաստանի նման փոքր, թույլ տնտեսությամբ, բայց կարեւորագույն աշխարհաքաղաքական դերակատարում ստանձնած երկրի գլխավոր գործոնը, բնականաբար, բանակն է: Ոչ ոք դեռեւս հստակորեն չի դրել եւ փորձել պատասխանել այն հարցին, թե բանա՞կն է ծառայում Հայաստանին, թե՞ Հայաստանը՝ բանակին: Հայաստան թե ներքին, թե արտաքին քաղաքականության գլխավոր եւ, գուցե, միակ գործոնը բանակն է, եւ բնականաբար վերջին խոսքը միշտ պատկանում է բանակին: Բանակն այսօր հանդիսանում է ամենահզոր եւ ամենազանգվածային պետական, քաղաքական, հասարակական, տնտեսական կառույցը: 1996-ի, 1998-ի դեպքերը հաստատեցին, որ բանակի եւ ռազմական քաղաքական-ֆինանսական վերնախավի հետ հաշվի չնստելն անհնարին է: Ըստ էության, բանակը վերածվել է ինքնուրույն եւ փակ ինքնաբավ համակարգի: «Բանակի քաղաքականացմանը ես դեմ եմ… Տա Աստված, որ մենք՝ այս երկրի քաղաքական, տնտեսական, ռազմական ղեկավարներս, այնքան խելացի լինենք, որ բանակը երբեւէ ուղղակի քաղաքական խոսք ասելու կարիք չունենա» (Վազգեն Սարգսյան 1997թ.):

Բնականաբար, ազգային գաղափարախոսության, որպես «…տիրող կարգերի հիմնավորմանը եւ առկա ստատուս-քվոյի պահպանմանը միտված տեսակետ», գլխավոր պատվիրատուն պետք է լինի բանակը: «1991թ-ից այդ հարցն անընդհատ բարձրացվում-իջեցվում էր: Մերոնք սարսափած վախենում էին կրկնել Սովետական Միության տխուր օրինակը: …Մենք լուրջ գաղափարախոսության կարիք ունենք… Դա կարեւոր է հատկապես հիմա, երբ ղարաբաղյան խնդրի շուրջ մեծ կրքեր են բորբոքվելու, եւ հասարակությունը պետք է նախապատրաստվի: Կարեւոր է նաեւ Հայրենիք-Սփյուռք միասնության գաղափարը, իսկ դա հնարավոր է միայն ներքին միասնության դեպքում»: (Վազգեն Սարգսյան, «Չորրորդ Իշխանություն», 1997թ.): «Ազգային գաղափարախոսությունը» առաջին հերթին պետք է պահպանի ստեղծված քաղաքական ստատուս-քվոն, հաստատի իշխող խավի ղեկավար առաքելությունը եւ լեգիտիմացնի վերջին տաս տարիների ընթացքում տեղի ունեցած սեփականության վերաբաշխման գործընթացի արդյունքները:

Դաշնակցական ուտոպիա

Գաղափարախոսություն ունենալու, հետեւաբար իշխանության հայտ ներկայացնելու անզուսպ ցանկություն է դրսեւորում նաեւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Իսկ իշխանության գալ, ըստ Հայաստանում ընդունված ավանդույթների, նշանակում է՝ կրակոցներ եւ դրան հաջորդող սեփականության վերաբաշխում: Թույլ նյարդեր ունեցողներին հանգստացնենք, ասելով, որ անգամ իր Ուտոպիան (քանի ՀՅԴ-ն դեռ չի նվաճել իշխանությունը, եւ իր ուտոպիան չի վերածել գաղափարախոսության) դաշնակցությանը չի հաջողվում ձեւակերպել: «Ազգային գաղափարախոսությանը» նվիրված գիտաժողովներում այն չի անցնում, ըստ հայտնի անեկդոտի, «կլոր ա, փայլուն ա, կարմիր ա» նկարագրողական ձեւակերպումներից այն կողմ եւ միայն զվարճացնում է դաշնակցության «չկամեցողներին»:

19-րդ դարի ազգային ազատագրական, սոցիալ-հեղափոխական եւ թրայբալիստական (ցեղային) շարժումներին բնորոշ կառուցվածք եւ «տեսլականներ» ունեցող կուսակցությունը չի կարողանում վերափոխել եւ արդիականացնել իր գաղափարախոսությունը այնպես, որ այն համապատասխաներ պետության առջեւ դրված խնդիրների լուծման պահանջներին եւ միեւնույն ծամանակ համապատասխաներ համաշխարհային եւ աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությանը: Դաշնակցությունը դեռեւս դուրս է մնում իրականության ենթատեքստից: Գաղափարախոսություն ունենալու հավակնություններ ունեն նաեւ հայ կոմունիստները, սակայն չարժե նորից հիշեցնել բոլորիս քաջ հայտնի հին եւ տխուր պատմությունը, որի մասին եղած հիշողությունները դեռեւս ուժ են ներարկում վերջիններիս: Ուղղակի հիշեցնենք, որ այժմ հայ կոմունիստների միակ գաղափարախոսական հենքը «հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսն է:

Հ. Գ. Ցանկացած հասարակություն, վաղ թե ուշ, հատում է մի եզրագիծ, որտեղ ստիպված է լինում պատասխանել մի քանի հիմնարար հարցերի, առանց որոնց այդ հասարակությունը ուղղակի կարող է փլուզվել: Ինչպիսի՞ պետություն է կառուցվում, ու՞մ եւ ինչի՞ համար է տրվում կառավարելու իրավունքը, որո՞նք են տվյալ հասարակության արժեքային համակարգը եւ արդարության սկզբունքները, ինչպիսի՞ օրենքներ են ստեղծվում եւ ինչպե՞ս են դրանք իրագործվում: Պետք չէ որոնել «իմաստության քար» կամ մոգական ազգային գաղափարախոսություն, որի շնորհիվ հնարավոր լինի շրջանցել վերոհիշյալ հարցերը եւ ունենալ առողջ եւ հզոր պետություն, մարտունակ բանակ, կայուն իշխանություն: «Ազգային գաղափարախոսությունը» չի կարող փոխարինել ներքին եւ արտաքին քաղաքականություն մշակելու, համակարգված քաղաքական դաշտ եւ արդյունավետ պետական կառավարման համակարգ ձեւավորելու պահանջներին, որոնք իրոք մշակման եւ զարգացման պահանջ ունեն:

ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930