Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խայթոցները սկսվեցին

Ապրիլ 10,1999 00:00
Gagik Jhangiryan

Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն էր։ Հանդիպումը հրատապ հարցադրումներ էր ենթադրում, որոնք չեղան եւ ստացվեց այսպես. մեր բանակը մարտունակ է, մեր բանակում 1998 թ. 1-ին եռամսյակի համեմատ 53%-ով նվազել են մահվան դեպքերը եւ այլն։

Գործընկերներիցս մեկի այն հարցին էլ, թե ինչ պատճառներով չի հայտնվում մահվան ելքերով ավարտված դեպքերի թիվը բանակում, զինդատախազն ասաց, որ «այդ մահերի թիվը ոչ թե ներսի համար ենք պահում, այլ դրսի» եւ «հիշեցրեց», որ մենք դեռ զինադադարի եւ խաղաղության պայմաններում չենք ապրում։

Գ. Ջհանգիրյանը «պատրաստված» էր եկել՝ կապված նախորդ դատախազի՝ իրեն ուղղված մեղադրանքների կապակցությամբ։ Իր հրավիրած ասուլիսի ժամանակ Գեւորգ Մարգարյանը խոսել էր այն մասին, որ քրեական անցյալ ունեցողներն են պաշտոններ ստացել դատախազությունում, նա նկատեց. «Դատախազն էդպիսի բան ասելու իրավունք չունի», խոչընդոտների կապակցությամբ էլ, թե՝ «եթե այդ խոչընդոտողը պաշտպանության նախարարը չէ, էդպիսի մարդ գոյություն ունենալ չի կարող, որը խոչընդոտի կոնկրետ հանցագործության կատարման մեջ մեղավոր բոլոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում»։ Չբացառելով, այնուամենայնիվ, «ճնշումների փորձը», կոչ անելով «տարբերել ճնշումը խոչընդոտներից» («ճնշումը նրա համար է, որ հաղթահարեն») նա նկատեց, որ եթե մարդիկ չեն կարող հաղթահարել, չպետք է աշխատեն այդ պաշտոնում։

Դատախազությունում քր. անցյալ ունեցողների մասին իրեն ուղղված մեղադրանքի առնչությամբ նա ասաց, որ ինքը փորձել է գտնել քր. անցյալ ունեցող դատախազին։ Պարզվել է՝ դա մեկն է, որը «20 տարի առաջ աշխատել է ՆԳՆ-ում որպես քննիչ եւ նրա մեքենան գողացել են եւ էդ խեղճին հարցաքննել են որպես վկա»։ Վ. Խորխոռունու սպանությունից հետո տեղազննությանը խոչընդոտելու մեղադրանքի կապակցությամբ պրն Ջհանգիրյանը հայտնեց, որ Հովհ. Թումանյանը բազում հեքիաթներ ունի, որոնցից իրեն հատկապես մեկն է դուր եկել. «ասում է, ով էնպիսի սութ ասի, որ ասեմ սութ է՝ իշխանության չգիտեմ թագավորության կեսը կտամ իրեն… ես կարծում եմ, որ մեր նախընտրական շրջանն էդպիսի խայծեր դեռ շատ է տեսնելու, եւ ցավում եմ, որ այդպիսի լուրեր են տարածվում»։ Նա տեղեկացրեց նաեւ, որ շատ շուտով, շատ շուտով Խորխոռունու սպանությունը կբացահայտվի, իհարկե խնայեց մեզ, որպեսզի «չգրոհենք ընդհանուր դատախազության վրա…»։

Ընդսմին նշեց նաեւ, որ զինվորական դատախազությունն այդ գործով ընդհանրապես չի զբաղվել։

Գ. Ջհանգիրյանը «խոստացավ» մասնակցել ընտրություններին որպես վկա, իսկ 95-ից հետո ընտրությունների համար էլ ասաց. «կեղծիքներ եղել են», իր մեղքի մասնաբաժինն էլ համարեց «խիստ գերագնահատված»։

Օրերս աղմուկ հանած 3 զինծառայողների (Քելբաջարում) մահվան կապակցությամբ ասաց, որ Վլադիմիր Կիլյակովը, Զավեն Մեխակյանը եւ Արսեն Գուլոյանը «դասալքել են ոչ թե դիրքերից, այլ զորամասից։ Հանձնել են զենքերը, եւ դիմել են փախուստի»։ Ձերբակալվելուց խուսափելու պատճառով փախուստի են դիմել ոչ հիմնական ճանապարհով։ Հետո բուք, ձյուն, «եւ այդ երեխաները տարբեր վայրերում մահացել են»։ Ընդ որում, 3 դիակները չեն եղել այն վայրերում, որտեղ թողնվել են՝ «նրանք ահագին տեղաշարժված են եղել», ինչը նշանակում է, որ նրանք մահացած չեն եղել… Այդ առնչությամբ քր. գործ է հարուցվել։

Վերջում կզարմանայինք, եթե չհամեմատվեինք որեւէ գերպետության հետ. պարզվեց Ամերիկայի բանակի հետ համեմատած մենք բավական շահեկան վիճակում ենք։ Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, աչքով չտանք։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930