Ռուսաստանի շարունակական ճգնաժամերն անդրադարձան ոչ միայն մեր ֆինանսական շուկայի, այլեւ Հայաստանում ընթացող միգրացիոն գործընթացների վրա։
Հայ ժողովուրդը մինչեւ 1995 թիվը հիմնականում ռուսամետ էր։ Մեկնում էին հիմնականում տղամարդիկ՝ աշխատանք գտնելու։ 1995-ից սկսեցին մեկնել Եվրոպա, առավելապես Գերմանիա, Բելգիա, Հոլանդիա։ Երկրներ, որոնք գաղթականներին ժամանակավոր կացության իրավունք էին տալիս։ Բայց՝ ոչ ավելին։ Քաղաքական ապաստան կամ քաղաքացիություն ստանում էր մեկնածների 5%-ից էլ պակաս։ Գերմանիա մեկնած հայերը քաղաքացիություն ստանալու լավագույն տարբերակը, դաշնակցության վերաբացումից հետո, տեսնում էին քաղաքացիություն ունեցողների հետ ամուսնությունը։ Գերմաներեն չիմացող, ճամբարներում բնակվող հայերի համար, այլ մենթալիտետ ունեցող գերմանուհիների հետ ամուսնանալը չափազանց դժվար գործ է, բայց ոչ անհնար։
Գերմանիայում բնակվում են մեծ թվով նախկին ԽՍՀՄ-ից հայրենադարձված գերմանացիներ, որոնց համար կառավարությունը հեշտացված քաղաքացիություն ստանալու կարգ էր սահմանել։ Մեր զրուցակից Արմենը Գերմանիա է մեկնել 1997-ին։ Ժամանակավոր կացության իրավունք է ստացել, ապա ծանոթացել Ռուսաստանից Գերմանիա մեկնած եւ քաղաքացիություն ստացած Էլենի հետ։ Առանձին բնակարան են վարձում, առանձին տնտեսություն վարում։ Համատեղ կյանքի արդյունքում նորապսակները սպասում են իրենց անդրանիկ որդու ծնվելուն։ Դիմում են ամուսնությունների գրանցման բյուրո։ Քաղաքացիություն ունեցողի եւ ժամանակավոր կացության իրավունք ունեցողի ամուսնությունը չափազանց բարդ գործընթաց է։ Հատուկ գործակալությունը հետեւում է, թե արդյո՞ք զույգերը իրականում ապրում են համատեղ ամուսնական կյանքով, հարցաքննվում են հարեւանները։ Այս ամբողջը ոչ թե մի քանի օր կամ շաբաթ, այլ մի քանի ամիս է տեւում։ Միայն համապատասխան դրական եզրակացությունից հետո է, որ մեր պատկերացրած ԶԱԳՍ-ի բաժինը նշանակում է ամուսնության գրանցման օրը։ Արմենը եւ Էլենը անցնում են այս ամբողջ գործընթացը։ Սակայն շատ պատահական Արմենին բռնում են (այստեղ մեր զրուցակիցը չափազանց քչախոս դարձավ, եւ հրաժարվեց կոնկրետ մանրամասներ ներկայացնել, ասելով, որ ինքը արդար է եղել) եւ ուղարկում Հայաստան։
20 օր առաջ Գերմանիայում ծնվել է Արմենի որդին, որին Էլենը, ըստ պայմանավորվածության, անվանակոչել է ամուսնու մահացած հոր անվամբ՝ Ռոբերտ։ Արմենն արդեն երրորդ անգամն է դիմում Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն՝ խնդրելով մուտքի թույլտվություն։ Գերմանական կառավարությանը եւ դեսպանատուն նմանատիպ խնդրագրերով դիմում է նաեւ Էլենը։ Սակայն Գերմանիայի դեսպանատունը ամեն անգամ մերժում է։ Մերժման փաստաթղթում նշում են, որ ըստ օրենքի. մերժման պատճառները չեն նշվում։
Կարդացեք նաև
Արմենը ցանկանում էր մեր թերթի միջոցով դիմել Գերմանիայի դեսպանատանը՝ խնդրելով ընդառաջել իր խնդրանքներին, հնարավորություն տալ միանալ իր ընտանիքին, տեսնել երեխային։ Այս 24-ամյա տղան այժմ Հայաստանից փախչելու նպատակից բացի, ունի նաեւ այլ, իր ընտանիքին միանալու եւ երեխային դաստիարակելու զուտ հայրական եւ մարդկային ցանկություն, որին չպետք է խանգարեն ոչ մի աշխարհագրական կամ պետական սահման։ Համենայնդեպս, ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը նման հնարավորություն տալիս է։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հ. Գ. Գերմանիա են մեկնել եւ քաղաքական ապաստան ստացել 1996 թ. սեպտեմբերի 26-ի գործերով դատապարտվածների մեծ մասը։ Մյուսները պատրաստվում են դա անել մոտ ժամանակներս։