Լրահոս
Օրվա լրահոսը

Անորոշության նոր շրջան

Ապրիլ 10,1999 00:00
zerbakalutyun

Գեներալ Արծրուն Մարգարյանի սպանության գործով ձերբակալված Արմեն եւ Արսեն խաչատրյանների նախաքննությունն ապրիլի 11-ին պիտի ավարտվեր։ Նույնիսկ հոռետեսներն էին համոզված, որ մինչեւ ամսի 11-ը գոնե Արմեն Խաչատրյանն ազատ կարձակվի։ Տղաներն անցել էին բոլոր տեսակի փորձաքննությունները (ընդ որում՝ հաջող) եւ, ինչպես Արմենի փաստաբան Ամալյա Ավագյանն ասաց, մնացել էր միայն նրանց առերեսումը։

Սակայն երեկ Սպանդարյանի ժողդատարանում (դատավոր՝ Ավետիսյան) հարգվեց դատախազության միջնորդությունը՝ 2 ամսով երկարացնել Արսեն եւ Արմեն Խաչատրյանների խափանման միջոցը։ Այսինքն՝ եւս 2 ամիս նրանց պահել մեկուսարաններում։ Նրանց փաստաբանների դիմումը դատավորին՝ մերժելու դատախազության միջնորդությունը, չընդունվեց։ Խափանման միջոցը 2 ամսով երկարաձգելը պատճառաբանված է մոտավորապես այսպես. «Նման պայմաններում չկան բավարար երաշխիքներ, որ նրանք՝ Արմենն ու Արսենը, մնալով ազատության մեջ, չեն հաղորդակցվի միմյանց հետ ու չեն խոչընդոտի քննությանը»։ Մյուս փաստարկն էլ այն էր, որ դեռեւս որոշ փորձաքննությունների արդյունքներ անպատասխան են։ Այս ամենի տրամաբանությունն այնքան էլ հասկանալի չէ։ Նույն հաջողությամբ նույն արդյունքին կարելի էր հասնել նաեւ ազատ արձակելով միայն Արմեն Խաչատրյանին. նրա անմեղությունը լրիվ ապացուցված է։

Այս որոշումը փաստաբանները կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում, սակայն ամենայն հավանականությամբ, Արմենի եւ Արսենի խափանման միջոցները կմնան անփոփոխ։ Հօգուտ մեղադրյալների՝ շատ փաստեր կան, որոնք չեն հրապարակվում։ Փոխարենը հասարակությունը եւս 2 ամիս ստիպված է «սնվել» սեփական ենթադրություններով, որոնք ամենեւին հօգուտ ազատ ու անկախ դատարանների չեն լինի։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930