Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժային փոխնախարարը ուժի կիրառմանը դեմ է

Ապրիլ 10,1999 00:00
varyan

Մեր ժողովուրդն, Աստված տվել, չի խնայել, միտինգասեր ու պիկետասեր է վերին աստիճանի։ Հանրահավաքներին, որպես կանոն, առաջինը ոստիկաններն են հավաքվում, մեկ էլ՝ լրագրողները։ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար Հովհաննես Վարյանի հետ «Առավոտի» բացառիկ հարցազրույցը տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանատան մոտ՝ կոմունիստներին սպասելիս:

-Պարոն Վարյան, ստացվում է, որ հանդիպման վայրը փոխել չի կարելի. ինչ բազմություն էլ հավաքվի, լրագրողների հետ դուք էլ կաք։

– Ես կատարում եմ իմ ծառայողական պարտականությունները, իմ ենթակաները կատարում են իրենց պարտականությունները։ Երբ որ ես երեկոյան տուն եմ գնում եւ համազգեստս հանում եմ (պարոն Վարյանը քաղաքացիական համազգեստով էր- Մ. Ե.) արդեն ուրիշ ձեւի եմ մտածում։

– Վերջերս նման պիկետներ դեսպանատների շուրջը հաճախ են տեղի ունենում։ Կարելի՞ է ասել, որ ձեր աշխատանքն ավելի հետաքրքիր է դարձել։

– Ես չէի ասի, թե ավելի հետաքրքիր է դարձել, պարզապես ավելի բարդ է դարձել։

– Սակայն մեր ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է, գալիս-հավաքվում է, բայց արտառոց ոչինչ չի լինում։

– Մեր ժողովուրդն աշխարհի ամենախելոք ժողովուրդն է, ամենաօրինապաշտ ժողովուրդն է, ես առանց իրոնիայի եմ ասում, լուրջ եմ ասում։

– Պարոն Վարյան, քիչ առաջ ԱՄՆ դեսպանը շենքից դուրս եկավ եւ ուղեկիցների հետ հեռացավ։ Դա կոմկուսի պիկետի պատճառո՞վ էր։

– Ոչ մի կապ չունի: Դեսպանն այս ժամին նշանակված միջոցառում ուներ։

– Այս կարգի միջոցառումների ժամանակ դուք անշուշտ նախնական հրահանգ եք ստանում, թե ինչպես ձեզ պահեք։ Կոնկրետ այս դեպքում ինչպիսի՞ հրահանգ եք ստացել։ Հնարավո՞ր է ուժի գործադրումը։

– Իմ ղեկավարությունն ինձ այնքան է վստահում, որ ես ինքս տեղում իրավունք ունեմ որոշումներ կայացնել։ Նույն ձեւով ես վստահում եմ իմ տեղակալներին, որ իրենք էլ մինչեւ որոշ աստիճան իրավունք ունեն որոշ կարգադրություն տալ։ Մեր միակ հրահանգը օրենսգիրքն է, ես օրենսգրքից այն կողմ հրահանգ չեմ ստանում։

– Ի՞նչ կլինի, եթե, ենթադրենք, կոմունիստները հարձակվեն ԱՄՆ դեսպանատան վրա, այդ դեպքում ո՞ւժ կգործադրվի։

– Համաձայն բոլոր միջազգային օրենքների, եթե հարձակվեն շենքի վրա, մտնեն տարածք («ի դեպ, ասեմ, սա Ամերիկայի տարածքն է» ասելով պարոն Վարյանը ցույց տվեց ճաղերի հակառակ կողմը- Մ. Ե.), իրավունք ունենք մինչեւ ընդհուպ զենք գործածելը։

– Իսկ եթե իսկապես կոմունիստներն այրեն ԱՄՆ-ի նախագահի խրտվիլակը, դուք ի՞նչ եք անելու։ ‘

– Եթե մենք զգացինք, որ վտանգ կա մարդկանց այրվելու կամ մարմնական վնասվածք ստանալու, մենք միանշանակ կխոչընդոտենք։ Բայց որեւէ քաղաքական ակցիա խանգարելու խնդիր մենք չունենք։

– Պարոն Վարյան, ես տեսնում եմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ այստեղ, այս պահին հավաքվածների մեջ ՆԳ աշխատակիցներն ավելի շատ են (համազգեստով կամ առանց համազգեստի), քան նրանք, ում որ սպասում էիք։

– Ասեմ ձեզ, 200 տարեց քաղաքացի 7 ժամ փակել էր կենտրոնական փողոցը՝ ԱԺ-ի դիմաց, դուք էլ էիք այնտեղ եւ հիշում եք։ Երբ որ ես բերեցի ավելի շատ անձնակազմ, ոչ մեկը չեկավ։

– Հոգեբանակա՞ն պայքարի ձեւ էիք ընտրել։

– Այո, էդ էլ է տակտիկա, ձեւերից մեկն է։ Էդ ավելի լավ է, քան քիչ մարդ բերենք, հետո պրոբլեմի առաջ կանգնենք։ Եթե 200 հոգի կանգնած է, իմացեք, որ 2000 հոգի էլ ստիպված պիտի բարձրանային վերեւ ոտքով։ Ես կարծում եմ, երկու հազար հոգու շահերն ավելի կարեւոր են, քան 200 հոգունը։ Այդ դեպքում պետք է ուժ գործադրվի, իսկ գիտե՞ք ինչ դժվար է ուժ գործադրել, երբ մեծ կին է առջեւդ կանգնած կամ պատերազմի հաշմանդամ, շքանշաններ ունի հինգ անգամ ինձնից ավել, եւ ես ստիպված իրեն պետք է (եթե չկարողանամ իրեն համոզել, իսկ այդ դեպքում համոզելը շատ դժվար է) հրեմ, իսկ հրելու դեպքում ես որպես տղամարդ շատ ընկճված եմ ինձ զգում։

– Իսկ ԱՄՆ դեսպանատան ներսի կարգի պահապանների հետ որեւէ պրոբլեմ ունենո՞ւմ եք։

– Մենք որեւէ պրոբլեմ ոչ մի դեսպանատան հետ չենք ունենում։ Ընդ որում, էս վերջին դեպքերը երբ որ եղան, ես հասկացա, որ դեսպանն ըմբռնումով մոտեցավ։

– Եվ վերջում, խնդրում եմ ասեք անձամբ ձեր կարծիքը ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի վարած քաղաքականության վերաբերյալ Հարավսլավիայի նկատմամբ։

– Ես չեմ ընդունում ուժի գործադրում ոչ մի պարագայում։ Միակ դեպքը, երբ կարելի է ուժ գործադրել, երբ քո տարածքին, քո ազգին, քո քաղաքին, քո երեխային վտանգ է սպառնում։ Ուրիշ ոչ մի պարագայում ես ուժի գործադրումը չեմ ընդունում։

Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930