Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ԽՐՏՎԻԼԱԿԸ ՉԱՅՐԵՑԻՆ

Ապրիլ 10,1999 00:00
Toto

Բայց իրենք տաք-տաք խոսեցին

Առավոտից սենսացիայի էինք սպասում, մեզնից ոմանք նույնիսկ հատուկ պատրաստվել էին ԱՄՆ նախագահի խրտվիլակի հետ նկարվելու, բայց շատերիս տաք սպասելիքների վրա կոմունիստները սառը ջուր լցրեցին։ Պարզվեց, որ այս պահին ոչ մի խրտվիլակ էլ չի այրվելու եւ «Խարույկով խարկվենք» ոչ ոք չի երգելու։

Իմ հա՜լ, ձեր խրտվիլակ

ՀՀ քաղաքացիների մի տեսակ կա, որն առաջնորդվելով՝ «ով խորոված, ես՝ շամփուր» արտահայտությամբ, ամենուրեք հայտնվում է իր անվերջանալի ու անփոխարինելի բառապաշարով։ Քրդական շարժումից հայտնի նույն հաղթանդամ մարդն էր այստեղ եւ ընտանեկան նպաստ տվողի «ազիզը» թաղող պառավ կինը, «էն անաստված» նախկիններին հայհոյող ու «էս ժողովրդի արյունը ծծող» ներկաներին թուք ու մուրով նախշող գործազուրկը։ Եկել էին նրանք, ովքեր բյուր են, անպաշտպան ու անկրակ։ Եկել, հոգնած հենվել էին ամերիկյան դեմոկրատիայի բետոնե պատին ու «փիքր էին անում աշխարհքիս բանը»։

«Կարմիր բերետավոր իմ բալեն»

«Այ բալա ջան, էդ կարմիր բերետը որ դրել են գլխիդ, ընչի՞ ես թողել»,- երկու ձեռքերը զինվորներից մեկի աչքը խոթելով աղաղակում էր մի նախկին բանվորուհի։ Հասարակական կարգի պահապանները, իրենց նվազագույն աշխատավարձով պաշտպանված (10-12 հազար հայկական դրամ)՝ եկել էին կանգնելու Ամերիկայի եւ հայ կոմունիստների միջեւ։ Սակայն բախում տեղի չունեցավ, քանի որ կոմունիստները մարտականորեն չէին տրամադրված։

Աջում՝ մերոնք են, ձախում՝ մերոնք

Բաղրամյան պողոտայի ձախ կողմում հավաքվել էին ՀԿԿ կոմկուսի պիկետավորները, աջ կողմում՝ հայոց քաջարի ոստիկանները, իսկ մեջտեղում կարգազանց վարորդներն ու հետիոտնը ոնց ուզում էին, այնպես էլ երթեւեկում էին։ Օրենքի պահապանները դրան առանձնապես չէին միջամտում, նրանց սեւեռուն նպատակը Ամերիկայի տարածքը պաշտպանելն էր։ Դեսպանատան շենքից դուրս ու ներս էին անում մի քանի աշխատակիցներ։ Դեսպանատան աշխատակիցներից մեկը դուրս եկավ իր գրեթե տնական հագուստով, պահակակետի աշխատողին ինչ-որ բան ասաց։ ՆԳ աշխատակիցներից մեկն ասաց. «Սրա հագուկապին նայիր, իմ զոքանչը սկի տանը էդ շորը չի հագնի։ Սրանք իրենց հագնելով էլ են մեզ ձեռ առնում»։

Գրեթե «մանթո»

Մեկ էլ այն տեսնենք, որ կոմունիստները լուռ ու մունջ մտան Ճարտարապետների տան շենք։ Ինչ-որ մեկն ասաց, թե ամեն ինչ վերջացավ, ոչ մի խրտվիլակ չի այրվի, եւ առայժմ ամերիկացիները կարող են կոմունիստներից չվախենալ։ Կարգ ու կանոնի պահապաններն այս բանին առանձնապես չհավատացին. «շանտաժ է», ասացին ու մնացին իրենց դիրքերում։ Իսկ կոմունիստներն իրենց համար խաղաղ ժողով անցկացրին, քննադատեցին ՆԱՏՕ-ի հանցավոր ագրեսիան Հարավսլավիայի դեմ, ասացին, որ այդ ագրեսիան խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները։

ՀՀ նախագահին այրեցին խոսքով

Կոմունիստները ԱՄՆ նախագահին չայրեցին (կներեք՝ նրա խրտվիլակը), սակայն ՀՀ նախագահին մի լավ հասավ այն բանի համար, որ վերջինս պատրաստվում է ներկա գտնվել ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանն ասաց. «Հուսով եմ, որ դա միայն մամլո քարտուղարի ինքնագործունեությունն է (ՆԱՏՕ-ի 50-ամյակին մասնակցելու նախագահի մտադրության մասին օրերս հայտնեց նախագահի մամլո խոսնակը- Մ. Ե.), հուսով եմ, որ մեզ կհաջողվի պարոն նախագահին բացատրել, որ նրա մասնակցությունը կլինի մեր պետության համար շատ ծանր մի մոմենտ»։ Հայկոմկուսը հանդես եկավ ՆԱՏՕ-ի ագրեսիան դատապարտող հայտարարությամբ։

Շոու չեղավ, ինչո՞ւ

Երեկվա պիկետի հիմնական նպատակը Բիլ Քլինթոնի խրտվիլակը այրելն էր. «դա մեզ բոլորովին չի կարող վնասել, ավելին՝ ցույց կտա, որ մենք ստրուկներ չենք»,- ասաց Սերգեյ Բադալյանը։ Լրագրողների համառ հարցումին. «Այնուամենայնիվ, ինչո՞ւ չեք այրում խրտվիլակը», ընկեր Բադալյանը պատասխանեց. «Իմ վերադարձից հետո, երբ քննարկեցինք, գտանք, որ այժմ դրա կարիքը չկա»։

Կոմունիստներից այս անգամ շոումեն դուրս չեկավ։ Մնանք նոր խրտվիլակի սպասումով։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930