Ցանկացած (նախ)ընտրական շրջանում մամուլի առավել բուռն ուշադրության կենտրոնում հայտնվելու բարեբախտությունը հակադարձելու ազնիվ մղումով երեւի, երեկ քաղաքական գործիչներն էին որոշել գնահատել մամուլի գործունեությունն անցած ընտրություններում։
Հենց այդպիսի նպատակ ուներ Ֆ. Էբերտի հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչության եւ «Համաձայնություն» իրավական եւ քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնած սեմինարը, որին լրագրողներս հրավիրվել էինք ոչ թե դիտորդի, այլ մասնակցի իրավունքով։ Լրագրող էր նաեւ գլխավոր զեկուցողներից մեկը՝ Ստեփան Դանիելյանը, իսկ վարում էր սեմինարը «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։ Այնուամենայնիվ, այնպես ստացվեց, որ ամենաակտիվ գնահատողները քաղաքական գործիչները եղան, ու գնահատականներն էլ՝ գլխավորապես միակողմանի, քանի որ հիմնականում ընդդիմադիր դաշտն էր ներկայացված (Դավիթ Շահնազարյան, Վիգեն ու Վահագն Խաչատրյաններ, Ալեքսանդր Արզումանյան, Աշոտ Բլեյան եւ այլք), իսկ քննադատության առյուծի բաժինը, բնականաբար, հասավ իշխանական կամ իշխանամետ ուժերին։ Սեմինարը վարողի այս դիտարկումն ընդունելով որպես չստացված բանավեճի եւ ընդհանրապես նման հավաքների անարդյունավետության արդարացում՝ կներկայացնենք հնչած մտքերից քիչ թե շատ ընտրված թեմային առնչվողները։
Չնայած սեմինարի թեման էր «ԶԼՄ-ների գործունեության համեմատական վերլուծությունն անցած ընտրություններում», բայց գուշակի վստահությամբ առաջիկա ընտրություններում մամուլի պահվածքն էլ կանխատեսեցին ու նույնիսկ՝ գնահատեցին։
Նախորդ ու ներկա ընտրությունների տարբերությունների փնտրտուքներում Արամ Աբրահամյանը նկատեց, որ այսօր ընդդիմադիր լրատվամիջոցներն ավելի քիչ են, իրավիճակն էլ՝ այլ է։ Նախորդ ընտրությունների ժամանակ իրավիճակն ավելի լարված էր, կային փակված թերթեր, արգելված կուսակցություն, պատգամավորության ընդդիմադիր թեկնածուներին չգրանցելու դեպքեր, եւ ավելի շատ լրատվամիջոցներ ընդդիմադիր կեցվածք ընդունելու ցանկություն եւ հնարավորություն ունեին։
Կարդացեք նաև
Մինչ մամուլին հասնելը նախ երկրի քաղաքական իրավիճակին ու հասարակության տրամադրվածությանն անդրադարձավ նաեւ Ստեփան Դանիելյանը։ Նրա եզրակացությամբ՝ այսօր ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ լրագրողների մեծ մասը «պարզ գոյության խնդիր են լուծում» եւ նրանց կարիքներն էլ «այդ առումով են ձեւավորվում»։ Նախորդ ընտրությունների ժամանակ ամեն ինչ հստակ էր՝ կար ուժեղ իշխանություն, որոշակի ընդդիմություն եւ հստակ հասարակական կարծիք, որի ձեւավորման գործում լուրջ դեր ուներ մամուլը։ Իսկ 1996 թ. ընտրություններում այն լրագրողները, ովքեր պաշտպանում էին իշխանությանը, «պարզ ասած՝ անհարմար վիճակի մեջ էին հայտնվում»։ Մամուլն ակտիվ էր նաեւ ընտրական կեղծիքների բացահայտման գործում, ինչը տեղի չունեցավ 1998 թ. ընտրություններում, եւ, ըստ Ստեփան Դանիելյանի, այս ընտրություններում եւս «դա չի սպասվում»։ Պատճառն այն է, որ «իշխանական համակարգը դարձել է բազմաբեւեռ՝ մի քանի ուժային կենտրոնների առկայությամբ»։
Զեկուցողի «բազմաբեւեռ իշխանության» տեսությունը չուշացավ ժխտել ներկա ընդդիմադիրներից Վիգեն Խաչատրյանը՝ բեւեռների «երեսովը տալով» գաղափարներ չունենալու եւ դրանց հիման վրա չմիավորվելու «հանցանքը»։ Իսկ որ ժողովուրդը, կոպիտ ասած, թքած ունի այս ընտրությունների վրա, դա էլ է յուրահատուկ վերաբերմունք: Ներկաների կողմից մի թույլ փորձ արվեց նաեւ վիճարկելու պարոն Դանիելյանի այն պնդումը, թե՝ «ՀՀՇ-ն վարկաբեկեց դեմոկրատիայի հասկացությունը, ՀՅԴ-ն՝ ազգայինի»։
Մյուս զեկուցողը՝ քաղաքագետ Հրաչյա Գալստյանը, շատ ավելի հեռվից սկսեց՝ ընդհանրապես մամուլի ազատության կորստի, թերթերի գոյատեւման հնարավորությունների մասին խորհրդածելով։ Այս հարցերի մասին իրենց դատողությունները ներկայացնել ցանկացողները քիչ չէին, ընդ որում՝ մամուլի պրոբլեմների մասին «սրտացավ հոգածությամբ» խոսում էին հենց քաղաքական գործիչները։ Բայց չէին մոռանում տեղ-տեղ «արդարանալ», թե խոսում են իրենք, որովհետեւ մամուլի ներկայացուցիչներն են լռում։ Իսկ մամուլի ներկայացուցիչներն էլ երեւի բազմաթիվ սեմինարներ լուսաբանելու դառը փորձով են համոզվել, որ խոսելով ու քննարկելով ոչ մի բան էլ չի փոխվելու։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ