Լեռնային Ղարաբաղի փաստացի ղեկավար, ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը, տուրք տալով վերջերս Հայաստանում ձեւավորված մոդային, երբ ամեն մի գեներալ պարզապես պարտավոր է ունենալ իր նախընտրական միավորումը, որոշեց հովանավորել «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը: Առավել հետաքրքիր է պրն Բաբայանի բացատրությունը, որով նա հիմնավորում է հենց այս դաշինքի ընտրությունը. պարզվում է, նա միշտ պաշտպանել է թույլերին եւ տկարներին: Սակայն առայժմ հասկանալի չէ, թե ինչու է նա որոշել, որ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչներից ամենատկարները Արտաշես Գեղամյանն ու Հրանտ Խաչատրյանն են:
Հրանտ Գրիգորյանը
Պատգամավորության սույն թեկնածուն այնքան լավ է Պաշտպանվել պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի, իր բարեկամ, գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից, որ բոլոր նրանք, ում մտքով կարող էր անցնել իրենց թեկնածությունը դնել թիվ 37 ընտրատարածքում, վախեցած փախան՝ սարսափելով թե գեներալ Մանվելից, թե ընտրատարածքի համարից: Քանի որ հիշյալ թեկնածուն մենակ է մնացել, եւ նրա հաղթանակը ոչ մի կասկած չի առաջացնում, սրտանց շնորհավորում եմ անկախ Հայաստանի երրորդ խորհրդարանի առաջին պատգամավորին եւ առաջարկում եմ անվանել նրան հակիրճ՝ 37-ի Հրանտ:
Կարդացեք նաև
ՀՀՇ-ականները
Անկախ իր կամքից, նախկին ռեժիմի բոլոր ներկայացուցիչներին յուրովի պաշտպանեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ փաստորեն խոստովանելով, որ դատախազությունը նրանց դեմ քրեական գործեր է հարուցում Դաշնակցության պատվերով: Պրն Հովհաննիսյանի հիշատակած մարդիկ հիմա կարող են դիմել ցանկացած հանցագործության եւ պատասխանատվության կանչվելու դեպքում հայտարարել, թե դա քաղաքական հետապնդում է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ