Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՐՓԻ» ԵՎ «ԼՈՌՈՒ ՄԱՐԶ»

Ապրիլ 09,1999 00:00
krpak

Արդեն մի քանի ամիս է՝ Վանաձորում շաբաթական 2 անգամ լույս է տեսնում «Արփի» անկախ թերթը, որ հաճախակի անդրադառնում է ԱԺ նիստերին, կառավարական քննարկումներին եւ առհասարակ քաղաքական անցուդարձին։

Քանի որ թերթի խմբագիրը միաժամանակ «Եղինջ» երգիծական հանդեսի խմբագիր, արձակագիր-լրագրող Սամվել Խալաթյանն է, ապա թերթը շարունակում է «Եղինջի» ավանդույթները եւ երբեմն նյութերը համեմում երգիծանքով. «Կառավարությունն այսօր դարձել է մեծ ճանապարհի ցերեկային ավազակ», «Ոչ ոք չէր ուզում լուծարվել», «Հավատա ծարավիդ եւ սկանդալներովդ հպարտացիր», «Աժիոտաժ» եւ այլն։ «Լարվող հանրապետություն» եւ «Լարված աշխարհ» խորագրերին զուգահեռ, բնականաբար, թերթում տեղ է զբաղեցնում նաեւ իբր թե «Դինջ Լոռին»։ Ժամանակ առ ժամանակ էլ թերթն սկսում է տեղական իշխանությունների «վրա թթվել»։ Օրինակ՝ «Լոռու մարզպետարանն ու Վանաձորի քաղաքապետարանը ոտքի մրցումներից՝ ֆուտբոլից, միանգամից գլխի մրցումների անցան՝ շախմատին։ Պարզվեց, որ գլխի գծով մարզպետարանը 2 անգամ գերազանցում է քաղաքապետարանին»։

Շաբաթական երկու անգամ Վանաձորում լույս է տեսնում նաեւ «Լոռու մարզ» պաշտոնաթերթը, որի խմբագիրը բանաստեղծ- լրագրող Մանվել Միկոյանն է։ Պետք է ասել, որ 2 թերթերն էլ իրենց ընդհանուր «գծից» երբեմն «շեղվում» են։ Օրինակ, «Լոռու մարզը», այսպես կոչված՝ «պետական մտածողությունից» կարճ ժամանակով ձերբազատվելով՝ թերահավատությամբ է վերաբերվում ԱԺ ապագա պատգամավորներին ու գրում է. «ԱԺ առաջիկա ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրելիք «ավանդական» եւ հավանական անունների կողքին Վանաձորում այնպիսի անուններ են «շրջանառության մեջ դրվել», որ միայն հիանալ կարելի է հայ ազգի «ստեղծագործ մտքով» ու հազարամյա տաղանդով։ Վերջիններս ընտրություններից հետո մի ավելորդ անգամ կհամոզեն բոլորիս, թե նման դեպքերում «ինչպես պետք չէր վարվել»։

«Օրինաց երկիր» կուսակցության՝ Վանաձորում կայացած հիմնադիր ժողովի մասին «Լոռու մարզը» խիզախաբար արձանագրում է, թե «Արթուր Բաղդասարյանի ելույթը ինքնագովազդի եզակի նմուշ էր», եւ իրեղեն ապացույցներ է մեջբերում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ելույթից, մինչդեռ այդ նույն ժողովի մասին «Արփին» ավելի զուսպ է արտահայտվում՝ «բավարարվելով» միայն իսկապես վրիպելով կուսակցության անվանումը՝ կոչելով «Ձայն օրինաց», որի համար հաջորդ համարում ուղղում է տպագրում։ Միաժամանակ «Լոռու մարզը» չի ներում անկախ ԶԼՄ-ների կողմից որեւէ «շեղում»՝ գովասանք կամ լուսավոր գույն այս կամ այն քաղաքական գործչի եւ իշխանության ներկայացուցչի մասին (ըստ երեւույթին, դա համարելով միայն պետական ԶԼՄ-ների մենաշնորհը) ու «խայթում» է՝ ասելով. «Իրենց «անկախ» համարող մեր «փորձառու եւ արհեստավարժ» գործընկերներից ոմանք, ինտենսիվորեն տուրք տալով հին իներցիային, շարունակում են կոնկրետ իրականացնել ժամանակին մեծ մասսայականություն վայելող արտահայտությունը. «Կարեւորը մտածելակերպը չէ, կարեւորը մտնելակերպն է»։

Չնայած «Արփին» եւ «Լոռու մարզը» մրցակիցներ են, սակայն գնի հարցում չեն կարող մրցել, քանի որ երկուսի գինն էլ 80 դրամ է՝ տպագրական 1 մամուլ ծավալով։

… Ի դեպ, «Արփին» թվով 2-րդ անկախ թերթն է Վանաձորում՝ 1995-96 թթ. լույս տեսնող «Տեսադաշտ» շաբաթաթերթից հետո։ Չնայած «Արփի» թերթի վերաբերյալ մի ընթերցող «թունոտ» նկատեց, որ թերթն այնքանով է անկախ, որքանով դա անհրաժեշտ է խմբագրին, այնուամենայնիվ, համոզված ենք, որ Խաչատուր Աբովյանը թերթն ընթերցելիս կասեր. «Օրհնվի էն սհաթը, որ Վանաձորի քաղաքապետի, Լոռու մարզպետի ու «Լոռու մարզ» թերթի նախկին խմբագիր Սամվել Խալաթյանի «ջրերը մի առվով չգնացին», ու նա իրա դիմումովը ազատվեց խմբագրի պաշտոնից, սկսեց «Արփի» տպելը։ Փառքդ շատ, Աստված, որ Վանաձորն էլի իրա անկախ թերթն ունեցավ»։ Լուրեր են պտտվում, թե Սամվել Խալաթյանը Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանին մի առիթով ասել է. «Այ բարո՜վ, բարով։ Ես քեզնից շա՜տ շնորհակալ եմ։ Դու որ չըլեիր՝ ես «Արփի» տպողը չէի՜»։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930