Լրահոս
Օրվա լրահոսը

«Յոթ նիստին մեջ բան մը չըրինք»

Ապրիլ 09,1999 00:00
dat

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-Անահիտ Ֆերջուլյան դատական գործը ծամոնի պես ձգվում է, ու վերջը չի երեւում։

Եթե նախորդ նիստում որոշում է կայացվում, գրավոր հաստատվում է՝ թե այսինչ վկան (այս դեպքում՝ Արտակ աբեղան) հաջորդ նիստին անպայման կներկայանա դատարան, ապա դա դեռ ոչինչ չի նշանակում։ Դատարանն ինչ կուզի թող որոշի, ում կուզի՝ թող հրավիրի, չեկողը չի գալիս եւ իրեն ազատ է զգում իր գործողություններում։ Այս պարագայում, վկայի անհարգելի չներկայանալու պատճառով (ինչն ընդունեց նաեւ դատարանը) նիստը հերթական անգամ հետաձգվեց։ Հետաձգման մեկ այլ, ոչ այնքան օբյեկտիվ (սակայն ներելի) պատճառ կար՝ դատարանն ամբողջ կազմով հուղարկավորության պետք է մասնակցեր։

Արտակ աբեղայի փոխարեն պատասխանող կողմի ներկայացուցիչը դատարանի դահլիճ էր բերել հայտարարություն, որում մասնավորապես ասվում է, թե Ֆերջուլյանների հարստությունը Խորեն սրբազանին (Երեւանի փոխթեմակալ, հետագայում՝ Ամենայն հայոց կաթողիկոս) պահ տալը դեռ չի նշանակում հայոց եկեղեցուն պահ տալ։ Հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանը իր հերթին մեկ այլ հայտարարություն արեց. «Պատասխանող կողմը չխուսափեց նույնիսկ գնալ շանտաժի, զգալով, թե որքան կարեւոր է հայցվոր կողմի համար գործի արագ լուծումը, որքան ծանր նյութական վիճակի մեջ է գտնվում հայցվորը, պատասխանող կողմի ներկայացուցիչը, օգտագործելով այս հանգամանքները, հանգեցրեց այն բանին, որ Արտակ աբեղայի չներկայանալը հայցվոր կողմին կանգնեցրեց ծանր երկընտրանքի առաջ»։

Այնուհետեւ եզրակացությունն այն էր, որ հայցվոր կողմը «նկատի ունենալով, որ տվյալ գործով արագ լուծումը կենսական նշանակություն է ձեռք բերել իր համար, ստիպված է հետ վերցնել Արտակ աբեղային որպես վկա դատարան հրավիրելու իր միջնորդությունը, իրավունք վերապահելով, սակայն, գործի համար կարեւոր նշանակություն ունեցող փաստերը պարզաբանելու նպատակով նման միջնորդությունը հետագայում եւս հարուցել»։ Վերոհիշյալ հայտարարության մեջ փաստաբանը պահանջեց աբեղայի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ դիմել դատախազություն՝ նախաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Վերջին պահանջը դատարանը մերժեց, սակայն ընդունեց, որ աբեղան անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ։

Հաջորդ նիստը որոշվեց անցկացնել չորեքշաբթի, ժամը 11.30-ին։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930