Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՐԱՄԱՍԸ ԼՔԵԼ ԷՐ, ԲԱՅՑ՝ ԴԱՍԱԼԻՔ ՉԷՐ

Ապրիլ 09,1999 00:00
zinvor hamazgest

Նորայր Ղազարյանը դեռեւս 1992 թ. նոյեմբերի 27-ին ծառայության է ուղարկվում Վանաձորում տեղակայված N զորամաս։ Ծառայության մեջ մնալով 4 օր, նա ինքնագլուխ լքում է զորամասը եւ մեկնում Գորիս՝ իր մշտական բնակության վայրը։

Գորիսում նա երկրապահ ջոկատի կազմում մասնակցում է սահմանամերձ դիրքերում մարտական հերթապահության եւ միեւնույն ժամանակ հոգում իր ընտանիքի հոգսերը։ Եվ, այդուհանդերձ, շուրջ երկու տարի նա, փաստորեն, դասալիքի դերում է եղել, թեեւ այդ ընթացքում մի քանի անգամ փորձել է Գորիսի զինկոմիսարիատի միջոցով ճշտել այնտեղ իր հետագա ծառայությունը շարունակելու հնարավորությունը, սակայն պարզվել է, որ դա անհնար է։ Ինքնագլուխ զորամասը լքելը եւ Գորիս մեկնելը նա բացատրում է նրանով, որ Գորիսն այդ ժամանակ պատերազմական գործողությունների գոտուն շատ մոտ էր՝ ռմբակոծման եւ հարձակման վտանգի տակ, եւ նա ցանկանում էր մոտ գտնվել ընտանիքին։

1994 թ. դեկտեմբերի կեսին Ն. Ղազարյանը ներկայանում է Սպայի տանը գործող ներման հանձնաժողովին, որտեղ նրան հանձնարարում են գնալ Գորիսի զինկոմիսարիատ, որտեղից նրան նորից կզորակոչեն։ 1995 թ. հունվարին Ղազարյանը ներկայանում է Գորիսի զինկոմիսարիատ։ Այնտեղ նրան հայտնում են, որ մինչեւ գարուն կզորակոչեն, սակայն չեն զորակոչում մինչեւ… 1997 թ. նոյեմբեր ամիսը (իսկ այդ ընթացքում Ղազարյանը հասցնում է երկու երեխա ունենալ)։ Զինկոմիսարիատում նա ներկայացնում է տեղեկանք ընտանիքի կազմի եւ երեխաներ ունենալու մասին։ Նա միաժամանակ պատրաստակամություն է հայտնում ծառայել ցանկացած զորամասում, սակայն 1998 թ. դեկտեմբերի 22-ին Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվում ՀՀ քր. օր. 255 հոդվածի բ կետով։

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը Վանաձորում, դռնբաց դատական նիստում վերջերս մեղավոր ճանաչեց Նորայր Ղազարյանին ոչ այն հոդվածով, որով նա մեղադրվում էր, քանի որ դատական վիճաբանությունների փուլում մեղադրող կողմը, ելնելով դատաքննությամբ հետազոտված ապացույցների համակողմանի գնահատումից, միջնորդեց արարքը որակել ավելի մեղմ հոդվածով՝ ՀՀ քր. օր. 254 հոդվածի գ կետով։

Միաժամանակ դատարանը կիրառեց «ՀՀ անկախության հռչակագրի 7-րդ տարելիցի առթիվ համաներում հայտարարելու մասին» որոշումը եւ պատիժ նշանակեց 1 տարի 9 ամիս ժամանակով։ Պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութում։

Զարմանալի է, որ Ներման հանձնաժողովը, փաստորեն, 1994 թ. Գորիսի զինկոմիսարիատին հանձնարարում է զորակոչել Ղազարյանին, սակայն ոչ միայն այդ հանձնարարությունը չի կատարվում, այլեւ մի քանի տարվա քաշքշուկից հետո վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվում դասալքության մեղադրանքով, այն դեպքում, երբ նա, համաձայն գործում եղած տվյալների, չնայած զորամասը լքել էր ինքնագլուխ, սակայն մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930