Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆԸ ՓԱԿՄԱՆ ԵԶՐԻՆ

Ապրիլ 09,1999 00:00
alaverdi

Մեկ շաբաթ առաջ «Առավոտն» անդրադարձել էր Ալավերդու պղնձաձուլական գործարանի առջեւ կանգնած խնդիրներին։ Հիշեցնենք, որ 10 օր առաջ Ալավերդի էին ժամանել ՀՀ արդյունաբերության, բնապահպանության նախարարները, մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, որպեսզի տեղում գտնեին «Մանես եւ Վալլեքս» ՓԲԸ-ի պրոբլեմների լուծման բանալին, որպեսզի պղնձաձուլարանը, որ Ալավերդի քաղաքի միակ գործող ձեռնարկությունն է, շարունակի աշխատել։

Այն ժամանակ նախարարները լրագրողներին եւ պղնձաձուլարանը տնօրինող ՓԲԸ-ի ղեկավարությանը հավաստիացրին, որ հնարավորը կարվի գործարանի հետագա աշխատանքն ապահովելու համար։ Սակայն մեզ հայտնի դարձավ, որ եկող շաբաթվանից գործարանը սառեցնելու է արտադրությունը։

Այս հարցով դիմեցինք «Վալլեքս» խմբի փոխնախագահ Ֆելիքս Ղուշչյանին, որը նշեց, որ չնայած «Վալլեքսի» բաժնետերերը այլեւս չեն ցանկանում ամսական 70-100 հազար դոլարի վնասով աշխատել եւ պահանջում են սառեցնել արտադրությունը, այնուամենայնիվ, «Մանես եւ Վալլեքս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանի հրամանով, առայժմ գործարանը երկու ամսով կկանգնեցվի «վերականգնողական-վերանորոգման աշխատանքներ անցկացնելու նպատակով»։

Միաժամանակ պրն Ղուշչյանը դիվանագիտորեն նշեց, որ հարցի վերջնական լուծումը դեռ չկա, իսկ երկու ամիս անց գործարանի աշխատել-չաշխատելու հարցը կախված է այն հանգամանքից, թե որքանով կաշխատեն այն մեխանիզմները, որոնք իրենց հնարավորություն կտան առաջիկայում աշխատել առանց վնասի։ Իսկ ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկի վերադարձման մեխանիզմին, ապա Ղուշչյանը նշեց. «Մենք այս հարցով հանդիպումներ ենք ունեցել ամենաբարձր պաշտոնյաների հետ, որոնք լավագույն դեպքում մեզ հորդորում են, որ սպասել է պետք։ Մյուս կողմից էլ հարկային տեսչության խմբերն անվերջ հետազոտություն-ստուգումներ են անցկացնում, որոնց ավարտից հետո միայն մենք կարող ենք ակնկալել այդ գումարների երբեւէ վերադարձը»։

Հետաքրքիր է նաեւ, որ «Մանես եւ Վալլեքսի» առաջարկի նկատմամբ կառավարությունն առայժմ ոչ մի վերաբերմունք ցույց չի տվել։ Խոսքս այն մասին է, որ «Մանես եւ Վալլեքսը» կառավարությանը 10-25% բաժնեմաս է առաջարկում՝ եղած ավելցուկներն ինքնարժեքով իրենց տրամադրելու դիմաց, ինչն անհրաժեշտ է պղնձաձուլարանի աշխատանքի համար։ Բանն այն է, որ էներգետիկ եւ տրանսպորտային բնագավառներում առկա սակագների պայմաններում պղնձաձուլարանի հետագա աշխատանքը դառնում է անիմաստ։

Իսկ ինչ վերաբերում է Ալավերդի քաղաքին, ապա այն կարող է մի քանի ամսից տեղ զբաղեցնել Գինեսի գրքում, որպես մի քաղաք, որտեղ բոլոր բնակիչներն ունեն գործազուրկի կարգավիճակ։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930