ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնում անցյալ տարեվերջին իրականացված համանման ծրագրի արդյունքները ներկայացնում է հետազոտության ղեկավար, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։
Մեր իրականության մեջ ամենամասսայական լրատվամիջոցը վերստին հեռուստատեսությունն է։ Այն տեղեկատվության հուսալի աղբյուր է հարցմանը մասնակցած երեւանցիների 88%-ի համար։ Նրանց 50%-ն օրվա ընթացքում 3-5 ժամ, իսկ 26%-ը՝ դրանից էլ ավելի անց է կացնում հեռուստաէկրանի առջեւ։
Վերջին ուսումնասիրության տվյալներով՝ հեռուստատեսության ընդհանուր վիճակագրական լսարանը հասնում է 80%-ի։ Ասել է թե՝ ամեն օր տեղեկատվություն ստանալու, ժամանցի եւ այլ նպատակներով հեռուստատեսության ծառայություններին է դիմում մեր համաքաղաքացիների 4/5-ը։
Ինչպես վկայում են դեկտեմբերյան ուսումնասիրության արդյունքները, հայկական հեռուստաընկերությունները երեւանցիների շրջանում ունեցած վիճակագրական լսարանի ծավալներով զիջում են ռուսական հայտնի ընկերություններին, ամենամասսայական հեռուստածրագիրը շարունակում է մնալ Ռուսաստանի հասարակական հեռուստատեսությունը (ՕPT), որի միջին վիճակագրական լսարանը հասնում է 71%-ի։ Այս ծրագիրը հեռուստադիտողներին գրավում է առաջին հերթին օպերատիվ տեղեկատվությամբ, ժամանցային եւ մշակութային բարձրաճաշակ ծրագրերով, գեղարվեստական ֆիլմերի ճկուն քաղաքականությամբ, հաղորդումների բազմաժանրությամբ։
Կարդացեք նաև
Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են Ռուսաստանի Դաշնության (PTP) եւ Հայաստանի ազգային հեռուստատեսության ծրագրերը՝ վիճակագրական լսարանի համապատասխանաբար 64,8% եւ 61% ցուցանիշներով։ ՀԱՀ-ը հեռուստադիտողներին գրավում է տեղական լուրերի եւ տեղեկատվության, մշակութային ծրագրերի եւ, հիմնականում, ազգային արժեքների ներկայացման առումով։
Անցյալ տարեվերջին վիճակագրական լսարանի ծավալներով (44,2%) չորրորդ տեղում իր գործունեությունն ավարտած «Նորք» հեռուստաընկերությունն էր։ Թերեւս, պետք է ենթադրել, որ նրա գործունեության դադարեցումը հանգեցրած լինի ՀԱՀ-ի վիճակագրական լսարանի եւ հաղորդումների դիտելիության որակի աճի։
Հինգերորդ տեղում «Ար» հեռուստաընկերության ծրագրերն են՝ 38% վիճակագրական լսարանով։ «Ար»-ը հեռուստադիտողների ուշադրությանն է արժանացել իր գեղարվեստական ֆիլմերով։ Նրա առանձին ծրագրեր («Սուրհանդակ», «Հետագիծ», «Ուրբաթ գիշեր…») ունեն բավական կայուն լսարան եւ տեղ են գտել երեւանյան հեռուստադիտողի հաղորդացանկում։
Վեցերորդ տեղում, 27% վիճակագրական լսարանով, «Բիզնես TV» հեռուստածրագիրն է։
Ապա, ըստ վիճակագրական լսարանի ծավալների նվազման գալիս են ռուսական «HTB» (25,9%), «Ա1+» (22,2%), «Մայր հայրենիք» (13%) եւ «Դար 21» (5,1%) հեռուստաընկերությունները։ Սահմանափակ շրջագծով գործող կաբելային հեռուստաընկերությունների ընդհանուր վիճակագրական լսարանը Երեւանի տարածքում կազմում է 12%։
Նորաստեղծ հեռուստաընկերություններից շատերը լսարանի հետ կապի տեսանկյունից ունեն որոշակի դժվարություններ, ինչն անխուսափելիորեն անդրադառնում է դրանց լսարանի ծավալների վրա։ Հեռուստադիտողներից ոչ բոլորն ունեն դեցիմետրային ալիքներով հեռարձակվող ծրագրերը դիտելու հնարավորություն։ Այդ առումով շահեկանորեն առանձնանում է, օրինակ, «Ար»-ը, որը եւ ամենամեծ լսարանն ունի ոչ պետական հեռուստաընկերությունների շարքում։
Ընդհանուր առմամբ, երեւանյան հեռուստադիտողի տեխնիկական զինվածությունը ներկայանում է հետեւյալ ցուցանիշներով։ Արբանյակային հեռուստատեսությունից օգտվելու հնարավորություն ունի մեր համաքաղաքացիների 4%-ը միայն։ Կաբելային հեռուստատեսությունից օգտվելու հնարավորությունն առկա է նրանց 20%-ի բնակարաններում։ Եթե 79%-ի մեջ սեւ-սպիտակ հեռուստացանցը միայն հուշեր է արթնացնում, ապա 16%-ը դեռեւս շարունակում է գործածել այդպիսի հեռուստացույցներ։
Ցանկացած լրատվամիջոցի գործունեության արդյունավետ եւ նպատակային կազմակերպման, լայն լսարանի ապահովման տեսանկյունից էապես կարեւորվում է լսարանի պահանջմունքների հետազոտմանն ուղղված մարքեթինգային ուսումնասիրությունների դերը։ Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ հեռուստադիտողների շրջանում առավել մեծ պահանջարկ են վայելում երաժշտական-զվարճալի, ժամանցային ծրագրերը։ Կանանց մոտ այդ ժանրի հաղորդումների նկատմամբ հետաքրքրությունն ավելի նկատելի է (64%), քան տղամարդկանց շրջանում (55%)։ Տարիքային ցենզի նվազմանը զուգահեռ, դրանց երկրպագուների թիվն ավելանում է։
Ըստ ունեցած պահանջարկի, երկրորդ տեղում գեղարվեստական ֆիլմերն են (46%)։ Դրանց նկատմամբ պահանջարկը, սակայն, 15-20%-ով նվազել է 1994-95 թթ. համեմատությամբ, ինչը դեռեւս զգալիորեն պայմանավորված է ներկայումս նման ծրագրերով եթերի գերհագեցվածությամբ։
Ավանդաբար մեծ է հետաքրքրությունը արվեստին, մշակույթին նվիրված հաղորդումների ու ծրագրերի նկատմամբ։ Այն համեմատաբար ավելի շոշափելի է միջին տարիքի (31-45) ռեսպոնդենտների շրջանում եւ աճում է կրթամակարդակին զուգահեռ։
Հետազոտությունների տվյալները կայուն պահանջարկ են արձանագրում տեղեկատվական ծրագրերի նկատմամբ, ընդ որում՝ տղամարդկանց մոտ համեմատաբար ավելի, քան կանանց շրջանում։ Տարիքային ցենզի նվազմանը զուգընթաց, նվազում է նաեւ հետաքրքրությունը ինֆորմացիոն-լրատվական բլոկի հաղորդումների նկատմամբ եւ աճում՝ կրթամակարդակի աճին զուգահեռ։
Փոքր է պահանջարկը տնտեսական-վերլուծական հաղորդումների, վավերագրական ֆիլմերի նկատմամբ։ Առանձնակի ոգեւորություն չի նկատվում նաեւ քաղաքական-վերլուծական հաղորդումների կապակցությամբ։ Հարցման մասնակիցների 45%-ին ընդհանուր առմամբ բավարարում է նման հաղորդումների չափաբաժինն Ազգային հեռուստատեսության եթերում։ Կանանց եւ պատանիների մոտ այդ ծրագրերի նկատմամբ բացասական դիրքորոշում ունեցողների թիվը ավելի մեծ է։
Քաղաքական-վերլուծական բնույթի հաղորդումների համեմատությամբ գեղարվեստական, երաժշտական-զվարճալի ծրագրերի նկատմամբ եղած պահանջարկի գերակայությունը բնական պետք է համարել քիչ թե շատ նորմալ կացությամբ հասարակության համար։ Շատերն են սիրում երաժշտություն լսել, զվարճանալ, առնչվել արվեստին ու մշակույթին, սակայն քչերն են լրջորեն հետաքրքրվում քաղաքականությամբ, տնտեսական տեղաշարժերով։
Վերջիններիս վերաբերյալ հաղորդումների նկատմամբ լսարանի պահանջարկը կտրուկ աճում է եւ անգամ գերազանցում գեղարվեստական բնույթի հաղորդումների նկատմամբ եղած հետաքրքրությունը հասարակական կյանքում տեղի ունեցող կտրուկ շրջադարձերի ու կարեւորագույն նշանակություն ունեցող իրադարձությունների պարագայում եւ կարող է կրել միայն ժամանակավոր բնույթ։
Հակառակ պատկերը, երբ գեղարվեստական, երաժշտական-զվարճալի հաղորդումների նկատմամբ հետաքրքրությունը չափազանց գերազանցում է քաղաքական -վերլուծական հաղորդումների նկատմամբ եղած պահանջարկը, նույնպես խոսում է հասարակության մեջ տիրող ոչ այնքան նորմալ մթնոլորտի մասին։ Տվյալ հետազոտության արդյունքում հետաքրքրությունների եւ պահանջարկի՝ արձանագրված հարաբերակցությունը նորմալ կարելի է համարել ոչ սահմանային իրավիճակներում գտնվող հասարակական կարծիքի հետ։
Պահանջարկի եւ մասսայականության տեսանկյունից առանձնանում են նաեւ սոցիալական ուղղվածություն ունեցող հաղորդումները, թեմատիկ ցանկում զբաղեցնելով հինգերորդ տեղը՝ երաժշտական-ժամանցային հաղորդումներից, գեղարվեստական ֆիլմերից, մշակութային եւ տեղեկատվական ծրագրերից հետո։ Դա, իհարկե, պայմանավորված է հասարակությանը հուզող սոցիալական բազում հիմնախնդիրների առկայությամբ։
Կատարված հետազոտությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ հայկական հեռուստաընկերությունների կողմից պատրաստվող կայուն եթերաժամանակ եւ պարբերականություն ունեցող 20 հաղորդաշարերի վերաբերյալ հեռուստադիտողների կարծիքներին ու գնահատականներին, պատկերացում կազմել դրանց լսարանի ծավալների վերաբերյալ։