Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացա՛վ

Ապրիլ 09,1999 00:00
anglux

Վերջապես, երկար սպասումներից հետո, մայրամուտից առաջ, մի աննկատ տեղ կայացավ Ազգային Բրոունյան շարժում (ԱԲՇ) կուսակցության հիմնադիր ժողովը։ Շարժման ինտենսիվությունը երկար ժամանակ թույլ չէր տալիս ժողովը սկսել։

Միայն երեկոյան, ջերմաստիճանի անկման հետ, երբ նվազեց մասնակիցների միջին արագությունը, բացման խոսքով հանդես եկավ համընթաց շարժման հին ջատագով Վլադիմիր Քրիստափորի Դելակրույանը։ Համառոտ ներածական խոսքից հետո, երբ ներկաների համար պարզ դարձավ ազգի վիճակը եւ իրենց կարգավիճակը, Քրիստափորիչը ցույց տվեց պայծառ ուղին՝ Բրոունյան շարժումը։ Սակայն այդ մասին հետո։ Պատահակա՞ն էր արդյոք ԱԲՇ ծագումը։ Այո՛, պատահական էր, քանզի պատահականության գաղափարն էլ հենց հանդիսանում է ուսմունքի հիմնաքարը։ Ամեն ԱԲՇ-ուկ պարտավոր է կյանքում (թե՛ անձնական, թե՛ հասարակական) ընդունել եւ իրագործել միայն պատահական որոշումներ, որպեսզի հետագայում, նրա թոռներն անիծեն ոչ թե իրենց պապիկին, այլ իրենց ճակատագիրը։ Դժվար խնդիր է… Հատկապես շատ են խանգարում այնպիսի իրենց դարն ապրած հակասություններ, ինչպիսիք են կյանքի փորձն ու «առողջ» տրամաբանությունը։ Դրանցից ազատվելու համար սկսնակ ԱԲՇ-ուկին կօգնի պատահական որոշումների գրպանի գեներատորը։ «Այ Բի Էմ» համատեղելի, վայրկյանում քսան միլիոն պատահական որոշում կայացնող այս հրաշքը ստեղծված է անձամբ Քրիստափորիչի եւ նրա հետ նույն կալանավայրում եղած մի շարք պատկառազդու մտածողների ձեռքով։

Համագումարը բնականոն ձեւով վերածվեց գեներատորի շնորհանդեսի, քանզի նրան հանձնարարվեց ժողովի հետագա վարումը։ Ընտրվեցին ԱԲՇ-ի չորս ատենապետ, վեց ատենակալ, տասներկու մեծ եւ մեկ փոքր մագիստրոս։ Որոշում ընդունվեց կուսակցություն անդամագրվելու համար դիմողներին կշռել։ Բալային ցենզ որոշվեց. տղամարդիկ՝ 70 + – 30կգ, կանայք՝ 60 + – 20 կգ։ Գաուսի բաշխումը չպղծելու համար քաշային ցենզով չանցնող դիմողների հարցը որոշվեց դնել համաժողովրդական քննարկման։

ԱԲՇ տնտեսական ծրագրում հարմոնիկ կերպով միահյուսվել էին գերզարգացած սոցիալիզմի եւ ճապոնական սամուրայների «Բուսիդո» կոդեքսի գաղափարները։ Հրաշալի լուծում առաջարկվեց կոնյակի գործարանի եւ վառելիքաէներգետիկ համակարգի շրջանակներում գոյություն ունեցող պրոբլեմների ոլորտում՝ կոնյակ-բենզին համասեռ խառնուրդի արտադրման եւ արտահանման տեսքով։ Դրամի արժեզրկումը դադարեցնելու նպատակով որոշվեց դիմել համապատասխան ատյաններ, մարմնավաճառության հետ համատեղ ժամանակավորապես թույլատրել վերականգնել ստրկավաճառությունը։ Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ կառավարությանն առաջարկել կատարել գալակտիկ եւ մետագալակտիկ օբյեկտների՝ աստղերի եւ միգամածությունների սեփականաշնորհում՝ հաշվի առնելով հեռավորությունն ու զարգացման փուլը։

Ժողովի վերջում բոլոր մասնակիցները հոտնկայս երգեցին կուսակցության հիմնը՝ «Բա դե եսիմ, եսիմ, եսիմ…»։

Փակման խոսքում Քրիստափորիչը խոստացավ մի օր նորից հավաքվել։

ԱԲՇ փոքր մագիստրոս Օ՜. ՋԱԼՈՅԱՆՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930