Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՐԵՔ ԵՎ ՈՒՐԱՑԵՔ

Ապրիլ 09,1999 00:00
kasharq

Ձոն առ ընտրակաշառք

Հայերի հավաքական մտածելակերպի մեջ «ուտող-ուրացող» արտահայտությունը գրեթե հայհոյանքի պես բան է, ու հայերը վրդովվում են, երբ նման խոսքի են արժանանում։ Համենայնդեպս, մինչ վերջերս այդպես էր։ Սակայն, երբ վերջերս որոշվեց, որ միասին հաց ուտելը քաղաքական կատեգորիա չէ, ակնհայտ դարձան «ուտել-ուրանալու» առավելությունները արդի քաղաքական բարքերում։ Գիտակցելով դա, բոլորը սկսեցին առաջնորդվել այդ նոր կանոնով՝ նախկին բարեկամները, կուսակիցները, ժողովրդի ընտրյալներն ու անգամ լրագրողները։ Վերջինների շրջանում դա հետզհետե արհեստավարժության չափանիշ դարձավ՝ որքան շատ են լրագրողները պաշտոնյաների, հեղինակությունների հետ «միասին հաց ուտում», այնքան ավելի անկեղծ ու համարձակ են «ուրանում»։ Վերջին շրջանում պաշտոնյաների արատները հատկապես սեղանի շուրջ են նկատելի դարձել։ Բայց խոսքը դրա մասին չէ, այլ՝ գալիք ընտրությունների, որովհետեւ ժողովրդի նոր ընտրյալներից է կախված 21-րդ դարի հայության հավաքական կերպարը։

Հավանաբար այդ գիտակցությունն է մղում հազարավոր մեր հայրենակիցներին դեպի դաժան ընտրապայքար, որն այս անգամ էլ, վստահ ենք, կավարտվի արժանավորների հաղթանակով։ Ինչպես նախկինում, հիմա էլ մրցավազքի պարտադիր ուղեկիցը «ընտրակաշառքն է», որն առաջարկվում է ընտրազանգվածին՝ նրա քվեն ունենալու դիմաց։ Այս երեւույթի բացահայտումը ազնիվ ժողովրդավար թեկնածուների եւ հատկապես արհեստավարժ լրագրողների գործն է։ Այսօր ամենուր կոչեր են հնչում նման կաշառքից հրաժարվելու, քվեարկության գնալ միայն ու միայն ազատ կամքի համաձայն, իբրեւ թե դա է ժողովրդավարության պահանջը։ Մինչդեռ իրականում «ընտրակաշառք» վերցնելը բոլորովին էլ չի խանգարում ազատ կամքը արտահայտելուն։ Եթե, ինչպես ասացինք, որոշ շրջանակներում «ուտել-ուրանալը» վաղուց արդեն բարոյական նորմ է, ինչո՞ւ ենք ուզում զրկել մեր ժողովրդին չնչին բարիքներից, որ ընտրությունից ընտրություն առաջարկվում են իրեն։

Նախ նշենք, որ ընտրակաշառքն ընդունված է բոլոր երկրներում՝ տարբեր են միայն նրա դրսեւորման ձեւերը։ Զարգացած հասարակություններում ընտրությունների ժամանակ հաշվի են առնում տարբեր խավերի շահերն ու ըստ այդմ խոստումներ տալիս՝ փակել էկոլոգիապես վնասակար գործարաններ, պաշտպանել գունավոր բնակչության իրավունքները, թույլատրել (արգելել) աբորտը, հարգել ազգային փոքրամասնությունների իրավունքները եւ այլն։ Նման երկրներում հայերին մերթ ընդ մերթ խոստանում են վերանայել իրենց պետությունների վերաբերմունքը 1915 թ. եղեռնի հանդեպ, որոշ երկրներում խոստանում են նույնիսկ ընդունել մեր ցեղասպանությունը։

Մեր ազգային «ընտրակաշառքը» ավելի պարզ է՝ շաքարավազ կամ սոլյարկա, փողոցի ասֆալտապատում, մանկապարտեզ ու դպրոց։ Վերջերս խիստ հարգելի է «մի մեշոկ բրինձը» (երեւի ի նշան Չինաստանի հետ մեր դարավոր ռազմական համագործակցության), նրան գրեթե հավասարազոր է եկեղեցի կառուցելը։ Բայց այս պարզ բարիքները գրեթե անարժեք են հայրենասիրական ու ազգափրկիչ խոստումների համեմատությամբ՝ նախկիններին (Վանո, Լեւոն) պատասխանատվության կանչելու եւ երկրում արդարությունը վերականգնելու իմաստով։ Քանի որ ժողովուրդը դժվար է կողմնորոշվում, թե ինչ պիտի անի երկրում ժողովրդավարության վերջնական հաղթանակն ապահովելու համար, իսկ «ընտրակաշառքը» (բրինձ, սոլյարկա, դրամ, դոլար) միշտ չէ, որ առաջարկվելու է, ապա խորհուրդ ենք տալիս հետեւյալը՝ ա) առանց խղճի խայթի ընդունել ցանկացած ընտրակաշառք ցանկացած թեկնածուից, բ) «ուտել» այն եւ իսկույն «ուրանալով», մոռանալ տվյալ թեկնածուին ձեր տված խոստումը, գ) իմանալ հարեւան ընտրատարածքում բաժանվելիքը եւ «բազար անել» սեփական թեկնածուների հետ։

Իսկ երբ կավարտվի ընտրապայքար կոչվածը եւ մայիսի 30-ին դուք՝ ազատ երկրի ազատ քաղաքացիներդ կգնաք ձեր ընտրատարածքները, հիշեք, որ «կաշառատուներից» ոչ ոք չի իմանա, թե պատասխանատու պահին ինչպես արտահայտվեց ձեր ազատ կամքը։ Քվեարկեք ձեր խղճին համաձայն, ընտրեք արժանավորին եւ վստահ եղեք, որ ձեր ընտրությունը ճիշտ է։ Քանի որ ընտրություններից հետո բոլոր ընտրյալները լծվելու են ժողովրդին ծառայելու պատվաբեր գործին եւ հարկադրաբար մոռանալու են ձեզ, այսօր իսկ օգտվեք ընտրապայքարի բոլոր բարիքներից։

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930