Պատգամավորության թեկնածուների թվով յուրահատուկ ռեկորդ է սահմանել Արագածոտնի մարզի Փարպի գյուղը։
Միայն թիվ 27 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով այստեղից առաջադրվել է միանգամից երեք թեկնածու՝ Պավել Եդիգարյանը (ԱԺՄ վարչություն), Արամայիս Ավետիսյանը (Աշտարակի Կենսաթոշակային ապահովման տարածքային կենտրոնի առաջատար մասնագետ) եւ ՀՀ օպերատիվ հարցերի եւ տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ռաֆիկ Մկրտչյանը։
Եթե Պավել Եդիգարյանն իր համագյուղացիներից բացի ակնկալում է ստանալ նաեւ ընտրատարածքի ԱԺՄ համակիրների ձայները, ապա Արամայիս Ավետիսյանը համոզված է, որ իրեն սատարելու են բոլոր 6000 թոշակառու ընտրողները։ Ճիշտ է, մինչ այդ պրն Ավետիսյանը պետք է փորձի մարել կուտակված կենսաթոշակային պարտքերը։
27-րդ ընտրատարածքը յուրահատուկ է նաեւ նրանով, որ մեծամասնականով առաջադրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության 3 անդամ՝ Ազգային ժողովի պատգամավոր Թաթուլ Սաֆարյանը, Ժորա Գեւորգյանը, ինչպես նաեւ «Տրանզիստոր» գործարանի տնօրեն Գագիկ Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Պաշտոնապես ՀՀԿ-ն աջակցելու է Գագիկ Խաչատրյանին։ Վերջինիս հայրը Խորհրդային շրջանում երկար տարիներ եղել է Կոմունիստական կուսակցության Աշտարակի շրջկոմի առաջին քարտուղարը։ Սեփական տանը նրա սպանության գործը մինչ օրս մնացել է չբացահայտված։
Բարդ կացության մեջ է հայտնվել մեկ այլ հանրապետական՝ Աշտարակի քաղաքապետ Կարեն Գեւորգյանը, որն ինքն էր ակնկալում՝ ՀՀԿ ցուցակով առաջադրվել թեկնածու։
27-րդ ընտրատարածքը, որտեղ ընդհանուր առմամբ առաջադրվել է պատգամավորության 13 թեկնածու, առանձնահատուկ է նաեւ նրանով, որ այստեղ միմյանց հետ իրենց ուժերը պետք է չափեն երկու դաշնակցական (Վարդան Մալխասյան-Ռուշան Մկրտչյան), քավորն ու սանիկը (Ժորա Գեւորգյան-Արամայիս Ավետիսյան), նույն գործարանի տնօրենն ու փոխտնօրենը։
ՎԱՀԱԳՆ ԱՐԱԵԳՅԱՆ
Աշտարակ