Լրահոս
Օրվա լրահոսը

Բերիկյանը պատրաստ է

Ապրիլ 09,1999 00:00
Filaret berikyan

ԱԺՄ վարչության անդամ Ֆիլարետ Բերիկյանը մի քանի օր առաջ «Առավոտին» բողոքով անդրադարձավ, թե՝ անուղղակիորեն սկսել ենք իր մրցակիցներ՝ Լեոնիդ Հակոբյանի եւ Կիմ Բալայանի քարոզարշավը։ Ասենք, որ մենք դեմ չենք որեւէ մեկին։ Համակրություններ, անշուշտ, ունենք, սակայն, հետապնդելով խիստ նեղ անձնական շահ, որպեսզի այս երկրում ազատ եւ արդար ընտրություններ տեղի ունենան, փորձելու ենք նաեւ հնարավորինս զուսպ լինել մեր գնահատականներում, եւ չցուցանել, թե ովքեր են մեր նախընտրելիները։ Բոլորին, գոնե մենք հակված ենք հավասար հնարավորություններ ընձեռել։ Հենց այս հիմքով էլ ներկայացնում ենք հարցազրույց Ֆիլարետ Բերիկյանի հետ։

– Լեոնիդ Հակոբյանն ու Կիմ Բալայանը այնպես են ներկայացնում, որ, իրոք, իրենք են ընտրատարածքի հիմնական մրցակիցները։ Իսկ դուք նրանց մտադի՞ր եք մարտահրավեր նետել։

– Մարտահրավեր նետել եւ հաղթելը, իհարկե, դժվար է, բայց պայքար լինելու է, անպայման։ Ես այնպես չեմ ներկայացնում, թե ինքս եմ հաղթելու։ Ասեմ, որ դեմ եմ նաեւ այն մոտեցմանը, երբ յուրաքանչյուրը հայտարարում է, թե ինքն է հաղթելու։ Առաջադրման վերջին օրը ուրիշ ընտրատարածքից, խոսքը թիվ 10-ի մասին է, մեր ընտրատարածք մարդ է տեղափոխվել։

– Ո՞ւմ մասին էր խոսքը։

– Փայլակ Հայրապետյանի, որը, կարծեմ, Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի հետ էր մրցակցելու, համենայնդեպս, այդպիսին էին մարզային ընտրական հանձնաժողովի տվյալները, իսկ հետո պարզվեց, որ տեղափոխվել է 5-րդ ընտրատարածք։ Իմ կարծիքով, համարյա բոլոր ընտրատարածքներում էլ կան հայտնի ֆինանսական մագնատներ։ Երբ որ թեկնածուների անունների դիմաց կարդում եմ, թե այս կամ այն ձեռնարկությունների տնօրեններն են, ոչ քաղաքականացված, տնտեսական լծակներ ունեցող մարդիկ, հասկանում եմ, որ համարյա բոլոր ընտրատարածքներում էլ կան նման ֆինանսական մագնատներ։ Ուստի շատ դժվար է ասելը, թե ով կհաղթի։

– Ուզում եք ասել, որ ընտրությունները ազատ ու արդա՞ր չեն լինի, թե՞ անկաշառ չեն լինի։

– Չեմ կարծում, թե Հայաստանում անկաշառ ընտրություններ կկայանան, որովհետեւ այսօրվա լյումպենացված ժողովրդի համար, ընտրակաշառքը գրեթե կյանքի նորմ է դարձել, ինչը, ցավոք, էական դեր կխաղա։ Օրենքն էլ կարծես, ընտրակաշառքի դեմ առնելու մեխանիզմներ առանձնապես չի սահմանել։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930