Երեկ կանադական պատվիրակությանը օդանավակայան ճանապարհելու էր եկել Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկինում ՀՀ ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը։
Նրանից էլ մի փոքրիկ հարցազրույց վերցրինք։
-Պրն Բարխուդարյան, երկար ժամանակ է՝ Հայաստանում չէիք։ Երկար բացակայությունից հետո ինչպե՞ս տեսաք Հայաստանը։
-Ես այս երեք օրը առավոտից երեկո պատվիրակության հետ եմ, շատ շփումներ չեմ ունեցել։ Քաղաքական կյանքը, նախընտրական շրջանը շատ բնականոն հունով է ընթանում։
Կարդացեք նաև
-Այսինքն…
-Ես 3 ամիս չեմ եղել Հայաստանում, տեսնում եմ նոր կրպակներ, նոր կառույցներ։ Այսինքն՝ տեղաշարժերը կարծես դրական են։
-Իսկ ձեր հետեւորդի՝ ֆինանսների նոր նախարար Սանդոյանի հետ հանդիպե՞լ եք։
-Սանդոյանին նոր չէ, որ ճանաչում եմ։ Վաղուց մտերիմներ ենք։
-Պարզապես հետաքրքիր կլիներ իմանալ ձեր վերաբերմունքը ֆինանսների նախարարի աշխատանքի մասին։ Այն առումով, որ այդ պաշտոնը թողնելուց հետո, ձեզ միշտ չէ, որ հաճելի խոսքեր են ուղղվել։
-Առանց կեղծ համեստության կարող եմ ասել, որ ինձ ոչ միայն քարկոծեցին, այլեւ լավ հիշեցին։ Ես գտնում եմ, որ այն քաղաքականությունը, որ տարվել էր այդ տարիներին, շատ ճիշտ էր։ Հիմա էլ եմ այդ կարծիքին։ Անշուշտ, ոչ մի բան իդեալական չի լինում, բայց ընդհանուր առմամբ՝ ճիշտ էր։ Այստեղ պրն Բարխուդարյանը նկատեց, որ իրեն հիմնականում վատաբանել են «Առավոտն» ու «Այժմը» եւ նկատեց, որ պետք չէ անընդհատ փորձել վատը տեսնել։
-Կանադայից Հայաստանի քաղաքական անցուդարձին հետեւո՞ւմ եք։
-Այո, իհարկե։
-Այ, ինչ կարծիքի եք, ասենք, Կարեն Դեմիրճյանի քաղաքական ասպարեզ գալուն, ՀԺԿ-ի եւ հանրապետականների դաշինքին։
-Չգիտեմ։ Միայն իմացա, որ կա դաշինք։ Ընդհանուր առմամբ՝ դրական եմ գնահատում։ Դա նշանակում է, որ ընտրությունների մթնոլորտը հանգիստ է։
Որեւէ ուժի հանդեպ պրն Բարխուդարյանի համակրանքը դեռ չի ձեւավորվել։ Իսկ Հայաստանն ու, մասնավորապես Երեւանը, նա Կանադայում շատ է կարոտում։
Լ. ԱՎԱԳՅԱՆ