Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՐԿԵԼ ՆՐԱ ՊԱՏԻՎԸ

Ապրիլ 09,1999 00:00
Davit Matevosyan

Անցած 5 տարիների ընթացքում խիստ հազվադեպ է եղել, որ Սյունիքի նախկին փոխմարզպետ եւ Մեղրու ՆԳ շրջանային վարչության նախկին պետ Դավիթ Մաթեւոսյանն ԱԺ-ում ելույթ ունենար։ Վերջինը Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու նիստի ընթացքում էր, երբ նա առաջինն ամբիոնին մոտեցավ եւ սուր քննադատական ելույթ ունեցավ Արծրուն Մարգարյանի սպանության դեպքի առնչությամբ դատախազության գործողությունների վերաբերյալ։

Դավիթ Մաթեւոսյանը մասնակցել էր Արծրուն Մարգարյանի որոնման աշխատանքներին. «նրա անհետանալուց հետո առաջինը ես եմ ՆԳՆ-ին տեղյակ պահել։ Ներկա էի նաեւ դեպքի վայրի զննությանը, դատախազության անտրամաբանական մոտեցումներն եմ տեսել եւ դրա համար այդ հայտարարությունն արեցի ԱԺ-ում»։ Այժմ դատախազության այն պաշտոնական վարկածը եւս, թե 1998-ի հունվարին Արծրուն Մարգարյանն ինքն իր դեմ մահափորձ էր կազմակերպել՝ Դավիթ Մաթեւոսյանը կտրականապես մերժելի գտավ։ Դատախազությունը դեռեւս հրապարակավ հիմնավորումներ չի ներկայացրել, թե ինչու պիտի Արծրուն Մարգարյանն այդ քայլին դիմեր եւ ինքն իր մի ոտքին կրակեր, իսկ մյուս ոտքին էլ՝ ՆԳՆ ներքին զորքերի վարչության նախկին բուժծառայության ղեկավար Հրանտ Պապիկյանը։ Բայց այն ենթադրությանն ի պատասխան, թե կարո՞ղ էր Արծրուն Մարգարյանն այդ եւ հետագայում՝ ինքնասպանության քայլին դիմել որպես ներքին զորքերի հրամանատար՝ իր պարտականություններից խուսափելու, ինքնարդարացման, իր պատիվը փրկելու կամ ինչ-որ մեկի հրահրմամբ, Դավիթ Մաթեւոսյանն ասաց. «Նման որոշումը չի կարող միանգամից ծնվել ու հասունանալ։ Ես գրեթե ամեն օր էի հանդիպում Արծրուն Մարգարյանին։ Նա շատ էր սիրում կյանքը։ Բնույթով եւ էությամբ ազնիվ մարդ լինելով՝ երբեք իր պաշտոնը եւ աշխատանքը չէր օգտագործում ստվերային փողերով ընտանիքը կերակրելու համար։ Եվ, երբ վերջին անգամ հանդիպեցինք՝ մի ծրագրի մասին էր մտածում. ուզում էր վարկ վերցնել, ձեռներեցությամբ զբաղվել։ Սա սպանությունից մի շաբաթ առաջ էր»։

Առաջ անցնելով նշենք, որ Արծրուն Մարգարյանի այս եւ այլ մտերիմների հետ զրուցելով այն տպավորությունն ես ստանում, որ նրանց հայտնի է այս իրադարձությունները պատճառաբանող մեկ այլ վարկած, որի մասին առայժմ նախընտրում են լռել։ «Ապագայի խնդիր է»,- այս տպավորությունը ստուգող հարցին ի պատասխան ասաց Դավիթ Մաթեւոսյանը։ Նաեւ նշենք, որ Արծրուն Մարգարյանի ընկերները, որ այս կամ այն կերպ առնչվել են ՆԳ համակարգին՝ այժմ սեփական հետաքննությունն են վարում։

Համառորեն փորձում էինք ինչ-ինչ տվյալներ կորզել նրանց արդեն իսկ պարզածից, սակայն փորձերն առայժմ ապարդյուն էին։ Նախ, ո՞վ է այդ մայոր Հրանտ Պապիկյանը, որ անցած տարի հեշտ ու հանգիստ համաձայնել էր Արծրուն Մարգարյանի ոտքին կրակել, բռնել նրա ձեռքը՝ մյուս ոտքին կրակելիս, այդ մասին լռել մեկ տարի շարունակ, երբ այդ «մահափորձը» նաեւ քաղաքական ամենաբուռն զարգացումների տեղիք տվեց, եւ այդ մասին խոսեց Արծրուն Մարգարյանի մահից հետո միայն։ Դավիթ Մաթեւոսյանը չնայած իր վկայություններով՝ խիստ մտերիմ է եղել Արծրուն Մարգարյանի հետ՝ այդ Հրանտի ազգանունն անգամ չգիտեր. «Գիտեմ, որ Արծրունի ենթականերից մեկն էր։ Կարծեմ մի անգամ ենք պատահաբար հանդիպել, երբ Արծրունի մոտ էի մտնում՝ նա ընդունարանում կանգնած էր։ Համենայնդեպս, ինքն ինձ ճանաչում էր»։ Թերեւս, այդ Հրանտ Պապիկյանը պիտի որ շատ մտերիմ մեկը լիներ Արծրուն Մարգարյանին՝ նման «նուրբ» հանձնարարություններ կատարելու համար։ Բայց այդպես գուցե լինում է, երբ նույն մարդու երկու մտերիմ ընկերներն իրար գրեթե չեն ճանաչում։

Այնուամենայնիվ, այդ Հրանտ Պապիկյանն այժմ հիմնական վկան ու գործող անձն է, որի ցուցմունքների հիման վրա էլ դատախազությունը պնդում է 1998-ի հունվարի այդ միջադեպի տվյալ վարկածը։ Մամուլ սպրդած այս ցուցմունքի որոշ բաղադրատարրերը Դավիթ Մաթեւոսյանն այսպես գնահատեց. «Բացարձակ հերյուրանք են»։ Մեր այն հարցին ի պատասխան, թե բավարար տեղեկատվությո՞ւն ունի այդպես պնդելու համար, թե՞ իր ենթադրությունների կամ վերլուծության արդյունքն է այդ պնդումը, պրն Մաթեւոսյանն ասաց. «Նաեւ որպես մարդ եմ վերլուծում ինձ հայտնի տեղեկատվությունը, այն ամենը, ինչ Արծրունը կիսվել էր ինձ հետ եւ այդ տրամաբանությամբ եմ Հրանտի ցուցմունքները հերյուրանք համարում»։ Հրանտ Պապիկյանի վերաբերյալ Դավիթ Մաթեւոսյանը նաեւ նշեց. «Նրա կենսագրությանը ծանոթ չեմ, բայց որքան ինձ հայտնի է դարձել՝ չի բնութագրվում ոչ որպես լավ ծառայող, ոչ որպես լավ մարդ։ Ներկայացվում է որպես մեկը, որն ի վիճակի է ցանկացած մարդու հետ կապի մեջ մտնել եւ նրան հավատ ներշնչել»։

Մի վերջին հանգամանք, որ բավական կարեւոր է. մեր այն հարցին ի պատասխան, թե Արծրուն Մարգարյանի ընկերների հետաքննության նպատակը ո՞րն է, Դավիթ Մաթեւոսյանն ասաց. «Գլխավոր նպատակը մեկն է. փրկել Արծրունի պատիվը, նրա 6 երեխաների, զոհված եղբոր 2 երեխաների ճակատագիրը սեւացնելուց ու աղավաղելուց»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930