Հայաստանում է Կանադայի խորհրդարանի միակ հայ պատգամավոր Սարգիս Ասատրյանը, որի հետ զրուցեցինք Կանադա մեկնելուց 5 րոպե առաջ։
– Պրն Ասատրյան, Դուք Կանադայի խորհրդարանում բարձրացրել էիք Հայ դատի ճանաչման հարցը։ Եթե կարելի է՝ ներկայացրեք՝ ինչպե՞ս է տրամադրված Կանադան այդ հարցի վերաբերյալ։
– Հուսամ՝ Կանադայի խորհրդարանը մոտ ապագայում կընդունի ցեղասպանությունը՝ որպես ոճիր, որը գործադրվել է հայ ժողովրդի նկատմամբ։ 1996-ին խորհրդարանը միաձայն բանաձեւ ընդունեց, բայց, դժբախտաբար, «ցեղասպանություն» բառը չկար։ Պետք է ասել, որ նույն օրն իմ առաջարկով Կանադայի խորհրդարանը մեկ րոպեով առաջին անգամ հոտնկայս հարգեց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Դա մեզ համար բարոյական մեծ հաղթանակ է։ Ես 30 տարուց ավել պայքարում եմ, հավանաբար, մի 30 տարի էլ պետք է պայքարել, մինչեւ որ ցեղասպանությունը ճանաչվի։ Կանադայի խորհրդարանում ես միակ եւ առանձին հայն եմ։ Հուսամ, որ այլ երկրներում էլ ծագումով հայ երեսփոխանները, ինչպես ես եմ աշխատում օգտակար լինել հայ ժողովրդին, այնպես էլ իրենք կանեն ու կբազմապատկեն եղած հաջողությունները։
– Կանադան նույնպես մասնակցում է Հարավսլավիայի ռմբակոծումներին։ Գուցե թե նախօրոք պարզ է հարցիս պատասխանը, բայց ամեն դեպքում, Ձեր կամ խորհրդարանի վերաբերմունքը այդ ռմբակոծումների նպատակայնության եւ արդյունավետության տեսանկյունից։
Կարդացեք նաև
– Կանադայի կառավարության կարծիքն այն է, որ ՆԱՏՕ-ի այս հարձակումով հնարավոր կլինի փրկել շատ անմեղ զոհերի կյանք, որոնք, հնարավոր է, կլինեն (՞)։ Հուսամ, որ դա կլինի առանց պատերազմի (՞)։ Կանադան մասնակցում է ռմբակոծումներին 12 ինքնաթիռով։
Լ. Ա.