Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՐԾՔԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԱՐԵԼ՝ ԻՆՉՊԵՍ ՄԱՏՐՈՍՈՎԸ»

Ապրիլ 09,1999 00:00
Aram Sargsyan

Որքան էլ Հայաստանի Դեմկուսը «համեստորեն փորձ է արել իր համամասնական ցուցակով առաջադրել կուսակցության ոչ այնքան շատ հայտնի դեմքերին», ամեն դեպքում առաջին տասնյակում «էլի նորից 5 գիտության դոկտոր է, թեկնածուներ եւ այլն, եւ այլն»։

Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը, որ գլխավորում է կուսակցության ցուցակը, հայտնեց նաեւ Դեմկուսի այլ արժանավորների անունները՝ Ռաֆիկ Առաքելյան, Ռաֆիկ Հովհաննիսյան, Կարինե Դանիելյան, Վահե Ստեփանյան։ Պրն Սարգսյանը թվարկեց վերոնշյալ թեկնածուների բոլոր արժանիքներն ու առավելությունները։ «Իրավունք եւ միասնություն» դաշինքի հետ Դեմկուսի չմիավորվելը, պրն Սարգսյանի կարծիքով, «սեփական ինքնության պահպանման» նպատակ ուներ։ «Որտեղ մեր ինքնուրույնությունը կարող է լուրջ ձեւով կաշկանդվել, մենք չենք կարող այդպիսի դաշինքի մեջ մտնել»։

ՀՅԴ-ն, Կոմկուսը, Դեմկուսը, ՌԱԿ-ը, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը Արամ Սարգսյանը համարեց գաղափարական կառույցներ, բայց «դասական տեսակետից ելնելով»՝ մյուս կառույցների անվանումներն արդեն իրենց մասին խոսում են։ «Այսօր ստեղծել են զեմլյակների կուսակցություն։ Նույն հաջողությամբ էլ վաղը կարող ենք ունենալ քյավառցիների, ապարանցիների կուսակցություններ»։ Ապա նշելով, որ ինքն ապարանցիներին սիրում է եւ «հակառակը»՝ քյավառցիներին նույնպես, Դեմկուսի ղեկավարը հայտնեց իր որոշումը՝ հուշել ոմանց, որ «այսպես տարրալուծվել չի կարելի»։

Հպարտանալով, որ Դեմկուսն արդեն 60 հազար ստորագրություն է հավաքել եւ կասկած հայտնելով այլոց ստորագրահավաքների օրինականության վերաբերյալ, պրն Սարգսյանը խոստացավ պահանջել, որ դրանք ստուգվեն։ Իսկ ընտրությունների նախօրյակին ստեղծված կուսակցություններն արժանացան «Շամիրամի» սինդրոմով հիվանդ» բնորոշմանը։

Փորձելով սրամտել, պրն Սարգսյանը նկատեց, որ «Շամիրամի» սինդրոմին միայն մի բան է պակասում՝ Վանո Սիրադեղյանը (իր կատակի վրա միակ ժպտացողը ինքն էր – Լ.Ա.)։ «Ոմանց թվաց, որ երկու օրում արագ-արագ կարելի է ինչ-որ մի բան ձեւավորել, ցուցակ կազմել եւ հայտարարել, որ նոր գաղափարներով կայացած կուսակցություն են, որն ունի 30 հազար անդամ»։ Ու անհասկանալի էր, որ այդ գաղափարներն այս տասը տարվա ընթացքում թաքցվել են։ «Հզոր հայրենիքի» ձեւավորման հիմունքները եւս պրն Սարգսյանի համար անհասկանալի են։

«Իրենց Մատրոսովների տեղ են դրել. էսպես՝ կրծքերը բաց են արել, թե՝ մենք պաշտպանում ենք ժողովրդի շահերը։ Բա՝ դուք եք որոշումներ ընդունել այդ խորհրդարանում։ Էդ ինչպե՞ս եղավ, որ հիմա ներկայանում եք որպես սոցիալական արդարության պաշտպաններ»։

Խոսքը, ամենայն հավանականությամբ, ՀԺԿ-ի մասին է, քանի որ հայտնվեց կարծիք, որ ՀԺԿ-ն անցյալ տարի դավանում էր լիբերալ գաղափարներին, այս տարի՝ սոցիալ-դեմոկրատական։

Արամ Սարգսյանն իր կուսակցությունը ներկայացրեց որպես կայացած, որն անխոս կհաղթահարի հինգ տոկոսանոց արգելանքը։ Հարցը, թե ինչպես մեկ տարի առաջ 0,5 տոկոս ձայն չհավաքած նախագահը կարող է այդքան հաջողություն ունենալ, պրն Սարգսյանը շնորհակալությամբ ընդունեց. «Անցյալ տարի այդ մրցաշարում հանդես եկա՝ իմանալով, որ սոցիալ-դեմոկրատական գաղափարները շատ դժվարությամբ են յուրացվում հասարակության մեջ։ (…) Այո՛, ճիշտ է, պարզ էր, որ մենք Ռոբերտ Քոչարյանին ենք կողմնակից։ Ես դա չեմ էլ թաքցրել։ Եվ երկրորդ փուլում մեր կողմնակիցները հենց միանգամից ձայն տվեցին պրն Քոչարյանին»։ Թումանյանն այստեղ կասեր՝ «Վատը լա՛վ եմ տեսնում ես»։

«Վազգեն Սարգսյանը եւս կարող էր ստվերում մնալ՝ հովանավորի դերում, բայց նա գլխավորել է իր այդ շարժման ցուցակը, եւ մենք գիտենք, որ նա իր գաղափարներով գնում է տանելու այս կազմակերպությունը դեպի իր նպատակ»,- «Միասնություն» դաշինքի մասին այսպես արտահայտվեց Դեմկուսի ղեկավարը։ Նա նաեւ գտավ, որ այս դաշինքն այն վիճակում չէ, որ բենզին կամ այլ ընտրակաշառք բաժանի ժողովրդին (լավ իմաստով)։ «Մենք էլ կմրցենք»,- ни к селу, ни к городу,- ասաց պրն Սարգսյանը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Հայաստանի Դեմկուսը մեծամասնական ցուցակով ընտրություններին կմասնակցի 6 հոգով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930