Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ Սամվել Բաբայանը լավ ձիու վրա չի դրել խաղագումարը։ «Ազատություն» ռ/կ-ը փորձել էր պարզել, թե սրան ինչպե՞ս է վերաբերվում ԼՂՀ պաշտպանության նախարարը։ Պատասխանն այս է եղել. «Ես մի թուլություն ունեմ՝ սիրում եմ անպաշտպաններին, թույլերին ու տկարներին»։
ԱԺՄ-Ն Է՞Լ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՆԱՐԱՆԸ
ԱԺՄ խորհրդարանական խմբակցությունն այս տարվա փետրվարին հրաժարվել է միանալ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնազրկման վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի նախաձեռնությանը։ Որեւէ դրդապատճառ կամ հիմնավորում չի ներկայացվել։
Կարդացեք նաև
ՆԱՏՕ-Ի ՀԱՄԱՐ ԷԼ ՓՈՂ ԿԳՏՆՎԻ
«Առավոտի» տվյալներով՝ ՆԱՏՕ-ի 50-ամյակի տոնակատարությունների համար ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է շուրջ 2 մլն 600 հազար դրամ։ Թե ինչի վրա պետք է ծախսվի այդ գումարը, այնքան էլ պարզ չէ։ Իշխանությունները փաստարկել են, թե գումարը հատկացվել է գրահրատարակչական ծախսերի, ասել է թե, բուկլետների տպագրության համար։ Սակայն, այս դեպքում, պարզ չէ, թե որքա՞ն գումար պետք է հատկացվի Ռոբերտ Քոչարյանի՝ այդ առիթով կազմակերպվելիք տոնակատարություններին մասնակցելու համար։
ԷՋԵՐ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ
«Առավոտի» տրամադրության տակ է 1995-ի դեկտեմբերի 22-24-ին կայացած ՀՀՇ 7-րդ համագումարի արձանագրություններից մեկը, ըստ որի ԱԺ պատգամավոր Արթուր Բաղդասարյանն ընդամենը 39 ձայն էր հավաքել ՀՀՇ վարչության անդամ դառնալու համար։ Եվ թեկնածուների 67 հոգանոց ցուցակում գրավել էր պատվավոր 63-րդ տեղը։ Այս ամենն այն պայմաններում, երբ, ժամանակակիցների վկայությամբ, Արթուր Բաղդասարյանը բավական ակտիվ լոբբիստական աշխատանք էր տանում ՀՀՇ համագումարի պատվիրակների մեջ՝ վարչության անդամ ընտրվելու համար։