Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ- ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ

Ապրիլ 07,1999 00:00
Kamo Hovhannisyan

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի նոր նշանակված տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ է հարցազրույցս։ Զրույցի բուն թեման առայժմ թատրոնի շենքի ընդհանուր վիճակն է։

Դեռեւս թատրոնում հին տնօրենի ստեղծած լարված մթնոլորտը շարունակվում է, սակայն Կ. Հովհաննիսյանը, որը հստակ տեսնում է այդ թատրոնում իր անելիքը, ուսումնասիրում-ծանոթանում է թատրոնի ներքին եւ արտաքին կառուցվածքին, ինչպես նաեւ արդեն գործնական կոնկրետ քայլեր է նախաձեռնում թատրոնի շենքի հետ կապված հրատապ հարցերը լուծելու։ Մի բան ակնհայտ է, որը նկատելի է նաեւ զրույցի բովանդակությունից. Օպերայի եւ բալետի մեր ազգային թատրոնն այսօր կարելի է միանշանակ այսպես բնորոշել՝ քանդված օջախ։

– Ճի՞շտ է, որ Տիգրան Լեւոնյանը սպառնացել է, թե կականապատի շենքը, երկրապահներ զոհ կտա, միայն թե դուք այդ շենք ոտք չդնեք։

– Ես էլ եմ լսել այդ մասին, բայց անձամբ ինձ չի ասել։

– Ինչպե՞ս լուծվեց ձեր աշխատասենյակի հարցը. որքան հայտնի է, Տիգրան Լեւոնյանն ընդվզում էր դրա դեմ։

– Ես առայժմ նստում եմ փոխտնօրենի սենյակում։ Ես ուսումնասիրել եմ շենքի հնարավորությունները։ Քանի որ այդ բլոկում, որտեղ միշտ եղել են ադմինիստրատիվ աշխատողները, տնօրեն-կարգադրիչը եւ փոխտնօրենները, հիմա այդ մի մասը զբաղեցնում է սոլիստների բաժնի վարիչը եւ եւս սոլիստների մի փորձասենյակ կա։ Եթե իրենց համար հարմար սենյակ գտնեմ, վերանորոգեմ, որպեսզի չխանգարվեն փորձերը, ստեղծագործական աշխատանքը, հետո արդեն իմ եւ փոխտնօրենների, գործավարի աշխատասենյակների հարցերը կլուծեմ։ Առայժմ այդ դժվարությունները տանում եմ այն պատճառով, որ չխափանվեն փորձերը եւ ստեղծագործական ընթացքը։

– Դուք արդեն երեւի թե հասցրել եք որոշակի ծանոթանալ-ուսումնասիրել թատրոնի շենքի ընդհանուր վիճակին։

-Համարյա լրիվ ծանոթացել եմ։ Առաջին ամենամեծ խնդիրը հրշեջ-պահպանության՝ հրդեհի ժամանակ կատարվող ծառայությունների, մեխանիզմների վերականգնման պրոցեսն է։ Հրշեջ ծառայության թերի վիճակը չի թույլատրում բեմական աշխատանքները վերսկսել։ Բեմն այսօրվա վիճակով երկաթե վարագույրով փակ է (հարաբերական իմաստով), որովհետեւ բեմում բալետային խմբի համար հատակի հարթեցման աշխատանքները կատարեցինք այս օրերի ընթացքում։ Հրդեհի կանխարգելման հզոր համակարգը թատրոնում չի գործում։ Դրա վերականգնման համար արդեն նախահաշիվ է կազմված, որը մոտ 30 մլն դրամ է։ Մեր հանրապետության համար դա շատ մեծ գումար է, պետք է մտածենք՝ ինչպես հայթայթել։ Ձմեռվա ամիսներին՝ նոյեմբերից մինչեւ մայիս, թատրոնը չի աշխատում, որովհետեւ շենքը չի ջեռուցվում, դահլիճում բավականին ցուրտ է։ Պետք է մյուս տարի կարողանանք շենքը անպայման ջեռուցել, որ թատրոնը ամբողջությամբ շնչի ու ապրի։ Կարեւոր խնդիր է նաեւ տանիքը. ամենափոքր անձրեւի դեպքում անգամ այդ ահռելի շենքը վերին հարկից մինչեւ նկուղ անձրեւաջրով է ողողվում։ Ոչ բարվոք վիճակում է (մեղմ եմ ասում) շենքն ամբողջովին։ Կան սենյակներ, որ տարիներով լքված, անտարբերության են մատնված։ Դրանք պետք է վերականգնվեն, որպեսզի արտիստները նորմալ պայմաններում կարողանան աշխատել։ Արտիստի համար շատ կարեւոր է հանդերձարանը, որտեղ այսօր բացակայում են անհրաժեշտ տարրական պայմանները։

– Շենքում ե՞րբ է վերջին անգամ վերանորոգչական աշխատանք կատարվել։

– Իմ ուսումնասիրություններից ու խոսակցություններից պարզվեց, որ Կարեն Դեմիրճյանի ղեկավարության ժամանակ տարված վերանորոգչական աշխատանքներից հետո, որը եղել է 1979-81 թթ., թատրոնի շենքում այլեւս հիմնովին ոչ մի աշխատանք չի կատարվել։

– Ի՞նչ վիճակում են թատրոնի նկուղները։

– Նույն՝ անմխիթար վիճակում են։ Անձրեւաջուրը եւ սովորական ջրերը հասել են մինչեւ նկուղ, ձմռանն այդ ջուրը սառչել է եւ բոլոր կոմունիկացիաները վնասվել են։ Շենքում եղել է նաեւ դահլիճի օդափոխության (ձմռանը՝ տաք օդով, ամռանը՝ սառը) համակարգ, որը նույնպես չի գործում։ Դա էլ պետք է վերականգնենք, ինչը կնպաստի ձմռան ամիսներին աշխատելուն։ Ինչ խոսք, այդ ամբողջը վերականգնելու եւ աշխատեցնելու համար առաջին հերթին գումարներ են անհրաժեշտ, բայց աստիճանաբար կիրագործենք։

-Վերջերս թատրոնում բռնկված հրդեհը, ինչ խոսք, մեծ վնասներ հասցրեց։

– Հրդեհից հիմնականում վնասվել էր բեմի ներքեւի հատվածը։ Հրաշքով է փրկվել շենքը. այդ մասին ինձ ասաց նաեւ հրշեջ ծառայության վարչության պետի տեղակալը։ Այրված մասն անընդհատ ծխացել է. եւ մեկ վայրկյանում այդ ծուխը կրակի կարող էր վերածվել։ Մի կերպ կարողացել են կանխել, այլապես ամբողջ շենքը կորցրած կլինեինք։

– Թատրոնում կան նաեւ հրշեջ ջրավազաններ, գործո՞ւմ են։

– Ջրավազան կա, բայց քանի որ պոմպերը չեն աշխատում, ջրավազանը հրդեհի ժամանակ չեն կարողացել օգտագործել։ Շենքի նկուղային հարկում էլ շատ մեծ ջրավազան կա եւ 4 ջրավազաններ կան վերեւի հարկերում, որոնք նույնպես այսօր չեն գործում։ Մոտ 30 մլն դրամ է կազմել այդ ամբողջ համակարգի վերականգնման նախահաշիվը, որը կազմել են համապատասխան մասնագետները։

– Հրդեհի պատճառած վնասը որքա՞ն գումար է կազմում։

– Հրդեհի վնասը ընդամենը 700.000 դրամ է կազմել։

– Որքան մեղմ եք նկարագրում թատրոնի շենքի ընդհանուր վիճակը, այնուամենայնիվ, այն անմխիթար վիճակում է, եւ առայսօր ոչինչ չի արվել։ Ինչի՞ց եք սկսելու ձեր աշխատանքը։

– Այս 10-15 օրը, որ աշխատում եմ, ուսումնասիրել եմ, ծանոթացել շենքին, պայմաններին, թատրոնի կառուցվածքին։ Նշածս թերությունները վերացնելու համար գումարներ են անհրաժեշտ։ Զբաղված եմ գումարներ հայթայթելով։ Մեկ շաբաթ հետո թատրոնի տանիքը, նախասրահը վերականգնելու համար շինարարական կազմակերպությունների միջեւ մրցույթ ենք հայտարարելու։ Տանիքի վերականգնման համար մոտ 98 մլն դրամ է պահանջվում, սակայն կամաց-կամաց կվերականգնենք ամենաանմխիթար հատվածները։ Առաջին հերթին այսօր նման հրատապ հարցերը պետք է լուծեմ, եւ թատերաշրջանի կեսից դեռ չեմ ուզում մխրճվել ստեղծագործական ծրագրերի մեջ։ Ներկայացումներ կան, մարդիկ լավ թե վատ աշխատել եւ աշխատում են։ Սակայն քանի դեռ ամեն վայրկյան տանիքի փլուզման, հրդեհի վտանգը կա, հնարավոր չէ առանց այս խնդիրները լուծելու ստեղծագործական հարցերին անդրադառնալ։

-Թատրոնում վաղուց արդեն չկա գեղարվեստական խորհուրդ։ Մտադիր չե՞ք ստեղծել։

– Շատ շուտով կստեղծվի գեղարվեստական խորհուրդ։

– Որքան հայտնի է, մշակույթի նախարարությունը մեկ-երկու օրից թատրոնում ստուգումներ պետք է անցկացնի։

– Գույքագրում պետք է անցկացվի։ Նոր տնօրեն նշանակելու կապակցությամբ պարտադիր է գույքագրումը։

– Վերջապես գոնե դուք այսօր կարո՞ղ եք ասել՝ որքան մարդ է աշխատում թատրոնում։

– Օպերային թատրոնի հաստիքացուցակում 783 մարդ կա։ Թատրոնի՝ հաստիքով նախատեսված գումարները շատ ցածր են եւ, իմ կարծիքով, քանի որ այս տարիներին ներկայացումների եւ արտիստների քանակը պակասեց, որոշ խտացումներ են տեղի ունեցել։ Այսինքն՝ եթե բալետում պետք է լիներ 70 հոգի, այսօր 50-ն է օգտագործվում եւ մնացած 20-ի գումարների շնորհիվ ավելանում են մյուսների աշխատավարձերը։ Ես մտադիր եմ այս շինվերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո արտիստներին, երաժիշտներին բարձր վարձատրել։

– Օպերա-ակումբի հետ թատրոնը քանի՞ տարով է պայմանագիր կնքել։

– Պայմանագիր 20 տարով է կնքված։ Ակումբն ամսական 1 մլն դրամ է մուծում թատրոնին։

– Տ. Լեւոնյանի ասելով, թատրոնի արտիստներն ամեն օր իրավունք պետք է ունենային անվճար սնվելու այդտեղ։

– Մի խոսք կա, ասում են՝ գրվեց սառույցի վրա… Այդպիսի բան ասվել է, բայց ակումբի բացման օրից մինչեւ հիմա չի գրանցվել նման օրինակ։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հ. Գ. Որքան էլ Կ. Հովհաննիսյանը մեղմ է խոսում թատրոնի շենքի ավերվածության, անտերության մատնվածության եւ թատրոնի կոլեկտիվի՝ իր դեմ լարվածության մասին, այնուամենայնիվ, թատրոնում սրված իրավիճակ է այսօր։ Տ. Լեւոնյանը հանգստացնում է իր «թիմակիցներին», թե՝ մշակույթի նախարարին էլ, վարչապետին էլ, Կամոյին էլ մինչեւ ընտրություններ կյանք է մնացել, սպասեք, էլի միասին կլինենք։ Ու ինչ խոսք, Կ. Հովհաննիսյանի գործունեությունը տապալող քայլերի ականատեսը դեռ կդառնանք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930