Գրեթե մեկ տարի առաջ, իր պաշտոնավարության 100 օրը բոլորած նախագահը նշեց, որ 100 օրում ոչ մի ծառ էլ բերք չի տալիս։ Պտղաբուծության բնագավառում իմ գիտելիքներն ավելի քան համեստ են, ուստի չեմ վիճարկում հիշյալ բնորոշումը։
Սակայն եթե այդ նույն ծառը տարվա բոլոր չորս եղանակներին էլ պտուղ չի տալիս, ուրեմն կամ այգեպանն իր գործից ոչինչ չի հասկանում, կամ էլ ծառն է անպտուղ։
Իսկ գուցե դա ընդհանրապես պտղատու ծառ չէ, այլ դեկորատիվ, որից որեւէ պտուղ ակնկալելն ինքնին անհեթեթությո՞ւն է…
…Կյանքի, ինչպես եւ երկրի ու պետականության իրական կայացման համար անպայմանորեն պետք է տեսնես քո վաղվա օրը։ Եվ ինչպես յուրաքանչյուր անհատ, այնպես էլ երկիրը նպատակ պետք է ունենա, այլապես կյանքն անիմաստ ու ինքնաբերաբար հերթագայվող եւ միմյանց չգումարվող օրերի ընթացք է դառնալու սոսկ, ուր դու ոչ միայն գործող անձ, այլեւ նույնիսկ իրադարձություններով ապրող հանդիսատես իսկ չես։ Եվ քո այսօրվա վիճակը, անկախ դրա բնութագրից, պետք է արդարացված լինի քո վաղվա օրով ու այն նպատակով, որն ունես, եւ որին գոնե ձգտում ես հասնել։
Կարդացեք նաև
Երեկ էլ, այսօր էլ ճամփաբաժանի վրա ենք։ Ու այսօր էլ, ինչպես եւ երեկ՝ մոլորված։ Մենք մեզ համար հստակ քաղաքական, սոցիալական, տնտեսական համակարգ պիտի կարողանանք գտնել, բարոյահոգեբանական առողջ ու մաքուր մթնոլորտ ստեղծել։ Կոմունիստական-սոցիալիստականից հետո։ Սուտ է, թե հիմա ժողովրդավարություն է, թե ազատ շուկա է։ Չկան նման բաներ եւ եթե մի որոշ ժամանակ էլ այսպես շարունակվի, երկար չեն լինի։ Մենք ինքներս մեզ խաբում ենք։ Եվ պիտի գտնենք ինչ-որ միջանկյալ, բայց հստակ համակարգ։ Անցումային շրջանի քաղաքականապես, տնտեսապես, հոգեբանորեն հիմնավորված ու ճշգրիտ համակարգ, որը հստակ ելակետ ունի, որոշակիացված ընթացք ու արդարացված նպատակ։
Պիտի։ Բայց չեն գտնում։ Ինչո՞ւ։
Որովհետեւ ոչ միայն արդեն իսկ կատարած սխալները չենք գիտակցում եւ չենք պատրաստվում ուղղել, այլեւ համառ հետեւողականությամբ կրկնում եւ բազմապատկում ենք դրանք։ Եվ կարծես թե չենք էլ ցանկանում որեւէ բան փոխել։
Այսօրվա քաղաքական գործիչները, ի վերջո, այն ժամանակ հիրավի համազգային շարժման ծնունդ են, որ այս կամ այն պատճառով անջատվել են շարժումից եւ այսօր գործում են ինքնուրույն։ Այսինքն, մենք մեր ներուժը գիտակցաբար, ավելի շուտ՝ անգիտակցաբար մասնատել ենք, ջլատել՝ միմյանց դեմ պայքարում, փոշիացրել ու հիմա՝ էդպես անջատ-անջատ, էդպես մեկուսացած ու մեկուսացված ելք ենք որոշել փնտրել։ Մի հնարավորություն կա միայն՝ բոլոր կուսակցություններում դեռեւս պահպանված բոլոր նվիրյալ ու բանիմաց մարդկանց իրար գլխի հավաքել ու փորձել դուրս բերել ժողովրդին այս ծանր ու անհույս վիճակից։ Ու բոլոր այդ մարդիկ, Կարեն Դեմիրճյանի փայլուն բնութագրմամբ, պարտավոր են, միասնաբար, ծունկ չոքել ժողովրդի առջեւ, որպեսզի նա՝ բարձրանալով նրանց մեջքին, դուրս գա այն վիհի հատակից, որում հայտնվել է։ Իրենց իսկ մեղքով։ Պատասխանատուներիս ու անպատասխանատուներիս։ Ու այդ խնդրի գիտակցումը բոլորս պետք է ունենանք։ Եվ ինչպես ինչ-որ ժամանակներ, հանուն ինչ-որ գաղափարի, գործի, նպատակի, տարանջատվել ենք, այդպես էլ այսօր հանուն ԳԱՂԱՓԱՐԻ, ՆՊԱՏԱԿԻ, ԳՈՐԾԻ պետք է միավորվել։
Քանզի յուրաքանչյուրս էլ ինչ-որ ժամանակ, իրոք, դավաճանել ենք նպատակին էլ, գաղափարին էլ, ժողովրդին էլ։ Վերջինի հանդեպ դավաճանությունը, մանավանդ, ամենածանր մեղքն է։
Շատ ու քիչ չի լինում։ Դավաճանությունը սպանության նման է՝ ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է փոխադարձել։ Ու մի ելք կա միայն՝ մեղանչել, ապաշխարել ու թողություն խնդրել։ Գուցե թե ներվի։
Բայց ոչ, մեզնից յուրաքանչյուրն ունի իր քաղաքական դաշտը ու խաղի իր կանոնները. ափսոս, ժողովուրդն է թվով քիչ, որ ապահովի նրանց խնդիրների «համաժողովրդական» բնույթն ու լուծման ջանքերի պատրանքը։
Այս երկրում բոլորը միայն անձնական խնդիրներ են լուծում եւ ամեն մեկի մտքին մի բան է, դիմումներն էլ գրպանում՝ «Խնդրում եմ ընդունել մաֆիայի մեջ»։ Միակ մտահոգողը՝ ո՞ւմ եւ ինչպե՞ս պիտի դիմումը հասցնեն հարցն է։
…«Ղա՞րսը ոնց եղավ, Սարիղամի՞շը ոնց եղավ, պա՞պը ոնց եղավ, տերտե՞րը ոնց եղավ»,- հարցնում էր Սարոյան եղբայրներից մեկը։
Հենց այսպես։ Ղարսն էլ, Սարիղամիշն էլ, պապն էլ, տերտերն էլ։ Բոլորը։ Ու հենց այսպես։ Ու նրանից հետո, երբ մեր սեփական մեղքերը սկսեցինք փնտրել այլոց մեջ, երբ մեր խայտառակությունները, տեսնելով, որ ականատես-վկաներ չեն մնացել կամ եղածը մերոնք են, սկսեցինք որպես սխրագործություն ներկայացնել, ձախողումները՝ որպես պատմության փառավոր էջեր, պարտությունները՝ հաղթանակ։ Ու էդպես՝ տասնյակ ու հարյուրավոր տարիներ։ Ու նաեւ այսօր։ Ու հենց այդ պատճառով էլ հայտնվեցինք այս վիճակում, որը խիստ հիշեցնում է հանցագործի վիճակը դարասկզբի Թուրքիայում։ Այնտեղ հանցագործին նստեցնում էին կեղտով բերնեբերան լցված տակառի մեջ եւ պտտում շոգ քաղաքի փողոցներով։ Եվ ամենաահավորը. ամեն րոպեն մեկ, տակառի կողքին կանգնած ենիչերու յաթաղանը սուլում էր տակառի բերանի վրայով. կամ պետք է գլուխդ ամբողջովին ընկղմեիր կեղտի մեջ, կամ այն կկտրվեր։ Դաժան երկընտրանք, որն այսօր նաեւ մերն է։
Ու այսօր եթե մի բանում էլ առաջընթաց կա, դա երկրի քաղաքական-տնտեսական, արտաքին եւ ներքին կյանքի եւ մեզնից յուրաքանչյուրի հասարակական ու անձնական կյանքի անորոշությունն է, արժեքների ոտնահարումը, անսկզբունքայնությունն ու պատեհապաշտությունը սկզբունք դարձնելը։ Ու դրա ամենափայլուն օրինակն այն է, որ գռփողին, թալանողին ու կաշառակերին տականք ենք համարում, չգռփողին, չթալանողին, կաշառք չվերցնողին՝ անճար ու հիմար… Ասել է թե՝ նույնիսկ նորմալ բանը մենք ի վիճակի չենք նույն նորմալությամբ գնահատել։
Ժամանակի մեր ընկալումն էլ ուրիշ է ու մերը հողագնդի մնացած ոչ մի մասի ժամանակի հետ չի առնչվում։ Մերը քնածի ժամանակն է։ Իհարկե, քնած ժամանակ էլ է մարդու կյանքը շարունակվում, բայց քնած ժամանակի կյանքն արթնության հետ չես համեմատի՝ երազներ, երազախաբություն… Պարտադի՞ր է, որ մեր ամբողջ կյանքը քնած անցնի։ Հայաստանը ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի եւ ամբողջ աշխարհի համեմատությամբ, գրեթե ամեն ինչով մի փոքրիկ գյուղ է ընդամենը ու ամոթ է, որ այդ գյուղը կարգին չի ղեկավարվում։
Ցանկացած երկրում, մանավանդ մեզ նման փոքր ու աննշան երկրում, առավելագույնը մի 50-100 խելացի գլուխ կա։ Դրանց հետ հարաբերվելու ընդամենը չորս տարբերակ կա. կամ այդ գլուխներն օգտագործում ես հանուն պետության ու պետականության, կամ դրանց համար գտնում ես առերեւույթ կարեւոր, սակայն ըստ էության ոչ մի արժեք չունեցող զբաղմունքներ, կամ էլ դրանք պետք է կտրել, կամ էլ արտահանել։
Չգիտես ինչու, մենք ընտրել ենք վերջին երեք տարբերակները եւ միայն դրանք ենք փոփոխական հաջողությամբ կիրառում։ Մինչդեռ անհրաժեշտ է ընտրել առաջինը, որը կայուն, անցնցում զարգացող, ամուր եւ խելոք տերություն կառուցելու միակ գրավականն է։
Եվ մերժելով ու չկիրառելով այդ միակ խելամիտ տարբերակը, մենք բարձր պաշտոններ ու լուրջ գործեր ենք վստահում ֆիզիկապես կամ հոգեպես վիրավորված ու այդ պատճառով իսկ չարացած, կամ էլ չկայացած ու դրանով իսկ բարդույթավորված մարդկանց, մոռանալով, որ նրանց հիմնական գործը մեզանից բոլորից եւ յուրաքանչյուրիցս առանձին-առանձին իրենց վիրավորանքի, չկայացածության, անկարողության վրեժը լուծելն է լինելու։ Եվ կա։ Իսկ այդ պայմաններում լուրջ ու կարեւոր պետական գործի ժամանակ չի կարող լինել։
Ահա թե Ղարսը ոնց եղավ։ Սարիղամիշն էլ։ Պապն էլ։ Տերտերն էլ։
…Ուղիղ գիծ քաշելու (իմա՝ ուղիղ եւ ճիշտ եւ, որ պակաս կարեւոր չէ՝ չընդհատվող, ճամփա անցնելու) համար կամ վարպետ ու փորձված ձեռք է պետք, կամ ամուր եւ ուղիղ քանոն։
Մենք ոչ մեկն ունենք, ոչ մյուսը։
Ու դրա համար էլ մեր քաշած գծերն էսպիսին են՝ ծուռ-մռտիկ, անկապ, միմյանց չլրացնող։
Թեեւ գուցե արեւածագից առաջ խավարն իրո՞ք ավելի է խտանում…
ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ