Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՀԵՔԻԱԹ Է

Ապրիլ 07,1999 00:00
Nato

 Համաձայն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարի վարչության կողմից Ժնեւում հրատարակված զեկույցի, մարտի 24-ին սկսած ՆԱՏՕ-ի ռմբակոծումներից հետո անցած օրերի ընթացքում Կոսովոն լքել է 315 հազարից ավելի մարդ։ Փախստականների հիմնական մասը հանգրվանել է Ալբանիայում, Մակեդոնիայում եւ Չեռնոգորիայում։ Վարչության տվյալներով, միայն ապրիլից մինչեւ հունիս փախստականների պահանջները բավարարելու համար անհրաժեշտ կլինի ծախսել մոտ 71 մլն դոլար։

Սա այն հումանիտար աղետի թվային պատկերն է, որը տեղի է ունենում սույն աղետը կանխելու պատրվակով սկսված ՆԱՏՕ-ի ռմբակոծումների հետեւանքով։ Ինչպես չհիշես ջրի հետ մեկտեղ երեխային տաշտից թափելու մասին ռուսական ասացվածքը։ Հետաքրքիր է, որ այս տարօրինակ պատերազմում դրա կողմնակիցները եւ հակառակորդները կարողանում են ցանկացած դրսեւորմանը բացառապես իրարամերժ բացատրություններ տալ։ Մինչ ուժասպառ մարդկանց անվերջ հոսքը ուղղվում է դեպի սահման, գերտերությունների քաղաքական գործիչները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, մամուլը վիճում են, թե ինչն էր գաղթի պատճառը. Միլոշեւիչի քաղաքականությո՞ւնը, թե՞ ՆԱՏՕ-ի ռմբակոծումները։

Ինչեւէ, փախստականների թիվն աճում է, եւ «կարգավորմամբ» զբաղվող երկրներում լրջորեն մտահոգվում են այն հետեւանքներով, որոնք կարող է ունենալ փախստականների հիմնախնդիրը ամբողջ Եվրոպայում։ Գաղտնիք չէ, որ ո՛չ Մակեդոնիայում, ո՛չ էլ Չեռնոգորիայում կոսովցի ալբան հարեւաններին տեսնելու որեւէ ցանկություն չունեն։ Մայր հայրենիք Ալբանիան եւս տնտեսական եւ քաղաքական պատճառներից ելնելով, օտարությունից վերադարձած որդիներով առանձնապես տաքացած չէ։ Արեւմտյան երկրները կարծես համակերպվել են, որ իրենց եփած փլավի պատառները իրենց էլ են բաժին ընկնելու։ Անգամ հյուրասիրության տեսակետից բավական չոր Անգլիան արդեն հայտնել է, որ պատրաստ է ընդունել մի քանի հազար փախստականների։ Սակայն հայտարարելով այդ մասին, բրիտանական կառավարության ներկայացուցիչը չմոռացավ շեշտել, որ խոսքը միայն ժամանակավոր ապաստարանների մասին է. մինչ երկրում իրավիճակի կայունացումը եւ նրանց անվտանգ վերադարձի համար պայմանների ստեղծումը։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Քլինթոնը տղամարդու խոսք է տվել Կոսովոյի ալբանացի փախստականներին, որ նրանք կվերադառնան իրենց տները։

Բանն այն է, որ սկսած քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունից՝ 1915 թվականի Մեծ Եղեռնից, վերջացրած վերջին ժամանակաշրջանի, այդպես կոչված, տեղական էթնիկական կոնֆլիկտներով, դժվար թե գտնվի «փախստականների վերադարձի» որեւէ օրինակ։ Այդ փորձը լավ հայտնի է ՆԱՏՕ-ի ստրատեգներին։ Պարզ է նաեւ, որ որեւէ երկիր չի պատրաստվում իր կայունությունը վտանգելու՝ հանուն ալբանացիների հանդեպ մարդասիրական զգացմունքների։ Վերը նշած հայտարարությունները վկայում են այն մասին, որ պատերազմն անխուսափելիորեն իջնելու է ցամաքային մակարդակի վրա։

Փախստականների հոսքը եւ նրանց օգնություն տրամադրելու անհրաժեշտության պատրվակը արդեն բավարար հնարավորություններ է ստեղծում ՆԱՏՕ-ի համար Հարավսլավիայի սահմանների շուրջ զորք կուտակելու համար։ ՆԱՏՕ-ի ուժերով ստեղծվում են վրանային ճամբարներ, սահմանամերձ գոտում տեղակայվում են հրթիռային ստորաբաժանումները։ Բացի այդ, ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ փախստականներին աջակցելու նպատակով կազմակերպությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել Ալբանիայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հայեցակարգի մշակմանը։ Նախնական տվյալներով, ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ալբանիայում տեղակայել 6-8 հազարանոց բանակ, որը, ինչպես վստահեցնում է Ալյանսի ղեկավարությունը, զբաղվելու է միայն շինարարությամբ, տեղափոխություններով եւ օդային վերահսկողությամբ։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930