Լրահոս
Օրվա լրահոսը

Վկայակոչվում էին կնոջ դիսկոտեկայի շորերը

Ապրիլ 07,1999 00:00
amusnalucutyun

«Առավոտի» իրավական բաժինը սույն հրապարակումը նվիրում է ապրիլի 7-ի՝ մեր կին ընթերցողներին

Վերջին տասը տարիներին աղետի գոտում տեղի ունեցող ամուսնալուծությունների պատճառներից է սոցիալ-կենցաղային, բնակարանային նորմալ պայմանների բացակայությունը։ Մեկ կամ երկու սենյակից բաղկացած տնակներում ստիպված էին տարիներ շարունակ բնակվել ազգակցական կապ ունեցող մի քանի ընտանիքներ։ Դա խանգարող հանգամանք է երիտասարդ ամուսինների լիարժեք փոխհարաբերությունների համար։ Հնարավորություն չունենալով միմյանց հետ ջերմ հարաբերություններ ունենալ, նրանք հաճախ սառնանում էին միմյանցից եւ օտարանում։ Նման դեպքերում ամուսնական զույգերից տրամարդ-կողմի դավաճանության հավանականությունը մեծանում է, եւ ավելի հաճախ վերջիններս սկսում են «սփոփանք» գտնել եւ երբեմն էլ «բնակալել» այլ կանանց մոտ, որտեղ իրենց ավելի ազատ, անկաշկանդ եւ սիրված են զգում։ Ամուսնալուծված մի կին, օրինակ, գանգատվում էր, որ իր ամուսնու հարազատների մշտական ներկայությունը եւ 5 անձով մի տնակում բնակվելը նպաստեց ոչ միայն իր եւ ամուսնու հարաբերությունների սառեցմանը, այլեւ պատճառ դարձավ, որ վերջինս կապ հաստատի մեկ այլ կնոջ հետ եւ վերջնականապես տեղափոխվի այդ կնոջ մոտ, որն ավելի հարմարավետ պայմաններ ուներ եւ նախկին ամուսնուց (որ մեկնել էր արտասահման) ժառանգություն ստացած ավտոմեքենա։ Դրա հետեւանքով, լքված կինը ստիպված էր տեղափոխվել հայրական տուն եւ այնտեղ էլ ինքը գժտությունների պատճառ դառնար նոր ամուսնացած եղբոր եւ նրա կնոջ համար։

Բնակարանային ոչ նորմալ պայմանները նպաստում էին, որ քույր ու եղբայր հավերժական թշնամիներ դառնային՝ դատարանում միմյանց անվանարկելով եւ անեծքների հեղեղ թափելով (ամուսնալուծված կինը, չկարողանալով նախկին ամուսնու բնակարանից որեւէ անկյուն «պոկել»՝ «տեխնիկապես» հնարավոր չլինելու պատճառով, հարկադրված տեղափոխվում է հարազատների մոտ, եւ այդտեղ սկսվում են ընտանեկան նոր գժտություններ եղբոր եւ նրա ընտանիքի անդամների միջեւ)։ Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ բնակվելու «այլընտրանք» չունեցող կինը ստիպված էր լինում դատարանի որոշմամբ իրեն հատկացված բնակարանում համատեղությամբ ապրել… նախկին ամուսնու եւ նրա նոր կնոջ հետ։ Այստեղ արդեն անխուսափելի են նախկին եւ ներկա կանանց կռիվները՝ «համատեղ» երեխաների ներկայությամբ՝ օրինապահների հաճախակի միջամտության ներքո։ Եթե հաշվի առնենք, որ նրանց համար կոմունալ հարմարությունները ընդհանուր օգտագործման էին, ապա պատկերն ավելի քան ողբերգա-զավեշտական է, մանավանդ որ «հակամարտող» կողմերից «գլխավորը» տանտիրոջ (կամ տանտիկնոջ) իրավունքով փորձում է «վետո» դնել նաեւ այդ ընդհանուր հարմարանքների վրա։ Ոչ վաղ անցյալում Վանաձորի դատարանում ականատես եղանք այսպիսի տեսարանի. մոտ 5 տարեկան երեխան, օգտվելով մոր կարճատեւ բացակայությունից, տարիքով իրենից փոքր մեկ ուրիշ երեխայի գլուխը ցանկանում էր խփել պատին՝ ասելով. «Դու իմ պապային ուզում ես խլե՞ս։ Տես ես քեզ ինչ կանեմ»։

Երկրաշարժն իսկապես ավերիչ դեր ունեցավ աղետի գոտու համար՝ նաեւ բարոյական տեսակետից։ Ի տարբերություն նախկինում տեղի ունեցող ամուսնալուծությունների, այս անգամ տղամարդկանց հետ երբեմն դավաճանության «բեռն» իրենց ուսերին էին կրում նաեւ կանայք։ Այստեղ դեր էր խաղում այն, որ «հայրենի եզերքում» փորձում էին կիսաքանդ տները պահպանել տղամարդիկ, իսկ հանրապետությունից դուրս գտնվող հանգստյան տներում ժամանակավորապես բնակվում էին կանայք՝ երեխաների հետ, իսկ այդ կանանցից ոչ բոլորն էին կարողանում իրենց մեջ ուժ գտնել դիմադրելու օտարի գայթակղությանը, մանավանդ որ համոզված չէին, թե իրենցից հեռու գտնվող ամուսինները հավատարիմ էին իրենց նկատմամբ։ Ամուսնալուծվող մի տղամարդ, օրինակ, իբրեւ կնոջ կողմից ցուցաբերված դավաճանության ակնհայտ փաստ՝ տարիներ առաջ դատարանում վկայակոչում էր ոչ միայն վկաների պատմածները, այլեւ այն, որ երբ ինքն այցելել է հանգստյան տանը ապաստանած ընտանիքին, երեխան նրան ցույց է տվել մոր «դիսկոտեկայի շորերն ու կոշիկները»։ Կինն էլ իր հերթին դատարանում վկայակոչում էր, որ ամուսինը անձրեւոտ եղանակին իրեն ու երեխային թողել է կանգնած մայթի վրա եւ սիրուհու հետ միասին մեքենայով սլացել։

Ամուսնու դավաճանությունը չներող մի կին, օրինակ, 3 երեխաներին առած «գիրկն էր նետվել» մեկ ուրիշի, որն իր հերթին լքել էր կնոջն ու 4 երեխաներին։ Ինչպես ասում են՝ «կատվի վազքը մինչեւ մարագն է»։ 4 երեխա ունեցող տղամարդն, ի վերջո, կրկին վերադառնում է իր ընտանիքը, իսկ միանգամից «առյուծի ցատկ» կատարող կնոջ դավաճանությունը չի ներվում, եւ նա այս անգամ բավարարվում է միայն 3 երեխաներին խրատելով, որ դատարանում իրենց հորը տեսնելիս բարձրաձայն պախարակեն՝ շրջապատի ուշադրությունը հրավիրելու նպատակով։ Բարոյական անկումը, ըստ երեւույթին, սկսվում է հենց այդտեղից։ Իր հոգսերի ու երեխաների հետ միայնակ մնացած կինը, որ «հաջողությամբ» կատարել էր առաջին քայլը, դրանից հետո, ամենայն հավանականությամբ, պետք է կատարեր երկրորդը եւ այդպես շարունակ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930