Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ՝ ՕՎԿԻԱՆՈՍԻ ԱՅՆ ԿՈՂՄԻՑ

Ապրիլ 07,1999 00:00
Gyumri

Երախտագիտություն բառի իմաստն ու բովանդակությունը լավ գիտեմ, քանզի աղետի գոտում ապրող մարդն իր զգայարանների վրա է տանում բարեգործությունները՝ մշտապես երախտագետ լինելով նրանց, ովքեր սատարեցին ավերված հողին, ովքեր փորձեցին հույս ու հավատ ներարկել լավատեսությունը կորցրած մարդկանց։

Հետեւաբար, թող խոսքս բնավ էլ երախտագիտության հետ անհաշտ ապրողի, երախտամոռի կերպարը չստեղծի։ Պարզապես այսօր ստեղծվել է մի կացություն, երբ բարեգործություն անողը մեզանից պահանջում է ոչ միայն ապրել տժվժիկյան Ներսես աղբարի խոնարհումով (հետո ինչ, որ անմահ «Տժվժիկի» հեղինակը Գյումրիում է ապրել), այլեւ ստրուկի հոգեբանությամբ ենթարկվել մեծահարուստի գոռոզ կեցվածքին, խելապակաս քմահաճույքներին։ Եվ այս մեծահարուստը ոչ այլ ոք է, քան՝ հանրահայտ Լուիզ-Սիմոն Մանուկյանը, որը հատկապես Գյումրին փորձում է վերածել սեփական տնամերձի, քանզի ինքն է վճարել, ուստի երաժշտությունը պատվիրելու իրավունքն էլ իրենն է…

Երկրաշարժից հետո շատերս էինք ապրում մասնավորապես Գյումրու մշակութային կյանքի եւ մշակութային իրողությունների վերականգնման մտահոգություններով եւ գաղափարներով, փորձում էինք ձեւավորել հասարակական հետաքրքրության դաշտ, հանրապետական մամուլում տպագրվող հոդվածներով հանրության ուշադրությունը սեւեռել ձեւավորված եւ ասես լուծման ուղիներ չունեցող հիմնահարցերին։ Վ. Աճեմյանի անվան թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի ջանքերով Գյումրիում ստեղծվեց Երեւանի գեղարվեստաթատերական (իմա՝ թատերական արվեստի) պետական ինստիտուտի կուրս-մասնաճյուղ, համակողմանի բանակցություններ վարվեցին Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Էդգար Հովհաննիսյանի հետ՝ տեղում մասնաճյուղ հիմնելու առթիվ։ Տեղական իշխանություններն ամեն կերպ վիժեցրին ամեն մի նախաձեռնություն, մոռացության մատնեցին տեղածին ամեն մի հղացում՝ հետագայում այդ ամենը սեփականելով, տիրական դարձնելով «թիկունքային» գործելաձեւը։ Ժամանակ անց ամեն ինչ մերժող նույն իշխանություններն ակտիվ համագործակցության մեջ մտան մաեստրո Լորիս Ճգնավորյանի հետ, որը գրեթե երկրորդում էր Գյումրու մտավորականությանը՝ միայն թե լուծման գլխավոր միջոց ընտրելով իր ուխտագնացությունը, որի գաղափարը գյումրեցիներն ընդունեցին խանդավառությամբ, ոգեւորությամբ, սատարանքի պատրաստակամությամբ։

Ավերված քաղաքի մարդիկ էլ շռայլ եղան իրենց նվիրատվություններում, գուլպեղենի միավորման տնօրեն Սամվել Տոնոյանն ու հանրույթը ոչինչ չխնայեցին Լ. Ճգնավորյանի ծրագրերի իրականացման համար, հսկայական ներդրումներ կատարեցին։ Հետո, իհարկե, ամեն ինչ մոռացության մատնվեց, եւ հրապարակ եկավ միայն Լուիզ-Սիմոն Մանուկյանի անունը, որը, ի շահ ճշմարտության, ավարտին հասցրեց Լ. Ճգնավորյանի սեփականությունը դարձած գաղափարի հղացումը։ Իսկ Ճգնավորյանը, հենվելով արդեն մամուլում եղած բազմաթիվ առաջարկությունների վրա, ձգտում ուներ Գյումրիում ստեղծել արվեստների ակադեմիա՝ կրթության շարունակականության սկզբունքով գործող երաժշտական ուսումնական հաստատություն։ Անշուշտ, մշուշոտ էր Լ. Ճգնավորյանի գաղափարը, հստակեցված չէր ապագա կառույցի կարգավիճակը, մշակված չէին ուսուցման առանձնահատկություններն ու սկզբունքները, հայեցակարգերն ու չափորոշիչները, սակայն ակադեմիա բառը չափազանց գայթակղող ու կանչող էր։

Քաղխորհրդի գործկոմի նախագահը, առանց հարցի նկատմամբ խորամուխ ու արհեստավարժ մոտեցման, գրեթե միանձնյա որոշեց ապագա կրթօջախին հատկացնել նախկին ՀԿԿ քաղկոմի գրեթե պահպանված շենքը, որը բնավ էլ հարմար չէր ուսումնական հաստատության համար, քանզի գտնվում էր քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում, իր տեսքով եւ նշանակությամբ շատ ավելի վարչական շենք էր՝ ուսումնական հաստատության համար նվազ օգտակար մակերեսներով։ Անտերության էր մատնված Հայաստանի առաջին պետական համալսարանի (հետագայում՝ պետական մանկավարժական ինստիտուտի) շենքը, որն ուներ եւ վերականգնման հաստատուն երաշխիքներ, ե՛ւ հրաշալի պայմաններ, ե՛ւ ֆիլհարմոնիկ դահլիճ, ե՛ւ ցուցասրահներ։ Սակայն ոչ ոք ուշադրություն չդարձրեց այս շենքի վերականգնման, այնտեղ արվեստների ապագա ակադեմիան տեղավորելու մասին առաջարկներին, ոչ ոք չուզեց ընդդիմանալ Լորիս Ճգնավորյանի կամքին։ Սկսվեցին շինարարական-վերականգնողական աշխատանքները նախկին ՀԿԿ քաղկոմի շենքում, ուր շատ բան պահպանվել էր, շատ բան կարելի էր օգտագործելի համարել։

Ըստ որոշ տվյալների՝ մի քանի հարյուր հազար դոլար է ծախսվել շենքի վերականգնման համար, չնայած շահագործման երկրորդ տարում շենքը կարիք ունի լուրջ կապիտալ վերանորոգումների։ 1997- ին բացվեց արվեստների ակադեմիան, որը բնավ էլ միասնական ակադեմիական կառույց չէր, այլ՝ Երեւանի թատերական արվեստի պետական ինստիտուտի, գեղարվեստի պետական ինստիտուտի եւ պետական կոնսերվատորիայի տեղական մասնաճյուղեր։ Ճարտարապետական-շինարարական խոտանում տեղավորվեցին այս մասնաճյուղերը, որոնք առաջին իսկ օրերից սկիզբ դրեցին լուրջ ու համակողմանի գործունեության, միասնաբար սկսեցին լուծել կառույցի առջեւ դրված խնդիրները։ Իհարկե, շենքը փաստացի շահագործման չհանձնվեց, քանզի Լուիզ-Սիմոն Մանուկյանի հայաստանյան գրասենյակը այդպես էլ ավարտին չհասցրեց բազում կիսատ գործեր, անհասկանալի հասցեում «պարտակեց» հրշեջ պահպանման, գույքի, արտաքին հարդարման համար նախատեսված շուրջ 55 հազար ԱՄՆ դոլարը։

Երեք մասնաճյուղի ձեւավորումից հետո, ինչպես պարզվում է, թե տիկին Մանուկյանի, թե նրա հայաստանյան գրասենյակի պատասխանատուների մոտ չի վերացել սեփականատիրական զգացումը, ուստի այսօր արդեն սկիզբ են առել մթին գործերը, մասնաճյուղերի եւ մայր բուհերի տնօրենների թիկունքում կատարվում են ապօրինի նշանակումներ, բանակցություններ են տարվում ՀՀ գիտության եւ կրթության նախարարության հետ, դարձյալ մայր բուհերի կարծիքն անտեսելով, միասնական բուհական կառույց ստեղծելու, արհեստավարժ մասնագիտական բուհերի փոխարեն ինչ-որ անդեմ ու անսկզբունք, որեւէ պահանջարկ չունեցող արվեստի միասնական ինստիտուտ ձեւավորելու մասին։ Ավելին, որոշ քաղաքական ուժեր անգամ ապագա բուհի տնօրենի թեկնածուներ են առաջադրում նախարարություն՝ կանգ առնելով բարձրագույն կրթություն չունեցող, արվեստից հազարավոր մղոններ հեռու գտնվող ինչ-որ կուսակցական գործչի կամ էլ մասնագիտությամբ քաղաքային տնտեսության ճարտարագետի վրա։ Անգամ որոշակի լուրեր կան, որ վերջին թեկնածուն գրասենյակի պատասխանատուների եւ տիկին Մանուկյանի հորդորներով նշանակվել է կառույցի լիազոր-ներկայացուցիչ…

Պարզվում է, որ թե՛ շենքը, թե՛ այնտեղ տեղավորված մասնաճյուղերն ու ուսանողների ճակատագրերը, մասնագիտական ուսուցման խնդիրները Լուիզ-Սիմոն Մանուկյանինն են, իսկ բոլորս հյուր ենք մեր սեփական տանը, քանզի այդպես է կամենում հեռավոր տիկինը, նա, ով իր արած բարեգործությունը պարան ու բեռ է դարձնում բոլորիս համար։ Առավել տարօրինակ է Գիտության եւ կրթության նախարարության դիրքորոշումը, երբ վերջինս անմեղ-անմեղ հայտարարում է, թե ինքը կանի այն ամենը, ինչ կկամենա օվկիանոսից անդին ապրող մեծահարուստ տիկինը, որն ամիսներ առաջ Գյումրի էր բերել մեծաթիվ զբոսաշրջիկների եւ սեփականատիրոջ գոռոզ կեցվածքով պարծենում էր, թե այս ամենն իրենցն է։ Հետո էլ զայրանում էր, որ կոնսերվատորիայի մասնաճյուղի տնօրենն իրենց սրտովը չէ… Նա այսպես է վարվում, քանզի գիտե եւ համոզված է, որ Հայաստանում կան պաշտոնյաներ ու պատասխանատուներ, որոնք լռելյայն հպատակվում են ամեն մի քմայքի, որոնք Սփյուռք-Հայաստան կապը հասկանում են բավական ինքնատիպորեն. Սփյուռքի որոշ մեծահարուստների կողմից Հայաստանն ու հայաստանցիներն իրենց մեծապետական զգացումների ինքնահատուկ թիրախն են, ուստի ուզենան՝ բակլան խաշած էլ կցանեն…

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Երեւանի թատերական արվեստի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի տնօրեն,

թատերագետ, հրապարակախոս

Հ. Գ. Գուցե այս հոդվածի հրապարակումից հետո տիկին Մանուկյանը զայրանա ու ինձ էլ ազատի զբաղեցրած պաշտոնից։ Փույթ չէ, նոր տնօրենի թեկնածու էլ կգտնի՝ հավանաբար որեւէ կոշկակարի կամ էլ դերձակի։ Չէ՞ որ կոշիկ ու զգեստ կարելն էլ արվեստ է, մանավանդ որ, հարգարժան տիկնոջ պատկերացումներն արվեստի մասին հազիվ անցնեն ամերիկյան ճաշակի սահմաններից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930