«Արմենիկումի» հայտնաբերման լուրը սոսկ գիտական կամ բժշկական ինֆորմացիա չէր, քանի որ նմանատիպ պրոբլեմը համամարդկային նշանակություն ունի եւ նրա շուրջ անմիջապես կենտրոնացավ հանրության ուշադրությունը։
Հասկանալի պատճառներով, ժամանակը նստեցրեց «պոպուլիստական փոշին», որը բարձրացվել էր «Արմենիկումի» «հայտնագործության» հայտարարությունից հետո, եւ հիմա եկել է ժամանակը հանգիստ զատել գովազդային թեփուկը իրականության սակավաթիվ հատիկներից։
«Արմենիկումի» ծնունդը աշխարհին մատուցվեց «բրազիլական սերիալների» դասական ոճով, երբ անտեսանելի եւ ստվերում անհայտ հեղինակները դեռ բեմ դուրս չեն բերել դերակատարներին (հիվանդներին, որոնք բուժված են), բայց արդեն կան բոլոր ատրիբուտները, եւ ավելին՝ Ռուսաստանից հրավիրվում է մեկ հիվանդ, որի բուժումը պետք է հաստատի դեղամիջոցի առկայությունը։
Այս պարագայում շատ բնական է մեկ բավական հասարակ հարց։ Իսկ ինչպե՞ս է ընդունված կարգը գիտական աշխարհում։
Կարդացեք նաև
Ցանկացած նոր դեղամիջոց պետք է անցնի երկար փորձաքննությունների ճանապարհ՝ նախ կենդանիների վրա, ապա հետո կլինիկայում։ Ընդ որում, փորձերը կատարվում են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հիվանդների վրա, ամփոփվում են «հեռահար արդյունքները» եւ դրանից հետո միայն դեղամիջոցը ներկայացվում է գրանցման։ «Հեռահար արդյունք» ասելն այն է, որ քննվում են հիվանդները, որոնք տարիներ առաջ բուժվել են եւ հսկողության տակ են եղել, եւ միայն ժամանակն է որոշում դեղամիջոցի ծնունդը։ Այս պրոցեդուրան տեւում է միջինը 8-10 տարի։
«Արմենիկումի» դեպքում «սցենարի» հեղինակները կամ այդ կարգերին ծանոթ չեն, կամ էլ ավելին՝ միտումնավոր, ելնելով իրենց մասնավոր շահերից, թյուրիմացության մեջ են դրել իրենց բարձրաստիճան պետական հովանավորներին եւ, հետեւաբար, ամբողջ ազգին, այդ թվում եւ՝ աշխարհին։ Օտար մամուլում արդեն ի հայտ են եկել առաջին արձագանքները, որոնք խիստ կասկածում են «Արմենիկումի»՝ սպիդի դեղամիջոց լինելուն։ Ի տարբերություն արտերկրներից եկող քննարկումների, Հայաստանում կարծես թե չկան մասնագետներ, որոնք կարող էին ունենալ իրենց կարծիքը։ Խախտելով այդ անդորրը եւ ղեկավարվելով մեզ մատուցված կցկտուր տվյալներով, փորձենք հասկանալ, ի՞նչ է տեղի ունենում այսօր այս հարցի շուրջ։
Եվ այսպես, ըստ «սցենարի», ոմն հայազգի (մյուս տվյալներով՝ հրեա) գիտնական-քիմիկոս հայտնագործել է դեղամիջոց, բերել է այն Հայաստան եւ մի խումբ գիտնականներ (անհայտ ստվերում) կարճ ժամանակում (3 ամսվա ընթացքում) փորձել են այն, հետո բուժել 13 հիվանդի (որոնք եւս անհայտ են), գրանցել են դեղամիջոցը (ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան վարչությունում), եւ մեծ շուքով Հայաստան է հրավիրվել ոմն Կոլեսնիկով, որի բուժումը կապացուցի ամբողջ աշխարհին, որ Հայաստանում կա սպիդը բուժող դեղամիջոց։ Այս ամենը հովանավորում է ՀՀ անվտանգության նախարարությունը, քանի որ, Աստված չանի, գյուտը կամ գիտնականներին գողանան, որը ցավալի է եւ զարմանալի։
Նպատակ չունենալով ներթափանցել այս պատմության ակնհայտ ոչ մասնագիտական կարգավիճակի եւ գռեհիկ իրացման եղանակների մեջ, այնուամենայնիվ, փորձենք հետազոտել սցենարի ծնունդը։
1. «Առասպելական» ժամանակաշրջանը, որի մեջ տեղավորվեց այս ամենը, ասում է միայն մեկ բանի մասին՝ նոր դեղամիջոց չի եղել եւ չկա։ Դրա վառ ապացույցն այն է, որ չկա հեղինակների կողմից որեւէ հայց՝ արտոնագիր ստանալու մասին։ Ոչ մի դեղամիջոցի գրանցում ՀՀ առողջապահության նախարարությունում չի ապահովվում իրավաբանորեն, միջազգային օրենսդրությամբ։
2. Եթե չկա նոր դեղամիջոց, ուրեմն սա ինչ-որ մեթոդ է, որը թույլ է տալիս հայտնի դեղամիջոցների խառնուրդով ստանալ նոր բժշկական էֆեկտ, որը արտոնագիր ստանալու հնարավորություն չունի, ուստի պետք է կազմակերպվեն անվտանգության աննախադեպ պայմաններ, որը եւ իրագործվել է։
3. Փորձագետների խմբում գլխավոր դերակատարների մեջ կան անձինք, որոնք քաջ ծանոթ են այս հոդվածի հեղինակին, այն ժամանակներից, երբ փորձում էին հանել մեկ ուրիշ գյուտ համաշխարհային շուկա՝ վաճառելու համար։ Այդ, այսպես կոչված, «բժիշկ-բիզնեսմենի» մասին մի քիչ հետո։
Այսպիսով, բացում ենք մեր օրերի ամենամեծ «գիտական» գաղտնիքը։ «Արմենիկումը» պարզապես հայտնի ցիտոստատիկների գունավորված խառնուրդ է, ընդ որում, դա «բուֆերային կոմպլեքս» է, որը մշակվել է իմ կողմից դեռ երեք տասնամյակ առաջ եւ նրանով քաղցկեղից բուժվել է 1027 հիվանդ։ Այդ մասին արվել են բազմաթիվ գիտական հաղորդագրություններ, եղել են տպագրություններ։ Օնկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի գիտաժողովն ընդունել է (7 տարի առաջ) այն՝ որպես նոր քիմիոթերապիայի մեթոդ՝ քաղցկեղը բուժելու համար։
Հարց կառաջանա՝ ի՞նչ կապ ունի քաղցկեղը սպիդի հետ։ Պատասխանը միանշանակ է՝ ուղղակի, քանի որ երկու դեպքում էլ գործ ունենք խախտված իմունային համակարգի հետ եւ ցանկացած դեղամիջոց, որոնց թվում եւ առասպելական «Արմենիկումը», բուժման ընթացքում պետք է ի հայտ բերի (եթե դա թունավոր դեղամիջոց է) երկրորդային բացասական երեւույթներ՝ լեյկոպենիա, գլխապտույտ, փսխումներ, լույծ, դեպրեսիվ վիճակ եւ այլն։
Անհայտ ստվերում գտնվող հեղինակները թաքցնում են այդ փաստը (բացասական երեւույթները սպիդի բուժման ժամանակ), դեռ ավելին՝ հայտարարել են, որ այդ «Արմենիկումը» կարող է բուժել նաեւ քաղցկեղ եւ պսորեազ։
Ի դեպ, սպիդի բուժումը սկսվեց այն օրվանից, երբ «բժիշկ-բիզնեսմեն» Արթուր Մելքոնյանը հանգամանորեն ծանոթանալով իմ մեթոդին (արտասահմանում վաճառելու նպատակով) որոշեց, որ ժամանակն է եկել անցնել սպիդին։ Արագ (3-4 ամսվա ընթացքում) կազմակերպեց մասնավոր հիմունքներով իբր «ԴՆԿ-ի լաբորատորիա» եւ օգտվելով ինձնից կորզած մեթոդիկայի որոշակի դրույթներից, անցավ սպիդի բուժմանը։ Գուցե սա զուգադիպություն է, չգիտեմ, բայց մի բան ակնհայտ է. Հայաստանում եւ Խորհրդային Միությունում շատ լավ էին ճանաչում բժիշկ Մանվելյանին, որն այդ երկար տարիների ընթացքում չբացեց իր մեթոդի գաղտնիքը, եւ կարող եմ ասել, որ Արթուր Մելքոնյանը շտապեց եւ չհասցրեց ըմբռնել այդ մեթոդիկայի մեխանիզմը, ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ «Արմենիկումը», այսինքն՝ ցիտոստատիկների գունավորված խառնուրդը ժամանակավորապես կթեթեւացնի սպիդով հիվանդի վիճակը, բայց ռեմիսիայի դեպքում նորից այդ դեղամիջոցի օգտագործումը կսպանի հիվանդին։
Պետք է նշել, որ նմանատիպ «գիտնականներ» եղել են անցյալում։ Նախարար Զ. Նարիմանովի ժամանակ երկու «գիտնականներ» նույնպես խառնելով մի քանի ցիտոստատիկներ, ներկայացրին այն որպես իրենց կողմից ստեղծված դեղամիջոց։ Այդ դեղամիջոցը վաճառում էին հիվանդներին։ Արդյունքը եղավ այն, որ այդ երկու «հրաշագործները» մի կերպ փրկվեցին քրեական պատասխանատվությունից։
Ինչպես երեւում է, պատմությունը կրկնվում է ներկայումս։
Հարգարժան նախարար պարոն Սերժ Սարգսյան, եթե այդ «գիտնականները» իրոք բուժում են սպիդը, լավ կլիներ իրենք իրենց կամավոր վարակեին սպիդով եւ բուժեին։ Համենայնդեպս, դա կլիներ որոշիչ եւ փաստ։ Ի դեպ, իմ մեթոդը մշակելուց հետո ես առաջին անգամ այն փորձարկեցի ինձ վրա, երբ քաղցկեղ քայքայող թույների (ցիտոստատիկներ) խառնուրդի կոնցենտրացիան 10 անգամ գերազանցում էր մահացու կոնցենտրացիան։
Երկու խոսք էլ սպիդի մասին՝ որպես ոչ հիվանդության, այլ մարդկային հարաբերությունների դիագնոզ։ Լինելով բժիշկ՝ քառասնամյա ստաժով, որպես քաղցկեղի բուժման նոր մեթոդի հեղինակ, բազմիցս դիմելով հանրապետության տարբեր իշխանավորներին, ես այդպես էլ չստացա արձագանք բուժման հնարավորություն ստեղծելու համար։ Մոտ օրերս հանդիպելով նոր նախարար պրն Նիկողոսյանի հետ, ես ներկայացրի մի ծրագիր, որտեղ պատրաստ էի կլինիկայում, Հայաստանի բոլոր ճանաչված մասնագետների հանձնաժողովի ներկայությամբ եւս (երեւի 3-րդ անգամ) փորձարկել իմ մեթոդը գիտական աշխարհում ընդունված կարգավիճակով, որից հետո ծրագրվում էր սկսել հիվանդների բուժումը։
Ի վերջո, հասա նրան, որ արդեն փոխնախարարի հրահանգով պետք է կազմվի հանձնաժողով այն հիմնարկի կողմից, որոնք տասնյակ տարիներ ջանք չեն խնայել տապալելու ինձ։ Հին մեթոդի տիրակալները, անծանոթ լինելով քաղցկեղի բուժման նոր մեթոդի գիտական հիմնավորման արդյունքներին, չնայած 1992 թ. զեկուցվել եւ ցուցադրվել են բուժված հիվանդները գիտխորհրդում, պատճառաբանելով, թե ինչու չեմ բացահայտում մեթոդի էությունը, որպեսզի իրենք նույնպես փորձարկեն։ Ճգնելով երկար տարիներ խանգարել եւ հակազդել են ինձ, որովհետեւ նրանք ոչ մի ներդրում չեն կատարել մինչեւ օրս, չնայած գիտահետազոտական ինստիտուտ է, եւ նրանց չեմ համախմբել իմ գիտական աշխատանքների մեջ։
Երեւի թե սխալ հասցեով եմ գնացել, որ մինչեւ օրս իմ մեթոդը չի ներդրվել։
Օգտվելով առիթից, որ Հայաստանի օրենքները տարբերվում են համաշխարհային օրենքներից, ներկայացնում եմ այս ամենը հանրության դատին։
Զ. Մ. ՄԱՆՎԵԼՅԱՆ
Բժիշկ-ուռուցքաբան