Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԻ ՍԱՂ ԵՆՔ՝ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԻՆ ՊԱՐՏՔ ԵՆՔ

Ապրիլ 07,1999 00:00
hashvich

Խորհրդային Սահմանադրության վեցերորդ կետը ամրագրել էր ԽՄԿԿ-ի ղեկավար եւ ուղղորդիչ դերը հասարակական կյանքում։

Անցած տարի ստեղծվեց Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը։ Այսօր մտավախություն կա, որ վեցերորդ հոդվածի վերափոխված տարբերակը կմտցվի ՀՀ Սահմանադրություն։ Այն կամրագրի էներգահամակարգի ղեկավար եւ ուղղորդիչ դերը հասարակական կյանքում։ Ի վերջո, մեր կենսական բոլոր հարցերը պլանավորվում են էլեկտրացանցի մակարդակում։ Եթե դուք վստահ եք, որ որեւէ մեկից պարտք չեք վերցրել, մի շտապեք հայտարարել այդ մասին։ Ավելի լավ է ստուգեք էլեկտրաէներգիայի վարձավճարների ցուցակները։ Շատ հնարավոր է, որ դուք պարտք եք էլեկտրացանցին։

Օրինակ, Գյումրիի բնակիչ, Մեծ հայրենականի վետերան Աղասի Բաղդասարյանն էլ էր վստահ, որ պարտքեր չունի։ Անցած տարի նա գնել էր 58 թաղամասի Պ. Սեւակի փողոցի 15 շենքի 9 բնակարանը։ Հետո գնել էր էլեկտրահաշվիչ եւ թաղի էլեկտրիկ Արամ Շայվալադյանին խնդրել էր տեղադրել հաշվիչը։ Էլեկտրիկը նոյեմբերի մեկին տեղադրել էր եւ բնակչին գրություն տվել, որ հաշվիչի ցուցմունքը տեղադրման պահին 500 է։ Քաղաքացին նոյեմբերին տեղափոխվել էր բնակարան, իր իսկ խոսքերով՝ խնայելով էր օգտվել էլեկտրասարքերից։ Երկու օրը մեկ այդ նպատակով անընդհատ հետեւել էր ցուցիչի տվյալներին։ Հետո դեկտեմբերի սկզբին գնացել էր մուծելու իր օգտագործած հոսանքի վարձը, եւ պարզվել էր, որ 3500 դրամ պարտք ունի։ Նախկին պարտք։ Հին պարտք արձանագրելու այս մեթոդը տրամաբանական որեւէ վերլուծության ենթակա չէ (եթե, իհարկե, չունեք էլեկտրիկի տրամաբանություն)։

Պատկերացրեք, դուք բաժանորդ եք դարձել նոյեմբերի 1-ին, բայց դեռ բաժանորդ չդարձած արդեն պարտք եք։ Ճիշտ ու ճիշտ հին հայկական ասացվածքին համապատասխան, թե՝ «Քանի սաղ ենք՝ էլեկտրացանցին պարտք ենք»։ Պատերազմի վետերան Ա. Բաղդասարյանին սոցապը փոխհատուցման 11 հազար դրամի կտրոն էր տվել։ Նրա կարծիքով, էլեկտրացանցը որոշել է պարզապես փոխհատուցումը նվազեցնել ուղիղ 3500 դրամով։ Քաղաքացին չորս ամսից ավելի է՝ չի կարողանում պարզել իր պարտքի հետ կապված թյուրիմացությունը։ Այդ ընթացքում երեք «լույսի մարդ» է փոխվել։ Ու միակ մխիթարությունն այն է, որ «նախկին» կոչված պարտքի վրա տոկոսներ չեն հաշվարկվել։ Կարող էին, չէ՞, հաշվարկել։ Ի վերջո, էլեկտրացանցի կամքն ամեն ինչից վեր է։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930