Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորների եւ լրագրողների մասին

Ապրիլ 07,1999 00:00
zinvor

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 6-ին գումարեց հերթական նիստը՝ իր քննարկումների հիմնական մասով անդրադառնալով զինծառայողներին ընտրացուցակներում ընդգրկելու եւ նրանց քվեարկության կարգը սահմանելու հարցին։

Պետք է արձանագրել, որ բավականին հետաքրքիր լուծումներ գտան ԿԸՀ-ի անդամները։ Ընտրական օրենսգիրքն ընդհանրական վրիպակազերծումից հետո նոր պահանջներ է դրել եւ հենց այս շրջանակում էլ ընդունվեց փաստաթուղթ, որը սահմանում է ԿԸՀ հանձնարարականները ստորագրված քվեաթերթիկները զինծառայողներին հատկացնելու կարգի մասին։ Որոշվեց նաեւ, թե որտեղ պետք է քվեարկեն նրանք։ Եթե քաղաքացիական բնակչության հետ միասին զինվորականության թիվը տվյալ ընտրատեղամասում չի գերազանցում 3 հազարը, ապա տարածքում գտնվող զինմասի ներկայացուցիչները քվեարկում են ընդհանուր ընտրատեղամասում՝ քաղաքացիների հետ։ Իսկ եթե զինվորների քանակը գերազանցում է 3 հազարը, ապա նույն տեղամասում հատկացվում է առանձին տարածք, ուր քվեարկում են զինվորները։

ԿԸՀ անդամների կարծիքով, այդպիսով շատ ռացիոնալ լուծում է գտնվում, քանի որ ամենեւին էլ լարվածություն չի առաջանա քաղաքացիական անձանց եւ զինվորականների միջեւ, որոնք մեկը մյուսին խանգարում էին։ Համենայնդեպս, զինմասերում քվեարկություններ տեղի չեն ունենա։

Ճշտվեց նաեւ ընտրատեղամասերից 50 կմ հեռավորության վրա գտնվող զինվորականների քվեարկության կարգը։ Պաշտպանության նախարարության հետ համաձայնություն է ձեռք բերվել 6 օր առաջ կազմավորել ընտրական հանձնաժողովները, որոնք ընդամենը 5 օր առաջ կմեկնեն տարածքներ։

Որոշակիացվեց նաեւ ստորագրված քվեաթերթիկների պահպանման եւ հատկացման կարգը։ Դա իրականացվեց այն հիմքով, որ նախորդած ընտրությունների ժամանակ տրցակներով քվեաթերթիկներ էին դուրս հոսել պահարաններից եւ հետո «սամասվալ» մեխանիզմով հայտնվել քվեատուփում։ Քվեաթերթիկները կփաթեթավորվեն՝ յուրաքանչյուր փաթեթում ունենալով ընդամենը 100 միավոր։ Հանձնաժողովների անդամներն իրավունք ունեն ստորագրելու այն թղթի վրա, որն իբրեւ շտամպ կփակցվի այն պահարաններին, որոնցում պահվելու են քվեաթերթիկները։ Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ էլի քվեաթերթիկներ արտահոսեն գիշերով, բայց, դե, ինչպես ԿԸՀ-ում ԱԺՄ ներկայացուցիչ Վահե Վարսանյանը ներկայացրեց, դա պրակտիկորեն անհնար կլինի։ Բացի այդ, քվեարկության օրը պահարանը դրվելու է քվեարկության սենյակում՝ ի տես բոլորի։ Եվ եթե նույնիսկ հանձնաժողովների նախագահներին հրահանգ լինի քվեաթերթիկները դուրս բերել, ապա դա էլի չպետք է ստացվի, քանի որ մեծացվել է ընդհանուր վերահսկողության հնարավորությունը։

ԿԸՀ նիստում քննարկվեց եւս մեկ հարց։ Այնպես էր ստացվել, որ սահմանափակվում էր լրագրողների աշխատանքի հնարավորությունը։ ԿԸՀ-ում գրանցվելուց զատ, թղթակիցները պետք է առանձին-առանձին ներկայանային բոլոր այն մարզային ընտրական հանձնաժողովներին, որոնց պատկան տարածքներում տեղի ունեցող ընտրությունները լուսաբանելու ցանկություն ունեն։ Այդպիսով գրեթե անհնար էր դառնում, որ երեւանցի լրագրողն, ասենք, լուսաբանի ընտրությունների ընթացքը Վայոց ձորի կամ Գեղարքունիքի մարզում։ Նախաձեռնությամբ հանդես եկավ Ֆիլարետ Բերիկյանը եւ, ըստ էության, բացառիկ խելացի առաջարկ արեց՝ այն լրագրողները, ովքեր հավատարմագրվել են ԿԸՀ-ում, այլեւս մարզային հանձնաժողովներում գրանցվելու կարիք չունեն։

Նախորդ օրը ԿԸՀ-ի նախագահ Խաչատուր Բեզիրջյանը հանդիպել էր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ Մարդու իրավունքների գրասենյակի, որը գտնվում է Վարշավայում, ներկայացուցիչների հետ։ Թե ինչի մասին են խոսել նրանք՝ Խաչատուր Բեզիրջյանն անդրադարձավ ընդհանուր գծերով՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն այնքան էլ լավ ծանոթ չէին այս նոր ընտրական օրենսգրքին եւ հիմնականում լսողի դերում լինելով, փորձել են կարծիք իմանալ, թե ինչպիսին է փաստաթուղթը։ Քննարկվել են նաեւ դիտորդական առաքելություններին վերաբերող հարցեր։

«Առավոտի» հարցադրմանը, թե այս տարի ԿԸՀ-ն ինչ կազմակերպությունների է հրավիրել դիտորդական առաքելություններ իրականացնելու համար, Խաչատուր Բեզիրջյանը պարզաբանեց. «Հրավերներ ուղարկել է ԱԳՆ-ն եւ խորհրդարանը։ Խորհրդարաններին եւ խորհրդարանական վեհաժողովներին հրավերներ է ուղարկել Ազգային ժողովը, իսկ միջազգային կազմակերպություններին հրավերներ է արել Արտաքին գործոց նախարարությունը։ ԿԸՀ-ն այդ ամբողջ տվյալներին չի տիրապետում, ուստի հարցերը պետք է ճշտվեն այս երկու պետական հաստատություններում»։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930