Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ չհամարվի

Ապրիլ 07,1999 00:00
Vahan Hovhannisyan

Պետհամալսարանում ուսանողների հանդիպումից հետո Վահան Հովհաննիսյանն առանձին լրագրողների հարցերի էլ պատասխանեց։ Զրույցի ընթացքում դժգոհություն հայտնեց հետեւյալ առիթով, թե այս փուլում լուրջ եւ տխուր հանգամանք է, որ «Խորհրդարանական ժամ» կոչված խորհրդարանի այսօրվա խմբակցություններն ամեն կիրակի օգտագործում են որպես նախընտրական արշավ վարելու միջոց, հնարավորություն, որից ուրիշ կուսակցություններ՝ օրինակ Դեմիրճյանինը կամ մերը զրկված են։ Սա արդար չի»։

Ավելի արդար կլիներ, եթե այս մասին խոսեր որեւէ այլ քաղաքական գործիչ, բայց ոչ Դաշնակցության առաջնորդը, որը երեք օր է՝ Ազգային հեռուստատեսության էկրանից չի իջնում։ «Առավոտի» թղթակիցը հիշեցրեց Վահան Հովհաննիսյանին այս մասին՝ եւ նա պատճառաբանություններ ներկայացրեց, որ ապրիլի 4-ին ցուցադրված «Անմեղության կանխավարկած» հաղորդումը մեկ ամիս առաջ էր նկարահանվել։ Ապրիլի 5-ին, ճիշտ է, «Այսօր» հաղորդման հյուրն էր, բայց դե անցած շաբաթ էին հրավիրել՝ ինքն էլ զբաղված էր։ Երեկվա հանդիպման տեսագրությունն էլ ցուցադրվեց՝ եւ սա էլի նախընտրական արշավի հետ կապ չունի։ Ավելին. «Շուտով տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նիստ ունենք, որին թղթակիցների եմ հրավիրելու՝ էլի երեւի ցույց կտան։ Ինչ արած, էդպես է ստացվում»։ Այս ամենի համեմատ էլ դաշնակցական առաջնորդը խորհրդարանական կուսակցություններին շատ է համարում իրենց 3-ական րոպեն։ «Ի վերջո, ինչ-որ ձեւով չհակակշռե՞նք»,- հարցին հարցով պատասխանեց պրն Հովհաննիսյանը։

Նրա հետ զրույցն ամբողջական չէր լինի, եթե իր մրցակիցներից մեկի՝ Գեւորգ Մելքոնյանի մասին չխոսեինք։ «Հայոց աշխարհի» թղթակցի հարցին ի պատասխան էլ պրն Հովհաննիսյանը կրկնեց արդեն իսկ հեռուստատեսությամբ իր ասածը. «Բոլորս հանենք մեր թեկնածությունները՝ Գեւորիկն անցնի, որ ՀՀՇ-ն ճիշտ ներկայացված լինի խորհրդարանում։ Իսկ էդ ո՞վ կա իրենց կուսակցությունում, որ իրենից լավն է՝ ոչ ոք։ Էս մարդը գոնե չի փախել Հայաստանից, քանի որ սպանությունների մեղադրանքով հետապնդվում է։ Տղա է, իր համար, չեմ կարծում, որ ինքն ինչ-որ բանով պակաս է ՀՀՇ-ի կամ «Հայրենիքի» ցանկերով ներկայացված պատգամավորներից»։ «Առավոտը» փորձեց պարզել, թե այդ դեպքում ինչո՞ւ էր Գեւորիկին համոզել հանել իր թեկնածությունը. «Ես իրան կյանքում իսկապես չեմ տեսել։ Եվ ինչու պիտի նման բան առաջարկեմ»։

Գուցե պրն Հովհաննիսյանը ոչ միայն չի ճանաչում Գեւորգ Մելքոնյանին, այլ նաեւ չգիտի, որ նա ոչ ՀՀՇ անդամ է, ոչ էլ կուսակցությունը պաշտպանում է նրա թեկնածությունը։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930