Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄԱԿՈՐ ՀՅԴ-Ի ՍԱՆՁԱՀԱՐՈՒՄԸ

Ապրիլ 07,1999 00:00
Vahan Hovhannisyan

Հանրահայտ էր, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը բավական կնամեծար է։ Բայց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հրավերով հյուրընկալվելով պետհամալսարանում՝ նա գերազանցեց ինքն իրեն։

Ներկա եւ բացակա աղջիկներին շնորհավորելով մարտի 8-ին գումարված ապրիլի 7-ի առնչությամբ նա կանխատեսեց, թե ամեն մի նոր իշխանություն եւս մի օր կավելացնի եւ վերջապես «կհասնենք իդեալական իրավիճակի, երբ 365 օր կանանց տոն կլինի եւ երեւի դրանք իսկապես երջանիկ ժամանակներ կլինեն»։

Հովվերգական, քաղցր-մեղցր արտահայտություններն այսքանով սահմանափակվեցին։

Կուսակցական քարոզ

Թերեւս Հրանտ Բագրատյանի դափնիները Վահան Հովհաննիսյանին հանգիստ չեն տալիս եւ այդ պատճառով նա նախ պետության եւ հասարակության փոխառնչությունների տարբեր ընկալումներին անդրադարձավ։ Այնպես որ, կիսալեցուն դահլիճում հավաքված ուսանողները եւս մի դասախոսություն լսելու երջանիկ պատեհությունն ունեցան։

Վահան Հովհաննիսյանն էլ առիթն օգտագործեց ՀՅԴ գովքն անելու համար, թե որքան ճիշտ էին իրենք 1988-ին, երբ հայտարարում էին, որ հայ ժողովուրդը չպիտի նպաստի ՍՍՀՄ-ի արագ քայքայմանը, թե ընդհանրապես որքան սկզբունքային կուսակցություն են եղել անցած 100 տարիների ընթացքում. «Այո, այսօր էլ իշխանությունների հետ ենք աշխատում, բայց էլի որեւէ արարք, որ հակասում է մեր սկզբունքներին եւ մոտեցումներին՝ անհնար է, որ անցնի աննկատ»։ Դաշնակցական գործիչների նման հայտարարություններին սովորաբար Արշակ Սադոյանն է լավ արձագանքում՝ համառորեն հետաքրքրվելով, թե վերջապես ի՞նչ սկզբունքային ու հստակ դիրքորոշում ունի այս կուսակցությունը, ասենք, կոնյակի գործարանի վաճառքի, կամ իր՝ Սադոյանի նախասիրած արտահայտությամբ՝ «ազգային արժեքների թալանի» վերաբերյալ։ Նրա զրուցակից դաշնակցականները որպես կանոն ի պատասխան սկսում են սեփականաշնորհման ողջ գործընթացի մասին միայն դատողություններ անել։

«Ոչ ոք հանկարծ իլյուզիաներով թող չապրի, որ Դաշնակցությանը հնարավոր է հնազանդեցնել,- չգիտես ում սպառնալից զգուշացրեց Վահան Հովհաննիսյանը։աշոտ բլ- Պայմանավորվել, համագործակցել Դաշնակցության հետ կարելի է եւ հնարավոր։ Մենք միշտ կատարում ենք մեր պայմանավորվածությունները։ Բայց հնազանդեցնել, դարձնել ձեռքի կամ գրպանի կուսակցություն՝ էդ մեկը հնարավոր չէ»։

Մարտական փառքի վայրերով

ՀՅԴ վերջին շրջանի հերոսական անցյալի գրեթե միակ լուսավոր կետն անցած տարի անցկացրած հանրահավաքն է։ Եվ Վահան Հովհաննիսյանն այս պատմական իրադարձության նշանակությանն ու հետեւանքներին անդրադարձավ։ «Ոչ ոք չի կարող ասել, որ այդ միտինգն իր ուղղվածությամբ եւ ուժգնությամբ անպտուղ անցավ»։ Ապացուցելու համար, որ «քաղաքական ճնշումը մեր երկրում անպտուղ չէ»՝ մեկ առ մեկ անդրադարձավ իրենց տասնյակի հերոսներից ոմանց։

«Եթե ժամանակին Աշոտ Բլեյանն իր ծրագրերի վրա անիմաստ այդքան դրամ չմսխեր՝ միգուցե այսօր ուսանողների կրթաթոշակներն ավելի բարձր լինեին։ Միգուցե ավելի բարձր լինեին դասախոսների ռոճիկները»,- նախ տիարի առնչությամբ այսպես խոսեց պրն Հովհաննիսյանը՝ անտեսելով այն նախարարների գործունեությունը, որոնք կրթական որեւէ ծրագիր չեն իրականացրել, սակայն դրանից կրթաթոշակներն ու ռոճիկներն էլ չեն շահել։ Աշոտ Բլեյանին պատասխանատվության կանչելու փաստն այսպես մեկնաբանվեց, որ «Դաշնակցության դրդումով» հասարակությունը պետությանը պարտադրեց այդ քայլը։

«Շիրակում եւ Արթիկում կատարված սարսափելի ֆինանսական խախտումները սկսեցին քննվել,- աչքալուսանք տվեց պրն Հովհաննիսյանը եւ միաժամանակ էլ՝ «անկախ» դատախազությանը հաթաթա։- Արդյունքները միգուցե դեռ բավարար չեն։ Բայց կլինեն բավարար։ Խոսքը պրն Մաքեյանի մասին է»։

Պարծենկոտությունն էլ թերեւս պիտի սահմաններ ունենա, այլապես գոնե այս մի փաստը Դաշնակցությանը չէր վերագրվի. «Այո՛, մե՛ր ճնշման եւ հասարակության ճնշման շնորհիվ պարոնայք Շահնազարյան Դավիթը, Խաչատրյան Վիգենը, Վահագն Խաչատրյանը հրաժարվեցին ընտրություններին մասնակցելուց, որովհետեւ հասկացան, որ ժողովուրդը երկրորդ անգամ նման ապտակ կուլ չի տա, որ նման տիպեր հայտնվեն խորհրդարանում եւ մեր ճակատագիրը տնօրինեն։ Նրանք հրաժարվեցին՝ իհարկե, լացուկոծով, խոսելով այն մասին, որ ընտրություններն անարդար են լինելու եւ այլն։ Դեռ ոչ ոք չգիտի՝ արդա՞ր են լինելու, թե՞ ոչ։ Այնուամենայնիվ, քաղաքական ասպարեզից գոնե էդ մասը մի քիչ մաքրվեց։ Եվ թալանածի զգալի մասը սկսում են կամաց-կամաց բերել հետ հանձնել բյուջեին»։ Լիակատար երջանկության համար Վահան Հովհաննիսյանին պետք էր, որ արդյունքի հասնեն նաեւ հետեւյալ հարցերում. «Օրինակ, Երջանիկ Աբգարյանն այդպիսի հարցերից մեկն է. ինչպե՞ս է աշխատել մաքսատունը նրա տարիներին եւ ի՞նչ հարստություններ են դիզվել այդ տարիներին։ Մենք պետք է, իհարկե, Շահեն Պետրոսյանի խնդրով շարունակենք պնդել, զբաղվել, որովհետեւ այսօրվա ավիացիայի խայտառակ ու անմխիթար վիճակն ամբողջությամբ նրա պատասխանատվությունն է։ Եվ ավիացիայի այսօրվա պատասխանատուներն ինչքան էլ ջանք են թափում՝ այդ ճգնաժամից չեն կարողանում հանել մեր ավիաուղիները»։ Եվ, վերջապես, երրորդ թիրախը Լոռու մարզն էր. «Կատարված շատ եւ շատ չարաշահումներ դեռ բացահայտված չեն»։

Այս անուններն էլ չեն մոռացվի

Վանո Սիրադեղյանի անունը ՀՅԴ հանրահավաքում չէր հնչել, սակայն վերակերտելով անցյալը, պրն Հովհաննիսյանը ակնարկեց, թե այդ անունը եւս կարելի էր ցուցակի տողերի արանքում կարդալ։ «Ի վերջո, որպես հասարակություն, բարոյական ճնշումով հասանք նրան, որ քաղաքացի Վանիկ Սմբատի Սիրադեղյանն այսօր գտնվում է հետախուզման մեջ»։

Եվ էլի մասնավորապես իրենց բարոյական ճնշմանը վերագրեց Վանո Սիրադեղյանի՝ հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը։ Ի դեպ, ավելի ուշ պրն Հովհաննիսյանը հայտարարեց, թե իրենց հայտնի է Վանո Սիրադեղյանի հասցեն. «Եթե ինչ-որ մեկն ուզում է՝ կարող ենք տալ»։ Տեսնես իրավապահ մարմիններում այդպիսիք չկա՞ն, որոնց հետաքրքրում է այդ արժեքավոր տեղեկությունը։

Մեկ-երկու ծափահարություններ հնչեցին, երբ Վահան Հովհաննիսյանն ազդարարեց, որ հաջորդ շաբաթ ՀՅԴ-ն քաղհայցով դատարան է դիմելու՝ ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի։ Զրպարտության համար հայցը վերաբերելու է 1994-ի դեկտեմբերի 28-ին նրա հեռուստաելույթին եւ դրան հաջորդածին, 1995-ի մայիսին եւս Դաշնակցությանը ահաբեկչության եւ այլնի մեջ մեղադրելուն, եւ վերջապես՝ նրա վերջին հարցազրույցում պարունակվող համահունչ պնդումներին։

Ի դեպ, այս ամենից հետո պրն Հովհաննիսյանն էլի կուսակցական քարոզի շրջանակներում հայտարարեց, որ հանդարտ ու կայուն հասարակության երաշխավորը ՀՅԴ-ն է։ Եվ հետո էլ, որ Քոչարյանին հաջողվել է թունազրկել քաղաքական հարաբերությունները։

Ընտրական ծիրին մեջ

Պրն Հովհաննիսյանը չմանրամասնելով, նշեց. «Ցավոք սրտի, մի քանի տխուր օրինակ ունենք։ Գիտենք, որ կառավարությունից որոշ պաշտոնյաներ զանգահարում են որոշ տեղեր ու խնդրում, որ այս կամ այն ցուցակին օժանդակեն ստորագրահավաքի ժամանակ։ Գիտենք նաեւ, որ շատ տեղերում ստորագրությունները հին, պապական մեթոդով են հավաքվում՝ գյուղի քյոխվեն բոլորի տեղը ստորագրում է՝ տարբեր ձեւերով անշուշտ»։ Նման խախտումների դեմ պայքարելու համար Վահան Հովհաննիսյանը խոսեց ԱԺՄ-ի եւ անգամ կոմկուսի հետ համագործակցելու մասին։

ԵԿՄ-ի եւ ՀՅԴ-ի միասնական ցուցակով հանդես չգալու առնչությամբ ասվեց. «Այդպիսի խոսակցություններ եղել են, բայց երկկողմ համաձայնությամբ գտանք, որ ճիշտ չի լինի»։

Ի դեպ, առաջին անգամ այստեղ հրապարակավ հայտարարվեց, որ ՀՅԴ-ն (առանց օժանդակ կառույցների) մինչեւ 5 հազար անդամ ունի. «Մենք էն կուսակցությունների նման չենք, որ հայտարարում են, թե 30 կամ 25 հազար անդամ ունեն, հետո տարբեր մարզերում մեր ընկերներին են մոտենում, որ իրենց օգնեն ստորագրահավաքի մեջ»։

Սիրո՞ւմ է-չի՞ սիրում, կթքի՞-կհամբուրի՞

«Մենք գտնում ենք, որ մեկ կուսակցության ձեռքն ամբողջական իշխանությունը տալ չի կարելի ոչ մի դեպքում, նույնիսկ, եթե այդ կուսակցությունը մենք ենք»,- այս հայտարարությանը հավելենք Վահան Հովհաննիսյանի նկատառումները բարձրագույն իշխանավորների վերաբերյալ։ «Դաշնակցության անդամ չլինելով, այնուամենայնիվ, արտաքին քաղաքականության մեջ Քոչարյանն իսկապես դրսեւորում է դաշնակցական պատկերացումներին շատ ավելի մոտ քաղաքականություն, քան դա նախկինում էր արվում»։ Անմիջապես էլ վերապահում արվեց. «Իհարկե, դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերում համակարծիք ենք նրա քաղաքականության հետ»։ Առավել որոշակիացրեց. «Ես ընդհանրապես չեմ խրախուսում մեր կառավարությունը՝ ոտից գլուխ»։ Բացառություն չարվեց անգամ Ռոլանդ Շառոյանի եւ Լեւոն Մկրտչյանի համար։

Ի դեպ, վերջինիս տնօրինած ոլորտի արդի վիճակի առնչությամբ մի որակում արվեց, որն, ըստ իս, շատ ավելի ընդգրկուն է. «Ողբերգական, բայց հուսադրող»։ Հիրավի, կրթության բախտը դեռ բերել է՝ հույսի իմաստով։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Այս մի հարցի պատասխանը ընդհանուր համատեքստում ոչ մի կերպ չէր տեղավորվում, բայց արժեր հենց այսօր մեջբերել։ Վահան Հովհաննիսյանին խնդրեցին մեկնաբանել Նապոլեոնի այն ասույթը, թե քաղաքական գործչի սիրտը պիտի ուղեղում լինի։ Պատասխանը մասնավորապես այս էր. «Սիրտը թող հանգիստ իր տեղում բաբախի, որ մնացած օրգաններն էլ լավ աշխատեն՝ ոչ միայն ուղեղը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930