Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի վերջո, դա երկրի նախագահն է»

Ապրիլ 07,1999 00:00
Vahe Gabrielyan

Խոստովանեց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանը ապրիլի 6-ին կայացած բրիֆինգի ընթացքում։

Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե մեկ տարի առաջ ժողովրդին իր կուսակցությունը համարող նախագահը ինչո՞ւ չընդունեց վերջերս նստավայրի մոտ հավաքված իր կուսակցության անդամներին, այլ մի քանի տասնյակ լավ զինված ոստիկաններ ուղարկեց նրանց մոտ՝ Վահե Գաբրիելյանը նշեց, որ այն չեզոք հարց չի համարում։ Նրա կարծիքով. «Նախ, պետք է քննարկել թե ովքե՞ր եւ ի՞նչ խնդիրներով էին հավաքվել, եւ հանդիպողներ նախագահի աշխատակազմից վստահաբար եղել են։ Չէ որ բոլորին նախագահը չի կարող ընդունել եւ աշխատանքային կարգը վաղուց սահմանված է, ի վերջո դա երկրի նախագահն է»,- նշեց պրն Գաբրիելյանը։

Իսկապես որ, ի՞նչ խնդիրներով ժողովուրդը կարող է հավաքվել ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ հավանաբար, նա (ժողովուրդը- Լ. Մ.) տեղյակ չէ անցած մեկ տարվա ընթացքում ձեռք բերած մեր պետության նվաճումներին, որոնք այնքա՜ն շատ են, որ նախագահի խոսնակը չկարողացավ պատասխանել։ Բայց ոչինչ, սիրելի ժողովուրդ, մի հուսահատվիր, այ, հավանաբար ապրիլի 16-ին, պրն Գաբրիելյանի հավաստմամբ, Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս կտա ու կանդրադառնա մեկ տարվա պաշտոնավարությանը։ Իսկ որպեսզի այդ նվաճումները «շոշափելի» լինեն, ասուլիսից մի երկու օր առաջ մամուլի գրասենյակը ԶԼՄ-ներին կտրամադրի տպագիր տեղեկագիր՝ բոլոր ոլորտների վերաբերյալ, որոնք ընդգրկված են եղել նախագահի նախընտրական ծրագրում։

Օրագրի մասին

Ընդհանրապես ՀՀ նախագահի մամուլի խոսնակի այս բրիֆինգի նպատակը ԱՊՀ անկախ պետությունների համագործակցության գագաթաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության եւ Մոսկվա այցի շրջանակներում ՀՀ նախագահի ունեցած հանդիպումների մասին եւ դրանց վերաբերյալ նախագահի գնահատականին տեղեկացնելն էր։ Քանի որ եւ մեր թերթը եւ զանգվածային լրատվության բոլոր միջոցները այդ օրերին մանրամասն ներկայացրել են այցի ընթացքը՝ նշենք միայն 2 փաստաթուղթ, որոնց վրա մամուլի խոսնակը կենտրոնացրեց մեր ուշադրությունը։ Նախ, 1994 թ. ապրիլի 15-ի ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնագրում փոփոխությունների հարցը, որի կապակցությամբ ընդունված հուշագրում Ադրբեջանը հատուկ վերապահում է արել։ Դրանով Ադրբեջանը նշել է, որ բոլոր այն իրավունքները, նորմերը եւ պարտականությունները, որոնք սահմանված են համաձայնագրում եւ փոփոխություններ նախատեսող հուշագրում՝ Ադրբեջանի կողմից չեն իրականացվելու ՀՀ նկատմամբ, ինչը՝ եւ ըստ պրն Գաբրիելյանի, սպասելի էր։

Հաջորդ փաստաթուղթը ԱՊՀ երկրների ղեկավարների հռչակագիրն էր՝ ԱՊՀ զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Փաստաթղթի՝ հակամարտությունների կարգավորման սկզբունքներին վերաբերվող հատվածում մի շարք պետությունների առաջարկությամբ ներկայացվել է հետեւյալ բովանդակությամբ մի պարբերություն. հակամարտությունները պետք է լուծվեն՝ ելնելով տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաեւ այլ միջազգային սկզբունքներից։ Հայաստանի տեսակետն այն է, որ կամ պետք է նշել բոլոր միջազգային 10 հելսինկյան սկզբունքները, կամ չպետք է նշել որեւէ այլ սկզբունք։ Մի քանի պետություններ շահագրգռված են եղել, ըստ Գաբրիելյանի, որ փաստաթուղթն այդ տեսքով ընդունվի, ուստի Հայաստանն այդ փաստաթուղթը ստորագրել է միայն իր հատուկ կարծիքը կցելուց հետո։

5։4՝ հօգուտ «Իրավունքի»

Հարցուպատասխանի ժամանակ ամենաակտիվը «Իրավունքի» եւ «Ազատության» թղթակիցներն էին։ Այն է, թվում էր թե «Ազատության» թղթակիցը հարցերի քանակով կգերազանցի «մրցակցին», երբ «Իրավունքի» թղթակիցը չդիմացավ ու տվեց իր հաղթական 5-րդ հարցը։ Նրանց հարցերից մեկն էլ վերաբերում էր ապրիլի 24-ին ՆԱՏՕ-ի 50-ամյա հոբելյանական նիստին ՀՀ նախագահի մասնակցությանը։ Վահե Գաբրիելյանի պատասխանը հետեւյալն էր. «Հեյդար Ալիեւի եւ Սուլեյման Դեմիրելի հետ հանդիպումը նախագահի օրագրում չկա, ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցությունը օրացույցում կա։ Պետք է օգտագործվեն բոլոր հնարավորությունները՝ մեր տեսակետը լսելի դարձնելու եւ շփումներ հաստատելու համար։ Եվ նաեւ այս հանգամանքով է պայմանավորված մասնակցությունը ՆԱՏՕ-ի միջոցառմանը, որովհետեւ միեւնույն ժամանակ չի կարելի թույլ տալ նաեւ, որ Հայաստանի մասին հնչի միակողմանի կարծիք այլոց կողմից եւ չլինի դրան հակադարձ տեղեկատվություն»։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930