«Գնո՞ւմ ենք ընտրությունների, թե՞ չենք գնում, դա չէ խնդիրը»,- համլետաբար փիլիսոփայեց ՀՀՇ նախընտրական կենտրոնը, ավելի կոնկրետ՝ այն երեկվա ասուլիսում ներկայացնող Հովհաննես Իգիթյանը՝ Արարատ Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի «թիկնապահությամբ»։
Բայց լրագրողներիս հրավիրել էին ավետելու, որ «ՀՀՇ կուսակցությունը պատրաստ է գնալ ընտրությունների»։ Այնքան պատրաստ էին, որ նույնիսկ կուսակցական ցուցակն էին մանրամասն «կինդեր»-ային ու գենդերային հետազոտության ենթարկել. առաջադրված է ցուցակով 49-ը հոգի, բոլորը՝ ՀՀՇ անդամ, միջին տարիքը՝ 42 (ամենաերիտասարդը՝ 28 տարեկան, տարեցը՝ 51), 8 %-ը կանայք են, 57 %-ը՝ շրջաններից, 6-ը՝ ԱԺ պատգամավոր, բոլորն էլ բարձրագույն կրթությամբ ու ամենակարեւորը՝ «բոլորս միասին ունենք 122 երեխա(՜)»։ Նման ժառանգությամբ հպարտ՝ լավատեսորեն գլուխ գովացին, թե «ստորագրություններ հավաքելու պրոբլեմ չունեն»։ Իսկ իրենց էլեկտորատը այսպես որակվեց՝ «ամենահուսահատվածն ու ամենապասիվը»։ Ու ոչ պակաս լավատեսությամբ՝ դրանում իրենց մեղքը չտեսան։ Մեղավորը ներկայիս «իշխանության կողմից կատարված գործողություններն են»։ Իսկ իրենք հույս ունեն ընտրողներին համոզել, որ հիմա ՀՀՇ-ում այն մարդիկ են մնացել, ովքեր իշխանություն եղած ժամանակ վատ բաներ արածների հետ ոչ մի կապ չունեն (՞)։ Իսկ «իշխանության գործողությունները» լրագրողի խնդրանքով մանրամասնելով՝ կոնկրետացրին, որ խոսքը «աշխատանքից հեռացնելու եւ բիզնեսով զբաղվածներին խոչընդոտելու» մասին է։
Նախկին իշխանավորների գնահատմամբ իրենց ժամանակ կար «ուժեղ իշխանություն եւ թույլ ընդդիմություն», իսկ հիմա՝ «իշխանության մասին առայժմ դժվար է ասել, բայց այսօր ձեւավորվում է ուժեղ ընդդիմություն, եւ ՀՀՇ-ն իր դերն ունի այդ դաշտում»։ Ի փառս ԶԼՄ-ների արձանագրենք, որ որպես ՀՀՇ-ին «լուրջ վերաբերվելու» չափանիշ նշվեց պետական հեռուստատեսության ուշադրությանն արժանանալը. «Եթե «Հայլուրը» մի քանի վայրկյան կամ րոպե անդրադառնում է ՀՀՇ-ին, ուրեմն մեզ լուրջ են վերաբերվում»։ Ընդհանրապես ՀՀՇ-ականներն երեկ տրամադիր չէին կոպիտ գնահատականներ տալ (թե՞ իրերն իրենց անուններով կոչել) ու անընդհատ դրանք մեղմում էին։ Ասենք՝ ՀՀՇ-ի ներսում երկու թեւերի բաժանվելու մասին բոլոր հարցադրումներին ի պատասխան՝ համերաշխ ջանասիրությամբ հավաստիացնում էին, որ ոչ մի լուրջ հակասություններ չկան, պարզապես շատ մանր-մունր անհամաձայնություններ են։ Կամ՝ «այսօր Հայաստանում առկա տհաճ երեւույթները» չորակվեցին «թալան», այլ՝ «թալանատիպ գործունեություն», որը իրենք «կասեցնել չեն կարող, բայց կարող են մարսելը շատ դժվարացնել»։ Իսկ երբ «Երկիրի» թղթակիցը կանխատեսեց, թե «այլանդակ ընտրություններ են լինելու» եւ ցանկացավ պարզել, թե ըստ ՀՀՇ-ի ովքե՞ր կլինեն այլանդակությունն անողները, Արարատ Զուրաբյանը նախ ապահովագրվեց՝ «ֆիքսելով», որ լրագրողն ասաց «այլանդակ» բառը, հետո էլ, թե «մենք այլանդակ ընտրություններ չենք սպասում (…), կարող է շատ էլ գեղեցիկ ընտրություններ լինել»։
Արարատ Զուրաբյանը ժպիտով պնդեց. «Մայիսի 30-ին կլինեն ընտրությունները, եւ դուք կհամոզվեք, որ մենք 5 %-ը հեշտությամբ կանցնենք, եթե մենք հեշտությամբ չանցնենք 5 %-ը, ուրեմն մնացած ամեն ինչի վերաբերյալ պատրաստ ենք տալ բոլոր բացատրությունները»։ Ճիշտ ու ճիշտ այն քաղաքական գործչի նման, որ գուշակում է, թե ինչ տեղի կունենա վաղը ու հետո բացատրում, թե ինչի այն տեղի չունեցավ։ Բայց ՀՀՇ-ականները նաեւ էս գլխից իրենց ապահովագրեցին, եւ պարոն Զուրաբյանի հաջորդ միտքն էր. «Եթե բիրտ մեթոդներ չօգտագործվեն, մենք հանգիստ 5 %-ը կանցնենք»։ Այնուամենայնիվ, չժխտվեց նաեւ ընթացքում ընտրությունները բոյկոտելու տարբերակը։
Կարդացեք նաև
ՀՀՇ վարչության նախագահով հետաքրքրվողներին էլ մի լուրջ պատասխան չտվեցին, «ճշգրիտ տեղեկություններ չունեին»։ Բայց շատ վստահ հայտարարեցին, որ «Հայաստանում շատ ուժեր կան, որոնց Վանո Սիրադեղյանի գալը ձեռնտու չէ եւ ամեն ինչ կանեն, որ Վանո Սիրադեղյանը չգա»։ Երբ «Օրագիրը» փորձեց ճշտել ո՞ր ուժերի մասին է խոսքը, ռեբուսի հեղինակ Հ. Իգիթյանը մեկ այլ ռեբուս առաջադրեց. «Այն ուժերը, որոնք Հայաստանում զբաղվում են քրեական գործեր սարքելով»։
Մեծամասնական ցուցակներով կառաջադրվեն 21 ՀՀՇ-ական։ «Ազատություն» ռ/կ-ի հարցից, թե ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի գլխավորում ցուցակը, լավ շփոթվեցին՝ փորձելով հարցին պատասխանելու պարտավորությունը նախկին նախագահին հասցեագրել, հետո էլ Հովհ. Իգիթյանն անվստահ նկատեց, թե «մեզ թվաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը առայժմ պատրաստ չէ մտնել ակտիվ քաղաքական կյանք»։ Մեծամասնական ընտրակարգում իր շանսերը Հովհ. Իգիթյանը նախորդ ընտրությունների համեմատ նվազած գնահատեց, բայց նաեւ նշեց, որ իր մրցակիցների մեջ «կան մարդիկ, որոնք պատրաստ են 20-70 հազար դոլար տրամադրել» որպես ընտրակաշառք, բայց անուններ առայժմ նախընտրեց չտալ։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ