Ամենից շատ պաշտոնաթերթիկ՝ 500 հազար ստորագրություն հավաքելու համար, ԿԸՀ-ից ստացել է «Միասնություն» դաշինքը։ Մյուսները ամենաշատը, իրենց ստացած քվեաթերթիկներով, 400 հազար ստորագրություն կարող են հավաքել։
ԱՌԱՋԻՆԸ
Երեւանի մարզային հանձնաժողովում երեկ առաջինն իր պաշտոնաթերթիկը՝ 1000 ստորագրությամբ, հանձնել է 5-րդ ընտրատարածքում թեկնածությունը առաջադրած Արմեն Մկրտչյանը։ Վերջինս ներկայացնում է Պահպանողական կուսակցությունը։
Կարդացեք նաև
ԻՄՆ ՈՒՐԻՇ Է
Երեկ խմբագրություն զանգահարեց «Միասնություն» դաշինքի նախընտրական ցուցակի 109-րդ հորիզոնականը գրավող Կամո Իգիթյանը եւ մեր նախորդ օրվա «Բաժանեք փողերը, համ էլ կհարստանաք» հրապարակման հետգրության առիթով ասաց, թե իր «Սիփան» ՓԲԸ-ն ոչ մի կապ չունի ՊՆ «Սիփան» շինարարականի հետ։ Պարոն Իգիթյանի «Սիփանը» էլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություն է, նրա անունը դաշինքի ցուցակում է, քանի որ «խորհուրդն է այդպես որոշել» իր 38 տարվա բարեխիղճ աշխատանքի համար։ Իսկ ընդհանրապես, Կամո Իգիթյանին վրդովեցրել էր, որ իր անունը հայտնվել է թերթի էջերում։ Կարծում ենք, երեսփոխան դառնալ պատրաստվողը պետք է պատրաստ լինի թերթերում իր անվանը հաճախ հանդիպելու անխուսափելիությանը։
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
ՀԺԿ անդամ, մանկավարժ Աշոտ Պետրոսյանն իր եկամուտների մասին հայտարարագիրը լրացրել է այսպես. «Ունեմ 11 հազար 200 դրամ, «Փարոս» համակարգից»։ Մեկ այլ թեկնածու, որը խնդրեց իրեն «հանրապետությունով մեկ չանել» գրել է, որ ստացել է 3 մլն դրամի օգուտ՝ Դեմիրճյան սորտի խնձորի վաճառքից։ Վերջապես հայտնենք, որ «Թրաստ-բանկի» նախագահ Հարություն Փամբուկյանը երգիչ «Ձախ Հարութի» հետ ոչ մի կապ չունի։