Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ԱՅՍ ԴԱՇԻՆՔԸ ՀԱՎԱՆԵԼ Է

Ապրիլ 07,1999 00:00
samvel babayan

Ժողինստիտուտի դահլիճի շեմով անցնող-դարձող ուսանողներին բարձրագույն մաթեմատիկայի դասախոս Վլադիկ Դավթյանը երեկ ստիպում էր մտնել դահլիճ։ Ու այլեւս դուրս չգալ։

Այս ակտի նպատակն ուսանողներին ու «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին նույն դահլիճում հանդիպեցնելն էր։ Բայց ստացվեց այնպես, որ դահլիճում լրագրողներիս ու դասախոսների հետ որոշ ուսանողներ էլ կային։

Քանի որ Արտաշես Գեղամյանը չկար, դաշինքը ներկայացնելու գործը ստանձնեց ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը։ Հենց նա էլ ասաց, որ իրենց կազմակերպությունը դեռեւս մեկ տարի առաջ ծրագիր էր ընդունել վերաճել ազգային զանգվածային շարժման։ Ինչն արդեն սկսել են։ Չգիտես ինչու, պրն Խաչատրյանն իրենց դաշինքը հասարակության համար անակնկալ համարեց՝ մոռանալով, որ «նման զնմանն գտանէ»։ «Պատերազմում հաղթող հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ նախընտրական դաշինքներից ինքը հավանում է, այսինքն՝ իր սրտին մոտ է «Իրավունք եւ միաբանություն» բլոկը»։ ՍԻՄ ղեկավարը չթաքցրեց, որ ինքը երկու երեխաների հայր է։ Ապա դժգոհեց, որ եթե իրենց սերնդի ծնողներն իրենց մինչեւ 30-35 տարեկանն օգնում էին, ապա մեր սերնդին մեր ծնողներն օգնելու ի վիճակի չեն։

Երբ խոսքը տրվեց ԳիԱրՔՄի-ի անդամ Աղասի Արշակյանին, կիսադատարկ դահլիճից մի քանի ուսանողներ հաջողեցրին փախչել. «Բարեւ ձեզ, կոլեգանե՛ր»,- սկսեց իր ելույթը Արշակյանը։ Ապա թե՝ «Ես եղել եմ նախորդ գումարման ԳԽ պատգամավոր, Սախարովի ֆոնդի նախագահ, ԳիԱրՔՄի-ի անդամ, «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան»-ի ղեկավարներից եմ»։ Այս կոչումներն էլ առանձնապես տպավորություն չթողեցին, եւ դահլիճն ավելի նոսրացավ։ Քանի որ պրն Արշակյանն օրիգինալ չէր եւ իր ելույթում բառ առ բառ կրկնեց իր վերջին ասուլիսի մտքերը, դրանց չենք անդրադառնում։ Բայց հայ ժողովրդի փրկության ելքը ԱԺ ընտրություններն են, այս իշխանություններին հակակշիռ ստեղծելը։ Թե չէ այս ԱԺ-ում «գերեզման փորողից մինչեւ շուն կռվացնողներ կան»։

Հայկ Բաբուխանյանը զարգացրեց 2 զրոների մրցակցության անհնարինության թեման։ Խոսեց միջազգային արժութային ֆոնդի՝ տարբեր երկրներ մտնելն ու դրանց անապատ սարքելը մեկ անելու մասին։ Չբացառեց, որ Հայաստանն էլ կարող է արժանանալ Իրաքի եւ Սերբիայի բախտին։ Ուսանողները Հայկ Բաբուխանյանին հարցրին քաղաքական սպանություններից, ու թե ինչու հրաժարական չի տալիս Սերժ Սարգսյանը։ Պատասխանն այսպիսին էր. «Չի տալիս, որովհետեւ նրանից դա ոչ ոք չի պահանջում»։ Իսկ Վանո Սիրադեղյանը «պետք է նստի ճաղերի հետեւում։ Նա՝ այդ սրիկան, կատարել է հանցագործություններ եւ պետք է նստի»։

Բայց Աղասին Արշակյան չէր լինի, եթե վերջին խոսքը ինքը չասեր։ Իսկ այդ խոսքը «Միասնություն» դաշինքի մասին էր։ «ՀԺԿ ղեկավարի միֆը մի 45 % ձայն կտաներ, բայց երեկվա ընտրական գրպանահատների հետ միանալով՝ վնասեց իրեն»։ «Էդ միասնությունը քաղաքական ուժերին ձեռ ա տալիս. իրենց ստանալիք ձայներից մի 3 % ավել կստանան կոմկուսը, Դաշնակցությունը, մեր բլոկը։ Իսկ ՀԺԿ-ն (որ մի մարդու կուսակցություն է) 17 մանդատ կորցրեց»։

Քանի որ դահլիճում բոլորը չափահաս էին, պրն Արշակյանն անկեղծացավ. «Մի վեց ամիս առաջ Հրանուշ Խառատյանին մեր տղաներից առաջարկեցին պատգամավոր դառնալ։ Մտածեցինք, թե ինչո՞ւ մեր ընկերուհին գնա շամիրամանոց։ Բայց, ասինք, լավ, թող գնա։ Ու 28 տարեկան մի ֆիզկուլտուրնիկ… (բոլորս շունչներս պահած՝ սպասում էինք, թե ինչ է արել այդ ֆիզկուլտուրնիկը տիկին Խառատյանին- Լ. Ա.) նրանից 5 անգամ շատ ձայն հավաքեց»։

Ապա նշվեց, որ այդ ֆիզկուլտուրնիկը մարդկանց ձայներն առել է 200 դրամով։ Եվ սա այն դեպքում, երբ «փողոցի մարմնավաճառը մի ակտի համար 30 դոլար է ուզում («տո, դո՞ւ ինչ գիտես»,- շշնջաց կողքիս նստած ուսանողը- Լ. Ա.)»։ Ընտրողների եւ մարմնավաճառների միջեւ այս գեղեցիկ համեմատությամբ էլ ավարտվեց «Իրավունք եւ միասնություն» դաշինքի եւ ուսանողների հանդիպումը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Կիսադատարկ դահլիճում,

           Ձայնը բարձր է հնչում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930