Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիշողությունը կորցրած վկան

Ապրիլ 06,1999 00:00
vka

Արմավիրի մարզի Առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Տ. Պետրոսյան) շարունակվում է Գրիգոր Մկրտչյանի սպանության կապակցությամբ հարուցված քր. գործի դատաքննությունը։ Դատարանում ամենահետաքրքիր պահվածքը դրսեւորեց Արշակ (Արտաշես) Միրոյանը։ Նա թե՛ նախաքննությամբ, թե՛ նախորդ դատարանում (Ա. Վարդապետյանի գլխավորությամբ) տված ցուցմունքներում առանձնապես չէր դժգոհել գոնե հիշողությունից։ Ընդհակառակը, նա նկարագրել էր, թե ինչպես իր ընկերներ Հարությունի (Արտյոմի), Խոսրովի (Հոծոֆի), Արթուրի (Смерть), որը ծառայում էր ՊՆ Էջմիածնի գնդում, եւ Էջմիածնի քաղաքային կենտրոնական զբոսայգու տնօրեն Ամիրի, Արտյոմի եղբոր հետ «Վազ -2106» մակնիշի բեժ գույնի մեքենայով գտնվել են Տարոնիկ գյուղում բնակվող իրենց ընկերոջ Արշավիրի լճերը՝ իշխան ձուկ ուտելու։ Նշել էր, թե ինչպես էին խմել 2 լիտր գինի, որից հետո վերադարձել էին Էջմիածին։

«Ցանկացանք տեսնել Արմենին (ամբաստանյալներից մեկին -Ռ.Մ.), իմ առաջարկությամբ մտանք բակ եւ տեսանք «Վազ 2121» սպիտակ գույնի ՊՆ 2u777 ավտոմեքենան կանգնած… Ձեռքին տեսա «ԱԿՍ» տեսակի ավտոմատ»։ Ա. Միրոյանի ցուցմունքներից տեղեկացել էինք, թե ինչպես էին նրանք հայտնվել Գրիգորենց բակում, կռվի առանձին մանրամասներ։ «Գրիգորն ինձ ասաց. դու ինձ բռնել ես, իսկ նրանք Արամին ծեծում են։ Բաց թող, կնեղանամ։ Ես նրան բաց թողեցի, նա մոտեցավ Արմենին, հրեց եւ մոտեցավ Արամին…

Արամիկը, Արմենը, Հոծոֆը եւ Գրիգորը միմյանց քաշքշում էին եւ գտնվում էին Գրիգորենց բակում, քարերով շարված տարածքում»։ Այս վկան նաեւ ցուցմունքներ էր տվել, թե 5-6 կրակոց էր արձակվել Գրիգորի վրա. «Արտյոմի կրակոցներից հետո անմիջապես հաջորդել էր ավտոմատ հրազենից 15 կրակոց Արմենի կողմից՝ իր մոտ եղած «ԱԿՍ» ավտոմատից…»։

Սույն քր. գործի դատաքննությունը Էջմիածնի ժողդատարանից ուղեւորվել էր Վճռաբեկ դատարան, այնտեղից էլ՝ կրկին Արմավիրի Առաջին ատյանի դատարան։ Այդ ընթացքում էլ կորել էր որպես վկա դատակոչված Ա. Միրոյանի հիշողությունը։ Նա ոչինչ չէր հիշում։ Երբ դատախազը փորձեց տող- տող ընթերցել նրա նախորդ ցուցմունքներից, հիշողությունն այս անգամ էլ չվերականգնվեց։ Բանը հասավ նույնիսկ տուժողի դատապաշտպանի կիսահեգնական հարցադրմանը, թե՝ եթե ոչինչ չես հիշում, դատարան ինչպե՞ս ես եկել։ Դատարանը որոշում է ընդունել՝ այս վկային ենթարկել համալիր հոգեբանական-հոգեբուժական փորձաքննության։ Վկան փոխարենը հիշում էր, թե քանի երեխա ունի։ Պարզվեց՝ մեկ աղջիկ։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930