Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՏՈՏԵՍՈԻՉՆԵՐԸ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԼՐԱԳՐՈՂԻՆ

Ապրիլ 06,1999 00:00
cec

Մարտի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում ԳՈՒՄ-ի տարածքում պետավտոտեսչության աշխատակիցները ծեծի ենթարկեցին ամուսիններ Թերեզա Ասատրյանին եւ Լյովա Խաչատրյանին։

Թերեզայի շատ հրապարակումներ ծանոթ են նաեւ «Առավոտի» ընթերցողներին։ Տեղեկացնենք, որ նա Էրեբունու ՀԺԿ սկզբնական կազմակերպության քարտուղարն էլ է։ Մենք հանդիպեցինք Թ. Ասատրյանին, երբ նա արդեն տանն էր եւ դուրս էր գրվել հիվանդանոցից։ Ահա թե ինչ պատմեց նա դեպքի կապակցությամբ.

– Ամուսնուս հետ գնում էինք երեխաներիս դպրոցից վերցնելու։ ԳՈՒՄ-ի մոտ, տրամվայի խափանման պատճառով, ամուսինս խախտում կատարեց (արհեստական խցանում չառաջացնելու նպատակով)՝ շրջանցելով խափանված տրամվայը։ Մենք դուրս եկանք հակադարձ գոտի։ Ավտոտեսուչը (Հոնդայի վրա թվագրված էր 43) կանգնեցրեց մեր ավտոմեքենան՝ «Արա, փաստաթղթերը ուր ա» ասելով։ Ամուսինս իջավ մեքենայից, փաստաթղթերի մեջ խցկելով 1000 դրամ։ Այն մեկնեց ավտոտեսուչին։ Երբ վերջինս բացեց փաստաթղթերը, տեսավ, որ այնտեղ 1000 դրամ է, ասաց. «Մի հատ էլ 1000 դիր ու մակարդակով մոտեցի»։ Ամուսինս սակարկեց մի քիչ, բայց համաձայնեց, մոտեցավ մեր ավտոմեքենային… Երկրորդ ավտոտեսուչը, որը մոտ էր կանգնած մեր մեքենային, դիմեց ընկերոջը, թե՝ «Բ…ն դրել է կողքը, մեզ էլ 1000 դրամ է տալիս»։ Ես այդ պահին կիսաբաց պատուհանից պահանջեցի, թե «քաղաքավարի խոսիր», իսկ նա էլ արհամարհական եւ ցինիկ՝ «Դե գնա… քո նմաններին ամբողջ օրն եմ տեսնում…»։ Ես հուզված իջա՝ պահանջելով, որ նա ներողություն խնդրի, իսկ նա հայհոյեց։

Այդ ամենն այնքան անսպասելի ու արագ կատարվեց, որ Թերեզան թքեց ուղղակի ավտոտեսուչի երեսին՝ պահանջելով դարձյալ ներողություն խնդրել։

Ավտոտեսուչներից մեկը հասցրել էր բռնել Լյովային, իսկ մյուսը Թերեզայի թեւը ոլորեց, ծունկը դնելով մեջքին։ Հետո ձեռքի փայտով «ասպետավարի» խփում էր կնոջ գլխին, ծոծրակին (ի դեպ, առկա էին կապտուկները – Ռ. Մ.)։ Ցավից Թերեզան ընկնում է մայթին եւ ուշաթափվում։ Այդ ընթացքում բազմություն էր հավաքվել, որոնք տեսնելով ավտոտեսուչների արարքը, մեկի գլխարկն են գլխից գցում, անիծում են նրանց… Չգիտենք՝ ում նախաձեռնությամբ, կանչվում է շտապօգնության բրիգադ, որը ուշաթափված Թերեզային տեղափոխում է Նոր Նորքի 3-րդ շտապօգնության հիվանդանոցի նեյրովիրաբուժության բաժին։ Պարզվում է, որ վնասվել էր ծնկահոդը, միջին թուլության ուղեղի ցնցում էր տարել, եւ աջ թեւն էլ դուրս էր ընկել…

– Փսխում էի ե՛ւ մեքենայի մեջ, ե՛ւ հիվանդանոցում։

Երեխաները տանը մենակ էին, եւ Թերեզան ուզում էր տուն գնալ, բայց բժիշկները նրան համոզում էին, թե վիճակը ծանր է։ Հաջորդ օրը, բժիշկները հակառակն են պնդում, թե ոչինչ չկա, իսկ փսխուքն էլ կապում են ստամոքսի գործունեության հետ։ Թերեզային առաջարկում են բուժօգնություն՝ հետեւյալ պայմանով. 10 րոպեում կամ վճարել 30 հազար դրամ, կամ թողնել հիվանդանոցը (կարծես թե նա իր կամքով էր ընկել հիվանդանոց – Ռ. Մ.)։ Իսկ երբ Թերեզայի ամուսինը գալիս է նրա հետեւից եւ տեսնելով կնոջ թույլ վիճակը սրտի կաթիլներ է ուզում, մեղմ ասած, հասկացնում են, թե «դեղատուն չի»։ Քննիչ Գ. Միլիտոնյանն է գալիս նույն երեկոյան հիվանդանոց, որին Թերեզան հայտարարություն է տալիս։ Պարզվում է, ավտոտեսուչները վաղօրոք ելքը տեսել էին՝ ընտրելով սելվորի ճռռալու նախապատվությունը։ Ընդհակառակը, քննիչը մեղադրում է Թերեզային, թե «Դու ինչո՞ւ ավելի շուտ չես եկել բողոքելու», անտեսելով կարծես այն հանգամանքը, որ Թերեզան այդ պահին բողոքելու կարիք չուներ, այլ բուժօգնության…

Գործն այս պահին Էրեբունու շրջանի դատախազությունում է։

Իր հերթին Լյովա Խաչատրյանը պատմեց.

– Իմ ձեռքից վերցրին բոլոր փաստաթղթերս՝ խցկվելով մեքենայիս մեջ (Գազ -24, 49-93 LAD)։ Վերցրին նաեւ մեքենայիս բանալին։ Այդ խառը իրավիճակում, երբ կնոջս տեղափոխել էին հիվանդանոց, ես երթուղայինով գնացի երեխաներիս հետեւից, որոնք Ամիրյան փողոցի անգլիական դպրոցից դուրս էին եկել 2 ժամ առաջ…

Լ. Խաչատրյանը երեխաների հետ վերադառնում է դեպքի վայր, ուր վաճառական մի կին նրան է հանձնում ավտոմեքենայի բանալին, իսկ մի նոր ոստիկան նրան ասում է, թե կնոջը տեղափոխել են Պռոշյանի հիվանդանոց (հավանաբար, ժամանակ շահելու միտումնավորությամբ, քանի որ հետագայում պիտի պարզվեր, որ ավտոտեսուչները գնացել են բողոքելու)։

Թերեզան, բնականաբար, Պռոշյանի հիվանդանոցում չէր, իսկ այնտեղից դուրս գալու ժամանակ, Լյովային, նրա վախեցած 2 աղջնակներին մոտենում է մուգ ակնոցներով մի կին (տաքսիով), նրանց հանձնելով Թերեզայի պայուսակը, ինչը պիտի գտնվեր Լյովայի պատանդ վերցված ավտոմեքենայում։

Պայուսակից անհետացել էր դրամապանակը, նրանում եղած 1 գրամ ոսկյա մատանին, 375 դոլարը, 5300 դրամը… Լյովային առավոտյան ժամը 11.00-ին կանչում են ՆԳ բաժին՝ բացատրություն վերցնելու, ինչը եւ արվում է։

Թ. Ասատրյանը հայտնեց նաեւ, որ արդեն որերորդ օրն է՝ դատաբժիշկ չի եկել։ Չեն եկել անգամ ավտոտեսուչները, գոնե ներողություն խնդրելու…

Մի խոսքով, ինքը դիմել է արդեն ՆԳ եւ ԱԱՆ, պետավտոտեսչությանը, հանրապետության գլխավոր դատախազին եւ առողջապահության նախարարությանը։ Թ. Ասատրյանը պահանջում է, որ գնահատական տրվի ավտոտեսուչների արարքին, եւ իր պատվի ու արժանապատվության հետ խաղացած մեղավորները պատժվեն։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930