Վաղուց եմ ուզում գրել, բայց հարմար չեմ գտնում. գիտեմ՝ ոչինչ չի փոխվի։ Մեր «արհեստավարժ» կառավարությունը ինչ որոշում է, այն էլ կիրառում է։ Ինչպես նախագահական ընտրությունից առաջ անընդհատ թմբկահարում էին ազատ, արդար, թափանցիկ բառերը, այնպես էլ ընտանեկան նպաստի նշանակումից առաջ էին եթերով անընդհատ արդար ու հաջողված համարում այդ որոշումը։
Սակայն իրականում, ցանկացած շքամուտքի հինգ նպաստառուից չորսը անարդար է ստանում։ Երբ բողոքում կամ դժգոհում ես այդ գործընթացը կազմակերպողներից, սկսած սոցապ նախարարից, զայրանում են բնակչության վրա։ Մենք դժգոհում ենք ձեր անխոհեմ որոշումից, հետաքրքիր է, դո՞ւք ումից եք դժգոհում։ Ինքներդ եք ստեղծել այս «գորդյան հանգույցը», որից գլուխ չեք կարողանում հանել։
Եթե խորհրդային իշխանության ժամանակ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամը արտոնություն ուներ, նախկին իշխանության ժամանակ ստանում էր փոխհատուցում, ապա այժմյան իշխանությունը զրկել է թե՛ մեկից, թե՛ մյուսից։ Դրա փոխարեն նպաստ է տալիս աշխատունակ, բայց իրեն միայնակ համարող այն թոշակառուին, որը 8-10 հազար դրամ թոշակ է ստանում, եւ միաժամանակ կա՛մ առեւտրով է զբաղվում, կա՛մ մեծահարուստների տանը սպասարկման աշխատանք է կատարում՝ 50-100 դոլար աշխատավարձ ստանալով։ Իսկ ի՞նչ անի անաշխատունակ այն թոշակառուն, որը ո՛չ աշխատելու, ո՛չ ընտանիք կազմելու հնարավորություն չունի, ստանում է 2200 դրամ թոշակ եւ չի ընդգրկվել նպաստառուների ցուցակում։ Վերջերս ռադիոյով հայտարարվեց, թե սոցիոլոգիական հարցումներից պարզվել է, որ բնակչության 57 տոկոսը հավանություն է տալիս ընտանեկան նպաստին։ Կամ դա հնարած է, կա՛մ դրանք այն մարդիկ են, որոնք իրավունք չունեն, բայց ընդգրկված են այդ ցուցակում։
Ս. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
թոշակառու