Գնալով ավելի ու ավելի ենք հեռանում կոմունիզմի «ճահճային» սպասումից ու հնարավորինս արագ յուրացնում զարգացման նոր՝ կապիտալիստական համակարգը։ Ինչպես եւ ենթադրում էին մեր ղեկավարները՝ մեզ մոտ աստիճանաբար եւ ոչ ցավագին պետք է ծնունդ առնեին նոր առաջնորդներ, նոր կապիտալիստներ, բուրժուաներ, որոնք կկարողանան երկիրը ֆինանսա- ապրանքային հարաբերությունների նոր էտապ բերել։
Որտե՞ղ են նոր ռոկֆելլերները, օնասիսները եւ ֆորդերը, որոնք կարողացել են ոչ միայն իրենք ֆինանսական բարձունքների հասնել, այլեւ իրենց հետեւից տանել հարստանալու հույս ունեցող շատերին։ Ովքե՞ր են նրանք՝ մեր առաջնորդները, որոնք պատրաստ են վերցնել նավի ղեկը, որն ավելի շուտ ծովահենի նավ է հիշեցնում, քան ֆինանսական։ Ո՞վ է այսօր պատրաստ աշխատանք տալ աղքատներին եւ անապահովներին, ո՞վ ցույց կտա ապահով գոյության ճանապարհը։
Նրանց գործունեության եւ ֆինանսական վերելքի հետ ծանոթությունը ցույց է տալիս, որ այդ բանակի մեջ առաջին հերթին մտնում են «մաֆիոզ» հեղինակությունները, որոնք հաջողացրել են ինչ-որ տեղ պատկառելի գումար ձեռք գցել եւ դա ավանդական բիզնեսի վերածել, թեեւ վերջինն էլ կասկածելի է։ Եթե նրանք այդ քայլից հետո դադարեին զբաղվել իրենց «գործով», հասակարությունը վաղուց կբուժվեր «կրիմինոգեն» վիճակից։ Այդ մարդիկ գերադասում են ունենալ խաղատներ՝ կազինո, բիլիարդանոց, համակարգչային խաղեր, եւ դա հազիվ թե մաքուր բիզնես լինի։
Հարուստների մյուս կատեգորիան ուսադիրներով մարդիկ են, որոնք կարողացել են իրենց պաշտոնեական դիրքից օգուտ քաղել։ Մի դեպքում դրանք նախորդ կատեգորիայից մեծ գումարներ խլածներն են։ Մյուսները, օգտվելով որոշ շրջաններում պատերազմական վիճակից, «ռազմավարի» տեր են դարձել։ Այնուհետեւ այս երկու կարգի մարդկանց «հոտառությունը» նրանց հուշեց գումարը եկամտաբեր գործում ներդնել։ Հայրենիքին հավատարմորեն ծառայելուց հետո «ուսադիրավորները» գերադասում են ունենալ սննդի օբյեկտներ, քանի որ «ուժայինները» ունենում են լավ ախորժակ եւ կարգին էլ քաշ պիտի ունենան։ Այդ նույն պարոնները գերադասում են ունենալ առեւտրի սեփական օբյեկտներ՝ խանութներ, կրպակներ, բենզալցման կայաններ եւ այլն։ Պաշտոնաթողության կամ զորացրման դեպքում սա կուշտ կյանքի երաշխիքն է։
Կարդացեք նաև
Երրորդ կատեգորիան նախկին պաշտոնյաներն են կամ նրանց որդիները։ Սա քաղաքացիների ամենաաննկատ մասն է, որը մտավորականի դիմակ է կրում։ Նրանք հիմնականում բարձրագույն կրթությամբ են եւ քաղքենու բավանականաչափ փորձով։ Դժվար է ասել, թե նրանք ինչպես են հարստության տեր դարձել, բայց գործունեության լայն դաշտ ունեն։ Վերը թվարկված բոլոր օբյեկտները՝ գումարած մտավոր եւ շոու-բիզնեսի բոլոր ձեւերը, ինչպես նաեւ ամեն տեսակի օֆիսներ՝ ժամանակակից համակարգչային տեխնիկայի նորագույն նմուշներով։ Ի վիճակի՞ է արդյոք նման «օբյեկտներ» պահել դիպլոմ ունեցող հասարակ մահկանացուն։ Հավանաբար՝ ոչ, քանի որ առանց հայրական ժառանգության չի հաջողվի նույնիսկ քարտուղարուհուն աշխատավարձ տալ, ուր մնաց թե հնարավոր լինի կարգին մեքենա քշել։
Այս բոլոր կատեգորիաներին են բաժին հասնում այժմ սեփականաշնորհվող երբեմնի պետական օբյեկտները։ Հավանաբար հենց այս մարդիկ էլ կդառնան իսկական բուրժուաներ, քանի որ ժողովրդի «ծոցից են ելել» եւ դեռ չեն մոռացել իրենց անցյալը։ Գուցե այդ է պատճառը, որ նրանց գործունեությունը քիչ թե շատ դեմոկրատական է, սակայն «գայլի ախորժակը» եւ կարիերայի՝ որոշակի ժամկետներ ունենալու հանգամանքը որոշակիություն եւ արագություն է թելադրում թե՛ դինամիկայի, թե՛ մասշտաբի հարցում։ Նախապատվությունն այստեղ տրվում է ոչ թե ինչ-որ կոնկրետ օբյեկտի, այլ մի ամբողջ ձեռնարկության կամ ոլորտի, մի ամբողջ շրջանի կամ քաղաքի։ Եթե սրան գումարենք նաեւ արեւմտյան կապիտալի ներդրումը, ապա միանգամայն բնական է սպասել նոր բուրժուա մանկան ծնունդի, որը գիգանտիզմի ակնկալիքներ կունենա։ Առաջներում գոյություն ուներ ժողվերահսկողության կոմիտե։
Սակայն մեր առաջնորդները կանխազգալով, իսկ ավելի ճիշտ՝ ենթադրելով, որ այդ կառույցը կխանգարի մեր երկրում կապիտալիզմի կառուցման գործին, շատ արագ ազատվեցին դրանից։ Իսկ ինչպե՞ս կարելի է պետությունը ժողովրդական կամ ժողովրդավարական կոչել, եթե նրան խանգարում է ժողվերահսկողության կոմիտեն։ Կամ, ո՞ր մի ֆինանսիստը կարող է ասել, թե ինչպես անվանել այն միջոցները, որոնց շնորհիվ այս բոլոր չորս կատեգորիաները դարձան առաջնորդներ։ Որտե՞ղ են նրանք հաշվառված, հարկային ի՞նչ մատյաններում են գրանցված ֆինանսական այդ օպերացիաները։ Որտե՞ղ են այն գիտնական տնտեսագետները, որոնք կկարողանան ոչ միայն մեր մտավորականության խեղճ ու աղքատացած ներկայացուցիչներին փող աշխատել սովորեցնել, այլեւ ցույց կտան կոնկրետ օրինակներ։ Գուցե կա՞ն նաեւ այն հոգեբույժները, որոնք ունակ են «պուզատի նագլեցների» մոտ մի կտոր չոր հաց վաստակող նորմալ մարդուն ազատագրել զանազան ստորացումներից։
Հազիվ թե որեւէ մեկն արտահայտվել ցանկանա, կգերադասեն լռել՝ իբրեւ թե ամեն ինչ լավ է, նորմալ, այսպես էլ պիտի լինի։ Սակայն դժվար է ենթադրել, թե «Ջիպ»-երով «ֆռֆռացող» մեկը մի օր ճանապարհը կզիջի փողոցն անցնող տատիկին կամ հիվանդանոց կտանի շտապբուժօգնության կարիքն ունեցողի։
ԼԵՎՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ