Լրահոս
Օրվա լրահոսը

«Էն օրն եկան թովջի արին»

Ապրիլ 06,1999 00:00
harkayin

Հարկ են ուզում տերության

Վանաձորի առեւտրական որոշ օբյեկտներում օրերս խուճապային իրավիճակ էր։ Պատճառը հարկային բարձր մակարդակի ստուգումներից թաքնվելն էր՝ այդ օբյեկտների տերերի կողմից։

Մի քանի խանութներ պինդ ու պինդ կողպել էին դռները, վաճառողները՝ անհետացել։ Առավել աչալուրջներն իրենց իսկ խանութի տարածքը հսկում էին 2-3 մետր շառավղով հեռավորությունից եւ դրանից ավելի չէին մոտենում՝ իրենց «չբացահայտելու» նպատակով։ Փակ էին նաեւ որոշ սրճարաններ ու նույնիսկ տարադրամի փոխանակման կետեր (ըստ երեւույթին, օրինական գրանցում չունեցող)։ Այն հարցին, թե հատկապես ի՞նչ բնույթի ստուգումներից են վախենում, խանութի տերերից մեկը պատասխանեց. «Դե որ ուզենան՝ մի բան կգտնեն։ Հազար ու մի հարկ կա։ Հեչ որ չլինի՝ կասեն «հաշվիչ-դրամարկղ չունես» (դրամարկղ, որի արժեքը կարելի է միանվագ «հարկ» համարել- Գ. Հ.)։ Մի վաճառող էլ գանգատվեց, թե ժամանակ առ ժամանակ էլ մարզպետարանի համապատասխան բաժնից է իրենց «գլխին կոնտրոլ» գալիս, եւ նման մի ստուգող պահանջել է առեւտրի կանոններին վերաբերող համապատասխան կանոնագիրք գնել իրենցից եւ կախել խանութի ամենաերեւացող տեղում։

Խուճապային իրավիճակի արդյունքում շուկայական առեւտրով զբաղվողների գործերն առ ժամանակ սկսեցին «լավանալ», գնորդներինը՝ ընդհակառակը, քանի որ վերջերս Վանաձորում խանութների գները սկսել էին «խփել» շուկայի գներին՝ որոշ մթերքների էժանության տեսակետից, եւ կասկած կար, թե այդ էժանացումը կատարվում էր հարկերից խուսափելու հաշվին։ Բնականաբար, այդ խանութների մի քանի օր փակվելը շուկայի գների «ջաղացին ջուր է լցնում» եւ հնարավորություն տալիս «դրության տերը լինել»։ Հացի վաճառակետերից շատերի փակվելու արդյունքում մի քանի օր սկսեցին հերթեր նկատվել, որոնք վաղուց արդեն հիշողություն էին։ Հարկային ստուգումներից վախենալու պատճառ չունեին տոնավաճառային առեւտրականները, քանի որ միայն տարածքի համար են վճարում, սակայն նրանց վիճակն էլ «մի բան չէ». տարածքի վարձը, ինչպես հավաստում են, ամսական 100 դոլար է՝ անկախ առեւտրի հաջողության աստիճանից, եւ շատ դեպքերում 2 կամ 3 «իրավաբանական» կամ «ոչ իրավաբանական» անձինք միասին մեկ «միավոր» տարածք են վարձակալում՝ «կիսրարային հիմունքներով»։

Պետք է խոստովանել, որ արդյունաբերական (հագուստի) տոնավաճառում ապրանքներն էլ դժվարությամբ են իրացվում ոչ միայն քաղաքացիների նվազ գնողունակության պատճառով, այլեւ՝ ապրանքի ցածր որակի եւ տեսականու պակասի։ Ամեն դեպքում, «անուրանալի» է թե հագուստի եւ թե մթերքի առեւտրով զբաղվողների «վաստակը» գնորդների նվազագույն պահանջմունքները բավարարելու եւ հայրենի առեւտրի զարգացմանը նպաստելու, ինչպես նաեւ բյուջեն հարստացնելու գործում, եւ անհրաժեշտ է նրանց գործունեության համար նպաստավոր իրավական դաշտ ստեղծել, մինչդեռ բարձր հարկերի պատճառով խանութներից շատերի տարածքները մասնակիորեն կամ ամբողջությամբ սկսել են վաճառքի հանվել, իսկ տոնավաճառային առեւտրականների թիվը գնալով պակասում է, կամ լավագույն դեպքում, հագուստի առեւտրով զբաղվողները տեսնելով, որ վաճառքի այդօրինակ ձեւն իրեն չի արդարացնում, սկսում են զբաղվել մթերքի առեւտրով, մինչդեռ առեւտրի 2 տեսակներն էլ բնակչության համար կարեւոր անհրաժեշտություն են։

… Չի բացառվում, որ հարկերի ու պարտքերի տակ «կքած» վաճառողների պարտքերը փակելու «փոխզիջումային» տարբերակով ընտրական ձայներ հավաքվեն։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930