Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱՌՆԻԻ «ԳԱԼԱԿՏԻԿԱՅԻ» ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Ապրիլ 06,1999 00:00
tiezerq

Հանրապետության արդյունաբերական հզորությունները մի ժամանակ հպարտության թեմա էին։ Հպարտանում էինք, որ ոչ մի լուրջ գործ առանց հայերի մասնակցության գլուխ չէր գալիս։ Անգամ՝ տիեզերքի ուսումնասիրությունը։ 1978 թ. Հայաստանում գործում է «Գրանիտ» հատուկ կոնստրուկտորական բյուրոն (ՀԿԲ)։

Բյուրոն զբաղվել է տիեզերական սարքաշինությամբ։ Աշխատակիցները պարգեւատրվել են պետական մրցանակներով։ 1983 թ. ուլտրամանուշակագույն աստղադիտակի պատրաստումը խորհրդա-ֆրանսիական ծրագրի շրջանակներում մինչեւ հիմա էլ հպարտությամբ են հիշում։ Այնուհետեւ միմիայն տեղական կադրերով իրագործվել է «Գլազուր» երկու տիեզերական կառավարվող աստղադիտարանների պատրաստումը։ Կոնստրուկտորական բյուրոն մասնագետների պատրաստման պատվեր ուներ անգամ Աբովյան քաղաքի ուսումնարաններին։ 90-ականներին ընդհանուր ու «մեծ» երկրի տրոհումից հետո կոնստրուկտորական բյուրոն վերանվանվեց «Գալակտիկա» եւ մտցվեց Տիեզերական հետազոտությունների կենտրոնի կազմ՝ շատ կարճ՝ 6 ամիս ժամկետով։ Հետաքրքիր է, որ աշխատակիցներն անգամ չեն տեսել միավորման փաստն արձանագրող փաստաթուղթը։

Ու սկսվեց ՀԿԲ-ի ենթարկեցնելու ու վերաենթարկեցնելու ոդիսականը։ 1992-ի օգոստոսից արդյունաբերության նախարար Սաֆարյանը ՀԿԲ-ն հանեց Տիեզերական հետազոտությունների կենտրոնի ենթակայությունից։ Մինչեւ օրս բյուրոն չորս տնօրեն է փոխել։ Ռուսաստանի հետ կապերի խզումից հետո պատվերներ չեն եղել։ ՀԿԲ-ի համար այս տարիներին միակ պատվիրատուն եղել է Պաշտպանության նախարարությունը։ Այս տարիներին բյուրոյի նկատմամբ տրվող կադրային քաղաքականությունը կարելի է պարզապես անհասկանալի որակել։ Կադրերի մասսայական աշխատանքից հեռացնելու արդյունքում պատվերները կատարվել են անորակ եւ ժամկետների խախտումով։ Ժամկետների խախտումը արտառոց փաստ էր մի կոլեկտիվի համար, որ ժամանակին տիեզերական աստղադիտակներ էր պատրաստել։ Այդ աստղադիտակները ուղեծիր պիտի դուրս բերվեին որոշակի ժամկետում։ Այլապես ուսումնասիրվող օբյեկտը փոխելով իր դիրքը գալակտիկայում, կոպիտ ասած, ջուրը կլցներ ողջ աշխատանքը։ 94-ին ՀԿԲ-ն նորից վերանվանվեց՝ դառնալով «Գալակտիկա» ՊՓԲԸ։ Այս ընթացքում պետական ընկերության համար գործունեության պետական ծրագիր չէր կազմվում։ ՀԿԲ-ն փորձում էր սեփական ուժերով հաղթահարել դժվար ժամանակները՝ մշակվեց սրճաղացների եւ վառարանների, կենցաղային այլ սարքերի արտադրություն։ Մասնագետներն, իհարկե, փորձում էին նաեւ ավելի լուրջ ծրագրեր մշակել՝ անտենաների արտադրություն, փոքր հեռադիտակների, որսորդական նշանառության օպտիկական սարքերի, հայելիների, կենցաղային էլեկտրոնային սարքերի արտադրության նախագծեր կազմել։

Սա, իհարկե, հնարավորություն կտար պահպանել գիտատեխնիկական պոտենցիալը, նույնիսկ միջոցներ հայթայթել «արտամթնոլորտային աստղագիտությամբ» զբաղվելու համար։ Սակայն «Գալակտիկայի» հետագա ճակատագիրը պետականորեն չէր ճշտվում։ 1997-ին «Գալակտիկա» ՊՓԲԸ նախագահ է նշանակվում ակադեմիկոս Գ. Գյուրզադյանը։ Շարունակվում է կադրերի կրճատման գործը։ Պրն Գյուրզադյանի 1997 թ. նոյեմբերի 1-ի հրամանով հրապարակվում է. «ընտրած աշխատակազմը, որոնք ընդունակ կլինեն լուծելու Կոսմիկական կենտրոնի առջեւ դրված խնդիրները»։ 76 հոգիանոց աշխատակազմում ընդգրկված են 23 պահակ, վարորդ, հավաքարար եւ 34 բանվորներ։ Այդ պահին այսպիսին էր Հատուկ կոնստրուկտորական բյուրոյի նկարագիրը։

Ժամանակին աշխատակիցների համար կառուցվել էր հատուկ բանավան։ Աշխատակիցներին հատկացվել էին հանրակացարանային բնակարաններ։ Մինչեւ հիմա անհայտ է նաեւ այս ծառայողական բնակարանների ճակատագիրը։ 97-ին արդյունաբերության նախարարությունը համաձայնվել էր սեփականաշնորհել՝ 15-20 տարի այնտեղ ապրած աշխատակիցներին։ Հետո այն կասեցվել է Կոտայքի մարզպետարանի մակարդակում։ Սկսվել է «ընտրովի» սեփականաշնորհում։ Գ. Գյուրզադյանը դիմել է 8 բնակարան սեփականաշնորհելու միջնորդությամբ։ Իսկ իր բնակարանն արդեն սեփականաշնորհված է։ Միջնորդությունն արվել է «Օրիոն» ծրագրի 25-ամյակի կապակցությամբ։ Հետաքրքիր է, որ աշխատակիցներից 4-ը «Օրիոնի» շրջանում ՀԿԲ-ում չեն էլ աշխատել։ Կա նաեւ արդյունաբերության նախարար Հ. Գեւորգյանի նամակը, որտեղ բառացիորեն գրված է, որ «անհրաժեշտություն է առաջանում մասնագետներ հրավիրել դրսից»։ Հետեւաբար, «նախարարությունը նպատակահարմար չի գտնում սեփականաշնորհել բնակարանները»։ Այս պատասխանը ստացել են հին աշխատակիցները։ Նրանց մինչեւ հիմա էլ անհայտ է, թե ինչ մասնագետներ ու որ «դրսից» են հրավիրվելու։ Հենց այն ժամանակ, երբ շարունակվում են կրճատումները։ «Գալակտիկա» ՊՓԲԸ ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ։ Այն հիմա վերաենթարկեցվել է Գիտությունների ակադեմիային։

Հին աշխատակիցները դիմել են նախագահի աշխատակազմ, բողոքն ուղարկվել է կառավարություն եւ արդեն 2 ամիս է պատասխան չկա։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930