Մոսկովյան «Պրեզիդենտ-օթելում» արտգործնախարարների հանդիպումով սկսված գագաթաժողովն ակնհայտորեն բարդ ընթացք էր ենթադրում։ Այս տարվա սկզբից պարզ էր, որ ԱՊՀ երկրների հարաբերություններում առկա ճգնաժամը շարունակում է խորանալ եւ ավելի ու ավելի լայն ոլորտներ է ընդգրկում։
Գագաթաժողով
Բնականաբար, ուշադրության կենտրոնում էին հայտնվել Ուզբեկստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, որոնք ցանկություն են հայտնել դադարեցնել իրենց մասնակցությունը ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության պայմանագրին, սակայն գագաթաժողովի սկսվելուց երկու օր առաջ պարզ դարձավ, որ այդ հարցի քննարկումը օրակարգից հանվել է։ Կարելի էր ենթադրել, որ դա արվել է լարվածությունը մեղմելու համար, որովհետեւ եթե այդ երկրները Մոսկվայում պնդեին իրենց դիրքորոշումը, իրավիճակի անորոշությունը կհասներ արդեն սահմանային վիճակի, որից այն կողմ կմնար միայն որոշակիացնել՝ ով ում բարեկամն է, եւ ով ում հակառակորդը։ Սրան նպաստում էր առանձնապես Ադրբեջանի վերաբերմունքը, որը, ինչպես հայտնի է, ջոկատ է գործուղել ՆԱՏՕ-ի կազմում Հարավսլավիայի դեմ ագրեսիային մասնակցելու։ Ի դեպ, Կոսովոյի հարցը բավական լայն քննարկման էր արժանացել երկրների նախագահների դռնփակ նիստում, որտեղ, ինչպես «Վնուկովո» օդանավակայանում մեզ հայտնեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, որեւէ փաստաթուղթ այդպես էլ չընդունվեց։ Սակայն այս մասին քիչ ուշ։ Պահպանելով ժամանակագրությունը, վերադառնանաք արտգործնախարարների եւ վարչապետների հանդիպմանը։ Վարդան Օսկանյանը քննարկումից հետո մտահոգ էր եւ ասաց, որ փաստաթղթերի փաթեթի քննարկումն անցնում է բավական դժվար, քանի որ դրանցից յուրաքանչյուրի հանդեպ կողմերը վերապահումներ ու հատուկ կարծիքներ ունեն։ Փաթեթը, ըստ էության, առանց փոփոխությունների, ներկայացվեց վարչապետների նիստին, որում արդեն նկատելի առաջընթաց գրանցվեց։ Օրակարգում եղած հարցերի մեծ մասը քննարկումից հետո դրական լուծում ստացավ, մասնավորապես համագործակցության կառույցների բարեփոխման եւ ֆինանսական հարցերը։
Կոսովո
Կարդացեք նաև
Նախագահների հանդիպման ընթացքում բավական լայն էր քննարկվել Կոսովոյի հարցը, ինչի մասին, ինչպես արդեն նշեցի, առավել ամփոփ լուսաբանում տվեց Ալեքսանդր Լուկաշենկոն՝ տունդարձից առաջ պատասխանելով բելառուս եւ հայ լրագրողների հարցերին։ Որոշ պատասխաններ։
-Նախօրեին Դուք նշեցիք, որ Կոսովոյի խնդրի քննարկումը լակմուսի թուղթ է դառնալու ԱՊՀ ղեկավարների համար։
-Այո, այդպես էլ եղավ։ Ես շատ ափսոսում եմ, որ այդպես եղավ։
-Որոշակի ո՞ւմ նկատի ունեք, որ բացասական է վերաբերվել հարավսլավական իրադարձություններին։
-Ես նշեցի՝ Ադրբեջանը։
-Իսկ ուրի՞շ։
-Եվ մնացած բոլորը։ Հայաստանին դա չի վերաբերում։ Հենց Հայաստանի նախագահը ցուցաբերեց ուժեղ, հավասարակշիռ եւ կարգին դիրքորոշում ու պաշտպանեց եւ Բելոռուսի կոշտ հայտարարությունը, եւ ավելի մեղմը, երբ մեր տարբերակը չանցավ։ Դա իսկապես կարգին դիրք է։
-Որոշվա՞ծ են արդեն Սերբիային հումանիտար օգնություն առաքելու ուղիները։
-Որոշում ենք, Ռուսաստանի հետ միասին եւ առանց Ռուսաստանի։ Այն դեպքի համար, եթե Ռուսաստանը չհասցնի ժամանակին կողմնորոշվել։ Այդ դեպքում մենք կօգտագործենք տրանսպորտային միջանցք, հավանաբար, դա կլինի ավտոտրանսպորտ։
-Ձեր կարծիքով, ՆԱՏՕ-ն կհամարձակվի՞ դիմել ցամաքային գործողությունների։
-Չեմ կարծում։ Դա հսկայական կորուստների հետ է կապված։ ՆԱՏՕ-ն հոյակապ հասկանում է, որ Հարավսլավիան սկզբունքորեն դրան պատրաստ է։ Դա կնշանակի հազարներով զոհեր, ինչին ՆԱՏՕ-ն երբեք չի դիմի։ Տեսա՞ք, ինչ շոկ առաջացրեց երեք ամերիկացիների գերումը։ Եթե հանկարծ դա տեղի ունենա, կարծում եմ, սերբերի շանսը շատ ավելի կմեծանա, քան հիմա է։
-Հետազոտման կայաններ կտրամադրե՞ք Հարավսլավիային։
-Կայանները չեն վաճառվում, դրանք օգտագործվում են։ Առաջին երկու ռմբակոծիչների՝ Ադրիատիկ ծովի վրա հայտնվելուց 4,5 րոպե հետո մեր ծառայությունն այդ մասին ինձ զեկուցեց։ Մեր կայանները, կարեւոր չէ, թե ինչ տեխնոլոգիայով, բայց հայտնաբերեցին օդանավերը։ Ի դեպ, դրանք երկուսն էլ F-117 «Ստելզ» էին, որոնք իբր անտեսանելի են։ Եվ մենք այդ մասին տեղեկացրինք հարավսլավական կողմին։
Լուկաշենկոյի հատկապես վերջին հայտարարությունը, ըստ էության, սենսացիոն էր։ Մինչեւ հիմա որեւէ պետություն բացահայտ չէր խոստովանել, որ ունի ամերիկյան ռմբակոծիչը հայտնաբերելու տեխնոլոգիա։
Քոչարյան-Ալիեւ
Հանդիպումը տեւեց մոտ 2,5 ժամ, որից մեկ ժամը նախագահները զրուցեցին դեմ առ դեմ։ Հետո նրանց միացավ ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովը։ Մոսկովյան առանձնատնից բոլորը մեկնեցին առանց մեկնաբանություններ տալու, եւ միայն Հայաստանի դեսպանատանը Ռոբերտ Քոչարյանը մեզ հայտնեց, որ քննարկվել են բանակցությունները վերսկսելու հեռանկարները։ Նախագահը տեղեկացրեց, որ Հեյդար Ալիեւը կրկին պնդել է, թե անընդունելի է համարում «ընդհանուր պետության» գաղափարը, ինչը, փաստորեն, Ղարաբաղի համար նշանակում է լիակատար անկախություն։ Որեւէ որոշակի պայմանավորվածություն ձեռք չի բերվել, եւ, ինչպես նշեց Ռ. Քոչարյանը, երկկողմ հանդիպումները անհրաժեշտություն են, նույնիսկ արժե, որ դրանք տեղի ունենան եռամսյակը մեկ։
Մոսկվա. մեկ տարի անց
Շուրջ մեկ տարի առաջ, երբ ներկա էինք նախորդ գագաթաժողովին, Մոսկվան բարեկեցիկ եւ կուշտ տպավորություն էր թողնում։ Փողոցները մաքուր էին, խանութները՝ առատ, մարդիկ՝ խնամված ու ժպտադեմ։ Այս անգամ տպավորությունը ճնշող էր։ Օգոստոսի 17-ի հետքերը զգացվում էին ամենուր։ Այն կարճ ժամանակահատվածը, որ հաջողվեց փախցնել քաղաքում շրջելու համար, բավական էր, որպեսզի ճնշող պատկերն ամբողջանա։ Քաղաքում մի քանի հայտնի շինություններ կային, որոնք գտնվում էին նորոգման ճիշտ նույն փուլում, ինչ մեկ տարի առաջ։ Հռչակավոր խանութներում խղճուկ վիճակ էր։ Հայերիս մեծ մասին հայտնի «Մանկական աշխարհ» հսկա հանրախանութի վաճառասրահների գրեթե կեսը դատարկ էր, իսկ աշխատողներում տեսականին աղքատ էր այն աստիճան, որ կարելի էր կարծել, թե հայտնվել ես ինչ-որ գավառական շրջկենտրոնում։ Եվ չկային մոսկովյան լեգենդար հերթերը։ Ամեն ինչ կարելի էր գնել ազատ ու հանգիստ։ Ավելի ճիշտ՝ այն, ինչ կար։
Եվ միայն պատանիներն էին անհոգ։ Անվավոր չմուշկներով, միայնակ կամ խումբ-խումբ վխտում էին ամենուր, մեկ-մեկ միանալով իրենց «գաղափարական» հասակակիցներին, որոնց վերջին օրերի ամենասիրած զբաղմունքը օրվա որոշակի ժամի Ամերիկյան դեսպանատան մուտքի մոտ, ի պաշտպանություն սերբերի, մեծ ու փոքր բնական կարիքները հոգալն էր։
ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Մոսկվա-Երեւան