Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեմջյանի թեւը հաղթեց Սողոմոնյանի խմբակին

Ապրիլ 06,1999 00:00
sdhk

Եթե հայ ռամկավարներն ընտրությունից առաջ միավորվեցին, ապա հնչակների հարցը լուծեց հայրենական արդարադատությունը, որին դիմել էին վեճի առարկա երկու կողմերն էլ։ Մարտի 30-ին Արդարադատության նախարարության կոլեգիան հիմք ընդունելով Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունում կատարված ստուգումները, չեղյալ է հայտարարում կուսակցության կանոնադրության փոփոխությունները գրանցելու մասին արդարադատության նախարարի 1998 թ. դեկտեմբերի 29-ի հրամանը եւ որոշում գրանցել կուսակցության 4-րդ համագումարի կողմից ընդունված կանոնադրական փոփոխությունները։

Ավելի պարզեցված պետք է ասել, որ անցյալ տարվա դեկտեմբերին ընդունված որոշմամբ, Արդարադատության նախարարությունը օրինականացրել էր նոյեմբերի 8-ին Էռնեստ Սողոմոնյանի հրավիրած կուսակցական կոնֆերանսը եւ նրա ընդունած կանոնադրական փոփոխությունները։ Մինչդեռ Էռնեստ Սողոմոնյանը որեւէ իրավասություն չուներ հրավիրելու կուսակցական համագումար, քանի որ նա չի եղել նույնիսկ ՍԴՀԿ վարչության անդամ։ Նա, իբրեւ կուսակցական, ատենապետ նշանակվել էր Բեյրութի Կենտրոնական վարչության ատենապետ Վահրիճ Ջերեջյանի որոշմամբ։ Անհասկանալի է, թե ինչը հիմք ընդունելով է, որ Արդարադատության նախարարությունը ըստ էության հաստատել եւ օրինականացրել է արտասահմանից կատարված այս միջամտությունը։ Միայն մարտի 30-ին Արդարադատության նախարարությունը օրինական ճանաչեց 4-րդ համագումարը, ընտրված 15 հոգանոց վարչությամբ եւ Ջորջ Հակոբյանի ատենապետությամբ։

Հնչակյան կուսակցությունը դրան հասավ երկարատեւ պայքարի արդյունքում, որը ղեկավարում եւ ֆինանսավորում էր անգլիահպատակ Վազգեն Կասեմջյանը։ Այս հաղթանակի արդյունքում Էռնեստ Սողոմոնյանը կորցրեց իր քաղաքական կշիռը։ Եթե նախկինում նա լուրջ պայմանավորվածություն ուներ դաշինք կազմելու «Օրինաց երկիր» կուսակցության հետ, ապա այժմ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է անհատական նախաձեռնությամբ։ Դժգոհ են նաեւ ՍԴՀԿ ճանաչված առաջնորդները։ Նրանց կարծիքով, Արդարադատության նախարարության կոլեգիան միտումնավոր է որոշում կայացրել՝ մարտի 30-ին հնարավորություն չտալով կուսակցությանը հանդես գալու համամասնական ընտրակարգով։ Դրա փոխարեն կուսակցությունը հանրապետության տարբեր մարզերում առաջադրել կամ պաշտպանում է 12 մեծամասնական ընտրակարգով քվեարկվող թեկնածուների։

Ա. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930